
Պիեսի հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն. ընդամենը իր իրավացի լինելն ապացուցելու համար զոհվել է զինվորական հայրը, այնուհետեւ տարբեր հանգամանքներում զոհվում են բոլոր 4 զավակները, իսկ ամենավերջում փոքր որդին է ուզում պատերազմ մեկնել: Ու հենց այստեղ է, որ մայրական սերը բախվում է պարտքի գիտակցությանը:
Անկեղծ ասած, ծանր ներկայացում էր. անընդհատ մահի, արյան, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մասին էր խոսք գնում, հերոսներն էլ կարծես սիրահարված էին մահին կամ անծանոթ գեղեցկուհուն, ինչպես բնորոշել էր այն եղբայրներից մեկը: Այս ամենին գումարվում էր գլխավոր հերոսուհու բարձրակրունկ կոշիկների կտկտոցն ու անընդհատ ռադիոյով հնչող սարսափելի բոթերը, ու ամեն ինչ ավելի էր նյարդայնացնում:
Կարծում ենք՝ բանակի 20-ամյակի առիթով կարելի է բանակի ոգին բարձրացնող եւ մայրական սիրո ուժը շեշտադրող այլ գործեր բեմադրել, թեկուզ դարձյալ համաշխարհային գրականությունից: Մանավանդ՝ մռայլության պակաս Հայաստանում կարծես թե չկա:
Կարդացեք նաև
Ի դեպ, անընդհատ կատակերգական ձեւաչափով հանդես եկող Լալա Մնացականյանը ողբերգություն ապրող կնոջ եւ մոր դերում չէր ընկալվում, իմ սուբյեկտիվ տպավորությամբ, նրա խաղը համոզիչ չէր:
Թե ինչո՞ւ է հենց Չապեկի «Մայրը» բեմադրել ու նվիրել բանակի 20-ամյակին, դերասանուհին խոստացավ մեկնաբանել հարմար առիթով՝ պատճառաբանելով զբաղվածությունը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































