
Դեռ ընտրությունները չեն սկսվել, բայց ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի, որ այն կանցնի ազատ արդար, այնպես, ինչպես իշխանությունն է հայտարարում: Այս առնչությամբ մեր հարցին, թե ո՞րն է երաշխիքը ազատ, արդար ընտրության՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ընդդիմության հենց գործառույթը կայանում է նրանում, որ ինքը մշտապես քննադատի գործող իշխանությունների այս կամ այն իրականացրած միջոցառումը եւ միշտ ասի, որ իրենք դա ավելի լավ կարող էին անել: Իշխանությունները պիտի ցույց տան ճիշտ հակառակը, որ այդ ընթացակարգերը կազմակերպում են եւ իրականացնում են շատ ավելի լավ, քան եղել է նախորդ իշխանությունների ժամանակ, իսկ դա փաստ է: Որովհետեւ այս տարիների ընթացքում, իրոք, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում շատ ավելի առաջ է գնացել: Եվ դա բոլորդ տեսնում եք: Դա ոչ թե ուսումնասիրության արդյունքներով եմ ասում, այլ անզեն աչքով շատ տեսանելի է, որ Հայաստանում այս վերջին տարիների ընթացքում քաղաքացիական հասարակությունը լուրջ զարգացում է ապրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































