Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթում հաջողության չհասնելն աշխարհի վերջը չէ

Ապրիլ 03,2012 13:24

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը՝ «նախագահական» մրցույթի մասին

Մասնագետների համոզմամբ՝ ճիշտ կլիներ մրցույթն անցկացնել ոչ թե Սայաթ-Նովայի անվան դպրոցում, այլ օպերային թատրոնում:

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում մարտի 20-30-ը երկու փուլով անցկացվեցին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար դասական երաժշտության ոլորտի 2 անվանակարգերում (երգեցողություն եւ գործիքային կատարում) պայքարող արվեստագետների մրցելույթները: Նախորդ տարիներին «Առավոտը» մշտապես անդրադարձել է «նախագահական» այս մրցույթին եւ տեղյակ է, որ կուլիսային խոսակցությունները հիմնականում ծավալվում են երգեցողություն անվանակարգի շուրջ:

Այս տարի 18 երգիչներից եզրափակիչ փուլ է անցել 6-ը (4 կին, 2 տղամարդ): Երգիչների ժյուրին գլխավորում էր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, անդամներն էին կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ Սվետլանա Կոլոսարյանը, օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանը, օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Օլգա Խաչիկյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մայիսի 29-ին:

«Առավոտը» զրույցի հրավիրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցին, քանի որ նա ժամանակին ընդգրկված է եղել Չայկովսկու եւ Գլինկայի անվան միջազգային հեղինակավոր մրցույթների կազմկոմիտեում ու որի շուրջ 40 ուսանողներ հանրապետական եւ միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ են: Պրոֆեսորը դժվարությամբ համաձայնեց որոշ նկատառումներ ներկայացնել, քանի որ իր 4 ուսանողները մասնակցել էին վերոհիշյալ մրցույթին. «Դեմ էի 3 ուսանողիս մասնակցությանը, մասնավորաբար՝ Թերեզա Գեւորգյանի, ով կատարելագործվում է Լոնդոնի թագավորական ակադեմիայում եւ արդեն մի քանի միջազգային դափնիներ ունի»:

Ռաֆայել Հակոբյանցն ասաց նաեւ, որ կայացած մրցույթի անցկացման վայրը ճիշտ չէր ընտրված, քանի որ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճի ակուստիկան հարիր չէր վոկալիստներին: Նրա համոզմամբ, գրագետ կլիներ, եթե մրցույթի երկրորդ փուլը անցկացվեր Ազգային օպերային թատրոնում՝ նվագախմբի ընկերակցությամբ:

Չբարձրաձայնելով մրցույթի ժյուրիի այն անդամի անունը, որի ուսանողը նույնպես մասնակից է, մեր զրուցակիցը փաստեց, որ միջազգային օրենքներով դա արգելվում է: Ասաց նաեւ, որ «դասական» համարվող մրցույթներում տարիքային սահմանափակումը կանանց մոտ 32 տարեկանն է, տղամարդկանցը՝ 35-ը, հիշեցնելով, որ այս մրցույթի տարիքային սահմանափակումը մեզ մոտ 27-ն է: Անցյալ տարի այս մրցույթի մրցանակի հիմնական հավակնորդ Հայկ Տիգրանյանը (բաս), որ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում զբաղված է, տարիքի պատճառով այս տարի չի կարող մասնակցել «նախագահական» մրցույթին:

«Մեր երգիչների օրինակով (Հասմիկ Պապյան, Գեղամ Գրիգորյան եւ այլն) կարող ենք ասել, որ 30 տարեկանից հետո միայն նրանցից ոմանք ճանաչում ունեցան արեւմուտքում, իսկ, օրինակ, հայտնի բաս Բարսեղ Թումանյանի պարագայում, երբ նա 1986-ին մասնակցում էր Չայկովսկու անվան միջազգային մրցույթին, ժյուրիի անդամներից Եվգենի Նեստերենկոյի ձայնը չհաշվվեց, քանի որ վերջինիս ուսանողն էր Բարսեղը: Իրինա Արխիպովան էլ առաջարկեց 2 առաջին մրցանակի փոխարեն տալ 3-ը, սակայն Բարսեղին բաժին հասավ 2-րդ մրցանակը»,- հայտնեց Ռաֆայել Հակոբյանցը:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ, տարբեր հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր, բարիտոն Գեւորգ Հակոբյանն էլ ժամանակին առաջին անգամ մասնակցելով «նախագահական» մրցույթին՝ չարժանացավ մրցանակի եւ միայն երկրորդ տարին ժյուրին «ուղղեց» իր սխալը: Հարցրինք՝ արդյոք սա չի՞ խոսում ժյուրիի ոչ օբյեկտիվ լինելու մասին: Շրջանցելով մեր հարցը, պարոն Հակոբյանցը պատասխանեց. «1972թ. երգչուհի Արաքս Դավթյանը Անդրկովկասյան մրցույթում, առաջին փուլի 21 մասնակիցների ունկնդրումից հետո, չընդգրկվեց 2-րդ փուլ անցած 18 երգիչների ցանկում կամ՝ անվանի տենոր Գեղամ Գրիգորյանը նույն տարի եւ նույն մրցույթում արժանացավ ընդամենը 2-րդ մրցանակի: Ընդ որում՝ Գեղամ Գրիգորյանը 2-րդ մրցանակի արժանացավ նաեւ 1982թ. Չայկովսկու անվան միջազգային մրցույթում՝ քաղաքական նկատառումներով՝ այդ տարիներին երգիչը «նեվիեզդնոյ» էր: Մի խոսքով՝ այս կամ այն մրցույթում հաջողության չհասնելը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջն է…»:

Անդրադառնալով «նախագահական» մրցույթին՝ Ռաֆայել Հակոբյանցը կարծիք հայտնեց, թե կուլիսային խոսակցություններին վերջ տալու համար պետք է արդյունքները հնարավորինս շուտ հայտարարել, այլ ոչ թե սպասել 2 ամիս:

Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, ինչպես անցյալ, այնպես էլ այս, «երգեցողություն» անվանակարգում երիտասարդական մրցանակ չի շնորհվի, թեեւ կանանց դեպքում շրջանառվում է երկու անուն՝  Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյան եւ Երեւանի կոնսերվատորիայում վարպետության դասերի հաճախող Մերի Մովսիսյան, որոնք երկուսն էլ անվանի մանկավարժ Աննա Սարաջեւայի սաներն են: Այս «մասով» Ռաֆայել Հակոբյանցի պատասխանը լռությունն էր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30