Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբման պատրանք

Ապրիլ 04,2012 13:04

«Մեր քաղաքական թիմը երկար եւ բուռն քննարկումներից հետո գումարեց համագումար եւ վարչության նիստ ու ձայների մեծամասնությամբ որոշեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին այսինչ ցուցակով, որովհետեւ մեր կուսակցություններն ունեն ծրագրային ընդհանրություններ եւ գաղափարապես մոտիկ են»: Մոտավորապես այդպես են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներում իրենց հայտնվելը բացատրում «Ազգային միաբանության», ՔԴՄ-ի, ՍԻՄ-ի, ՄԱԿ-ի, Ուրիխանյանի առաջադիմականների առաջնորդները: Իրականում ոչ մի լարված ու դրամատիկ քննարկումներ չեն եղել, որովհետեւ, ըստ էության, չկան քաղաքական թիմեր եւ ծրագրային դրույթներ. կան անհատներ՝ համակրելի եւ ոչ այնքան, այդ անհատներն ունեն հավակնություններ՝ առողջ կամ անառողջ, նրանց կողքին թերեւս կարող է լինել նաեւ համախոհների խմբակ, իսկ գլխավոր «ծրագրային դրույթը» պատգամավոր դառնալն է՝ մեծ կուսակցության «պոչից բռնած»: Դա միանգամայն բնականոն ձգտում է, եւ թվարկած «կուսակցությունների» լիդերները, հավանաբար, նորմալ պատգամավորներ կդառնան: Պարզապես պետք չէ առասպելներ պատմել թիմի «տանջալից որոշումների» եւ «գաղափարական ընդհանրությունների» մասին, պարզ չէ՞, որ այդ որոշումներն ընդունվում են միանձնյա՝ հենց պատգամավորական հավակնություններ ունեցողների կողմից: Ի դեպ, ՕԵԿ-ը, որին շատ են սիրում «քլնգել» ընդդիմադիրները եւ երբեմն նաեւ իշխանամետները, ապացուցեց, որ, այնուամենայնիվ, առանձին քաղաքական թիմ է եւ ՀՀԿ-ի մեջ չձուլված է գնում ընտրությունների:

ՀԱԿ-ում վիճակը մոտավորապես նույնն է՝ այնտեղ չկան 17 կուսակցություններ, կա, որոշ վերապահումներով, երեք կուսակցություն՝ ՀՀՇ-ն, «Հանրապետությունը» եւ ՀԺԿ-ն, ինչպես նաեւ անհատներ, որոնք ներկայացնում են Լիբերալ կուսակցությունը, ԺՈՒԿ-ը, «Ժողովրդավարական Հայաստան»-ը, «Ազատություն» կուսակցություն, ՍԴՀԿ-ն եւ այլն: Նրանք բոլորը հարգանքի արժանի մարդիկ են, եւ շատ ճիշտ կլինի, որ հայտնվեն խորհրդարանում, սակայն ինչի՞ համար է պետք քաղաքական դաշտի համախմբման այդ իմիտացիան: Միեւնույն է՝ ոչ ոք չի հավատում, որ նշված «կուսակցություններում» իրար հետ գումարած մի քանի հարյուր մարդուց ավելի կա: Ի վերջո, տրամաբանական կլիներ, որ ՀԱԿ-ն էլ իրեն հռչակեր կուսակցություն, եւ դրա նախադրյալը հենց այն է, որ այդ քաղաքական ուժը հանդես է գալիս բոլոր ոլորտներին վերաբերող ծրագրերով (ի դեպ, շատ հետաքրքիր եւ գրագետ կազմված), որոնք ակնհայտորեն գրվել են ոչ թե «17 կուսակցություններում», այլ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:

Եթե այդ երեք՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ ցուցակներում ընդգրկվածները հրաժարվեն կուսակցապետ լինելու իրենց ամբիցիաներից եւ ներկայանան որպես ՀՀԿ-ականներ, ԲՀԿ-ականներ եւ ՀԱԿ-ականներ, քաղաքական դաշտը ավելի «կպարզաջրվի» եւ կօպտիմալացվի: Բայց հայերից սպասել, որ նրանք կհրաժարվեն նույնիսկ ֆիկտիվ կառույցի առաջին դեմք հռչակվելուց, բավականին դժվար է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30