
Aravot.am-ի տեղեկություններով, ինչը նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էր հաստատել, այս կուսակցությունը առանձին ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի իր քվոտաներով նշանակել էր ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Խուրշուդյանի ասելով, նման ՏԸՀ-ներ կան մասնավորապես Հրազդանում, որտեղ «Ժառանգության» քվոտաներով լիցենզավորվել ու նշանակվել են Սասուն Միքայելյանի մատնանշած անձինք: Խոսքը, մեր տեղեկություններով, մոտավորապես 40 ընտրատեղամասերի մասին է, նաեւ մեծապես՝ Արարատի մարզում ու մասնավորապես Թալինում եւ Մասիսում՝ 10-15 տեղ, որտեղ «Ժառանգության» քվոտաներով լիցենզիա են ստացել ու հանձնաժողովներում ընդգրկվել են ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած անձինք:
«Ժառանգության» ներկայացուցչի ասելով, կուսակցությունը ՏԸՀ-ներում իրեն հատկացված տեղերը համալրել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով: «Իսկ այդ բաց թողնված տեղամասերն ընդամենը մի քանիսն են, որոնք մատների վրա կարելի է հաշվել. դրանք նույնիսկ տասը չեն անցնում»,- հավաստիացրեց Հովսեփ Խուրշուդյանն ու ի հավելումն մեր հարցի, ասաց, թե այս պահի դրությամբ ՀՀ տարածքում գործող մոտ 2000 ընտրական տեղամասերի գերակշիռ հատվածում, բացի մատնանշված մի քանի տեղամասերից, «Ժառանգությունն» արդեն նշանակումներն արել է:
Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, թե նույն Մասիս քաղաքի ընտրական տեղամասերում «Ժառանգության» քվոտայով նշանակվել են ԲՀԿ-ն ներկայացնող հանձնաժողովականներ: Խուրշուդյանը հերքեց նաեւ այդ տեղեկությունը: «Նման բան չկա: Ես էլի եմ ասում՝ մենք այնտեղ նշանակել ենք մեր մարդկանց: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս էին մնացել գործընթացից՝ չէին անցել որակավորման փուլն ու համապատասխան լիցենզիա չէին ստացել, չեմ բացառում, որ տեղի մեր ստորաբաժանման ներկայացուցիչը, համագործակցելով ԲՀԿ-ի տեղական կառույցի հետ, նրանց քվոտաներով մարդկանց լիցենզավորած եւ նշանակած լինի: Բայց դրանք բոլորն էլ մեր՝ «Ժառանգության» ներկայացուցիչներն են»,-ասաց նա:

















































