Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքից բա՞րձր

Մայիս 18,2012 13:26

Շաբաթվա սկզբին հայ ժողովուրդը կրկին կենտրոնացավ միասեռականների վրա՝ հավանաբար գիտակցելով, որ ընտրությունների թեման վերջնականապես սպառվել է: Պատճառը  հայտնի է՝ DIY ակումբում տեղի ունեցած հրկիզումները, որոնք, ըստ երեւույթին, իրականացրել են ազգային ոգով տոգորված պատանիները: Այդ ձեւով նրանք իբր պայքարում են միասեռականության դեմ: Դա, իհարկե, հրաշալի առիթ է, որ տիկին (կամ պարոն) Ծոմակը զբաղվի ինքնագովազդով եւ լուսավոր Եվրոպայի առաջ ներկայանա որպես անհանդուրժողականության զոհ, ինչպես նաեւ լավ առիթ է՝ հիշեցնելու քաղաքապետարանին, որ այդ պետական կառույցը չթույլատրի նման ակումբների գործունեությունը բնակելի շենքերի նկուղներում: Սոդիմիտները, իհարկե, իրավունք ունեն հավաքվելու եւ միասին ժամանակ անցկացնելու, բայց ես եւ իմ երեխան իրավունք ունենք նրանց այդ «շփումներին» որեւէ ձեւով հաղորդակից չլինելու:

Բայց հետաքրքիրը միասեռականները եւ «հերոսացող» պատանիները չեն: Շատ ավելի հետաքրքիր է եւ ինձ համար ապշեցուցիչ հասարակության վերաբերմունքը այդ միջադեպին: Ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ չափազանց բարձր կրթություն ու մտավոր զարգացում ունեցող մարդիկ մասնավոր զրույցներում ինձ ասում են՝ «այո, նրանց բոլորին պետք է վառել»: Այսինքն՝ անհանդուրժելի, բացասական երեւույթների դեմ պայքարում մեր քաղաքացիների երեւակայությունը բռնություններից այն կողմ չի գնում: Ի՞նչ են անում քաղաքակիրթ երկրում այն մարդիկ, որոնց, ենթադրենք, այս կամ այն ակումբը դուր չի գալիս: Նրանք խաղաղ պիկետ են անում այդ ակումբի մոտ՝ պահանջելով այդ ակումբը տվյալ համայնքից հեռացնել: Կամ դիմում  են իրենց կողմից ընտրված տեղական վարչակազմին՝ պահանջով: Վերջապես, պահանջում են բարձրագույն օրենսդիր մարմնից՝ համապատասխան օրենք ընդունել: Ի՞նչ ենք առաջարկում մենք՝ վառել, սպանել, ջարդել-փշրել:

Մեզանից շատերի մեջ այս կամ այն չափով Նաիրի Հունանյան կամ Բրեյվիկ է նստած, որը կարծում է, թե կարելի է խախտել մարդկային եւ պետական օրենքները՝ հանուն ինչ-որ գաղափարի, որը մեզ վեհ է թվում, կամ որը մենք փորձում ենք որպես այդպիսին ներկայացնել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ միասեռականների ակումբը հրկիզողները պարզապես խուլիգաններ են կամ ինչ-որ անձնական խնդիրներ են լուծում: Խոսքս նրանց մասին չէ, այլ հասարակության մեծ մասի, որը հրկիզումն ընկալում է որպես «գաղափարական պայքարի» մաս:

Իսկ «վեհ գաղափարներից» մինչեւ սովորական մորթապաշտությունը, ինչպես հայտնի է, մի քայլ է: Հիշում եմ, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարներն այդպես էին արդարացնում իրենց հանցագործությունները՝ «բա կարո՞ղ ա թողնեինք, որ Ստյոպիկը նախագահ դառնա»: Այսինքն՝ նրանք ուզում էին համոզել, որ իրենց արարքների շարժառիթը ոչ թե սեփական գրպանն ու պաշտոնն են, այլ «բարձրագույն պետական շահերը»: Իրականում գրված եւ չգրված օրենքները հարգելուց ավելի բարձր պետական եւ ազգային շահ չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031