
Այսպիսով, երևանյան հերթական կառույցն է հայտնվում օլիգարխիական ախորժակի երախում: Մյուս կողմից` որևէ վատ բան չկա, եթե նորոգվում են, թարմացվում են, նորացվում են երևանյան շենքերը, և եթե այդ ամենն արվում է ճաշակով և ճարտարապետական տեսքի պահպանմամբ, եթե, իհարկե, տեսքը արժանի է պահպանվելուն: Ի վերջո, Երևանում կան շատ կառույցներ, որոնց տեսքը պետք է փոխել, որքան էլ որ դրանք ներկայումս, այսպես ասած, մշակութային արժեք են հռչակված: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը «Փակ շուկայի» ճարտարապետական տեսքի շուրջ բանավեճը չէ, քանի որ դրա համար պարզապես պետք է լինել մասնագետ և մասնագիտորեն ներկայացնել առավելությունները կամ թերությունները, որպեսզի ոչ մասնագետները ըստ այդմ կարողանան իրենց վերաբերմունքը որոշել՝ պահել, թե չպահել, ինչը քանդել, իսկ ինչը՝ ոչ: Խնդիրն այստեղ այդ ամենի կատարման ձևն է, երբ պատկան մարմինները որևէ կերպ հարկ չեն համարում քաղաքացիներին սպառիչ պարզաբանումներ տալ տեղի ունեցողի վերաբերյալ, երբ կառուցապատողները հարկ չեն համարում գոնե ձևի համար պահել սահմանված կարգն ու ամեն ինչ անել ըստ ընթացակարգի, հաշվի առնելով երկրի օրենքները, իրավական նորմերն ու քաղաքացիներին: Բայց օլիգարխիան այդ ամենը անգամ ձևականորեն հարկ չի համարում պահել, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ որևէ պարզաբանում տալիս է միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ հասարակական պահանջն աճում է ձնագնդի նման: Ահա սա է տվյալ պարագայում ամենամեծ խնդիրը, որ ձեռք ձեռքի տված հասունացնում են քաղաքապետարանն ու օլիգարխիան: Եվ այստեղ, մեծ հաշվով, առաջնային պլանում ոչ թե «Փակ շուկայի», այլ փակ համակարգը բացելու, այդ համակարգին բացություն պարտադրելու խնդիրն է, որ պետք է լուծի հասարակությունը: Այդ փակ համակարգին պետք է պարտադրել բաց, թափանցիկ, հաշվետու գործելաոճ, իսկ մնացյալ հարցերը, թե ինչ կարելի է քանդել, իսկ ինչ չի կարելի, կգան արդեն դրանից հետո:
«Ժամանակ»


















































