
Վերջին տարիներին բժիշկներին ծեծելու մի քանի դեպք արձանագրվեց: Նախարարը հիշեց Շիրակի մարզի դեպքը, երբ ծեծի էր ենթարկվել շտապօգնության բժիշկը. «Մենք դատապարտեցինք, մասնագիտական պարտավորությունները կատարելիս էր եղել, շատ ցավալի դեպք էր: Վերջին դեպքը եւս շատ ցավալի էր, ճիշտ է, կենցաղային դեպք է, բայց էլի ես շատ ցավում եմ»:
Նախարարը նշեց, որ իր ոլորտում անելիքներ շատ կան: Մեր դիտարկմանը, որ պարոն Քուշկյանը սայլը տեղից շարժել էր՝ նախարարը պատասխանեց. « Ինչքան էլ Քուշկյանն առաջ է տարել, էլի գործերը շատ են: Անելիքներ շատ կան՝ բոլոր ոլորտներում»: Մեր հարցին՝ թերացումներ չկա՞ն՝ պարոն Դումանյանը պատասխանեց. «Առաջին 4 օրն է, դեռ չեմ նկատել: Երկար տարիներ եղել եմ համակարգում, վերջին 8 տարին որ չկամ՝ բոլոր մանրամասները հարցնում եմ, ծանոթանում եմ»:
Նախարարը չհամաձայնեց, որ առողջապահական համակարգում կոռուպցիան շատ է, եւ որ բժշկի գրպանը շարունակվում են գումարներ մտնել. «Ինքս չեմ տվել, չգիտեմ, բայց չեմ ժխտում, որ կարող են նման դեպքեր լինել»: Նա տեղեկացնելով, որ այսօր բժշկի, բուժաշխատողների օրն է, հորդորեց գոնե այսօր վատ բաներից չխոսել. «Եկեք շնորհավորենք նրանց, ցանկանանք, որ առողջ լինեն, ցանկանանք, որ ապահովված լինեն, որ գրպանը որեւէ մեկի առջեւ չբացեն: Վստահ եղեք, բժիշկ մասնագետները հպարտ են, իրենց համար հաճելի չի նույնիսկ գրպան բացելը, եկեք այսօր հաճելի բաներից խոսենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































