Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ին երեք քայլ առաջարկեց

Հունիս 25,2012 19:56

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր բյուրոյի զեկույցը՝ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հարմար առիթը չկորցրեց եւս մեկ անգամ ԼՂ հիմնախնդրին անդրադարձ կատարելու համար:

Բայց մինչ այդ նա հայտարարեց, թե իր երկրի նախագահ Իլհամ Ալիեւը շատ բանտարկյալների բանտերից ազատ արձակելու հրամանագիր է ստորագրել: Հետո հայտարարեց, թե ԵԽԽՎ-ն անհանգստանում է Սիրիայում եւ այլ երկրներում առկա զինված դիմադրություններով, բայց նա պետք է լուծի Եվրոպայի ներսում առկա հիմնախնդիրները, որոնցից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի հարցն է: «Մենք ամեն ինչ անում ենք, որ հանդիպում կայանա հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, որ կողմերը քննարկեն այդ ԼՂ հարցը, բայց այ հայերը երկխոսելու առաջարկն ընդունելու քաղաքական կամք չունեն»: Սեիդովը երկխոսություն ասելով՝ նկատի ուներ ԵԽԽՎ հովանու ներքո ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովը, որի առնչությամբ հայաստանյան պատվիրակության վերաբերմունքը բացասական է:
Սեիդովը ԵԽԽՎ-ին հորդորեց կոչ անել Հայաստանին, գոնե, համատեղ քննարկվեն նման հարցերը: «Մենք երկխոսության կողմնակից ենք եւ կարծում ենք, որ դա շատ կարեւոր է Եվրոպայի խորհրդի համար»,- ասաց Սեիդովը:
Նրան հաջորդող ելույթը հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանինն էր. «Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտված են: Այս ընտրությունները նշանակալի քայլ էին առաջ, ինչպես արդարացիորեն նշել են բազմաթիվ միջազգային դիտորդներ, դիվանագետներ, լրագրողներ, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ: Միեւնույն ժամանակ, մենք բնավ չենք ասի, որ ընտրություններն իդեալական էին: Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել բարեփոխելու ընտրական օրենսգիրքը, ժողովրդավարական, քաղաքական մշակույթը եւ առաջ կընթանա դեպի 2013 թվականի նախագահական ընտրություններ:

Ինչ վերաբերում է զեկույցին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին, ապա ես Բյուրոյում արդեն ներկայացրել եմ իմ քննադատական գնահատականը: Ես չեմ պատրաստվում կրկնել իմ հայտարարությունը. ում դա հետաքրքիր է` կարող է անել Բյուրոյի արձանագրությունների մեջ»:

Դավիթ Հարությունյանը միաժամանակ առաջարկեց որոշակի քայլեր կատարել, որոնք պետք է ուղղված լինեն ԵԽԽՎ-ի` որպես արդար միջնորդի, վարկանիշի ու վստահության ամրապնդմանը` որպես ընտրական հետագա մոնիտորինգի համար»:

Նա թվարկեց երեք քայլ: Ըստ դրանցից առաջինի՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է դիտարկի եւ ներկայացնի սեփական զեկույցը եւ այդ զեկույցը պետք է հիմնված լինի ուղղակի դիտարկումների, կամ ստուգված փաստերի վրա, կամ գոնե հստակ հղումներ պետք է արվեն այն ժամանակ, երբ մասնավորապես մեջբերվում է այլ դիտորդական առաքելությունների կարծիքը:

Ըստ Դավիթ Հարությունյանի առաջարկած երկրորդ քայլի՝ նույնիսկ ժամանակային ճնշման պայմաններում՝ զեկույցի նախագիծը նախապես պետք է քննարկվի դիտորդական առաքելության բոլոր անդամների հետ, նրանց մեկնաբանությունների հնարավորություն ընձեռելով. «Այլ կերպ ասած՝ զեկույցը պետք է պատրաստվի բաց եւ թափանցիկ ձեւով, բոլոր անդամների, այլ ոչ միայն պատվիրակության ղեկավարի ներդրմամբ»:

Եվ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի առաջարկած երրորդ քայլն էր. «Դիտորդական առաքելությանն աջակցող աշխատակազմը պետք է լինի անաչառ: Դա այդպես չէր Հայաստանի դեպքում, որտեղ ԵԱՀԿ առաքելությանն աջակցողներից մեկը ոչ միայն հարում էր ընդդիմադիր ուժին, այլ նույնիսկ հայտնվել էր այդ ուժի հեռուստատեսային որոշ քաղաքական գովազդներում: Մենք պետք է ներկայացնենք հատուկ ընթացակարգեր՝ ապահովելու համար քաղաքական բացարձակ չեզոքությունը: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է կանոն սահմանենք, որ հավաքագրված աշխատակազմը պետք է ստորագրի հայտարարություն շահերի բախման բացակայության մասին»:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ Սեյիդովի հայտարարությանը, եւ ասաց, թե հայկական կողմը պատրաստ է երկխոսությանը, եւ անգամ միակողմանի առաջարկ է արել դադարեցնել հարձակումներն իրար դեմ, բայց ադրբեջանական կողմը դա չի ընդունել: Այդուհանդերձ, նա ասաց, որ հայկական կողմը երկոսելու համար համապատասխան մթնոլորտ կստեղծի:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930