
Ռ. Մարտիրոսյանը սկսել թվարկել օրինազանց դատախազների, քննիչների անունները, հավելելով, որ ինքը նիստը նախագահող Սամվել Մարդանյանի դեմ 2002թ. «Իրավունք հետաքննություն» թերթում հոդված է հրապարակել: Իրավապաշտպանը հարցեր էր ուղղում ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին, երբ դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դահլիճից խմիչքի վատ հոտ է գալիս եւ հարցրեց, թե ով է ոգելից խմիչք օգտագործել: Ամբաստանյալ զինվորներից մեկի հայրը ոտքի կանգնեց, դատավորը նրան դահլիճից դուրս հրավիրեց: Դրանից հետո դատավորն ասաց, որ խմիչքի հոտը Ռուբեն Մարտիրոսյանից է: Վերջինս հարցաքննվող Հակոբ Մանուկյանի դեմ-դիմաց, դատավորին մոտ էր նստած: Ս. Մարդանյանն ասաց, որ Ռուբեն Մարտիրոսյանը գինովցած է,«խմած» եւ ամպագորգոռ հայտարարություներ է անում: Իրավապաշտպանը, ըստ էության չժխտեց, որ ոգելից խմիչք է օգտագործել, ասելով, որ «օգտագործած» բառն այլ բան է նշանակում, «խմածը»՝ ուրիշ: Դատավորը դատական սանկցիա կիրառելով՝ դուրս հրավիրեց Ռուբեն Մարտիրոսյանին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում Ռուբեն Մարտիրոսյանի վարքագիծը համարեց շատ պատշաճ, իրավիճակին համարժեք: Շուշանյանի խոսքերով՝ նիստեր են եղել, որ Ռուբեն Մարտիրոսյանը շատ ավելի սուր հայտարարություններ է արել: Դատական հաջորդ նիստին, որը կկայանա հուլիսի 10-ին, Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը կշարունակվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































