Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի էտ տուտուզը նկարեցի՞ր». Ծաղրանկարիչ Արզօն չի վախենում քննադատվելուց

Օգոստոս 07,2012 22:41

 

«Ծաղրանկարը այն մերկ գիծն է, որի էության իսկությունը մտքի ծիծաղն է: Ես պետք է իմ ծաղրանկարներով կմճտեմ, ցավ պատճառեմ, ասելիք ունենամ »: Ծաղրանկարիչ Արզօն է այսպես ասում: Ծաղրանկարչությամբ նա սկսել է զբաղվել դեռ 90-ականներից, երբ Հայաստանում մամուլի վերածննդին զուգահեռ ծաղկեց նաեւ ծաղրանկարչությունը: Այդ տարիներին էր, որ թերթն, առանց ծաղրանկարի, ոչինչ էր: Իսկ ծաղրանկարչի կրթություն Արզօն չի էլ ստացել, չկա նման հատուկ մասնագիտացում, գեղանկարիչ է, պարզապես անընդհատ փորձելով, նկարելով դարձել է ժամանակի ամենապահանջված ծաղրանակարիչներից մեկը:  Հիմա հայացք դեպի այդ անցյալը եւ ներկան, ծաղրանկարչի եւ նրա ապագա դերի եւ գործերի մասին զրուցում ենք Արզօյի հետ:

 

90-ականներին իր քաղաքական ծաղրանկարներով հայտնի Արզօն բոլոր ժամանակների գլխավոր թեման համարում է սերը. «Ինչքան էլ, որ խնդիրները շատ լինեն, ստեղծագործողի համար առաջին թեման սերն է, չէ՞ որ աշխարհի արարումից հետո երկրորդ թեման սերն է եղել»,- ասում է նա: Հիմա նրա աշխատանքներում գերակշռում են կինը, սերը եւ սեքսը:  «Ծաղրանկար անելիս ես կարեւորում եմ, որ այն տարբերվի լուսանկարից, տարբերվի նաեւ գեղարվեստական այլ աշխատանքներից. ես պետք է ասելիք ունենամ, այն, ինչ դու մտածում ես եւ նկարում ես, չի կարող անել լուսանկարչական ապարատի խցիկը: Ծաղրանկարները մտրակի դեր են կատարում»,- ասում է նա: Նկարները հիմնականում լրագրողական նյութերից  են «սնվում», որոնք իհարկե կյանքի  ծնունդ են: «Ես կյանքի մարդ եմ, ինձ համար ամենամեծ սնունդը կյանքն է: Իմ ծաղրանկարները կյանքի մասին են»,- ասում է Արզօն: 94 թվականից «Հայք» քաղաքական թերթում աշխատելով՝ սկսեց  քաղաքական ծաղրանկարներ անել, իսկ  իր գործերը լայն հանրությանը ներկայացնում է  ցուցահանդեսից ցուցահանդես, այն էլ ոչ պարբերաբար. 2000 թվականին էր «Մերկ գիծ» խորագրով առաջին ցուցահանդեսը, դրան տասը տարի ուշացումով հաջորդեց «Մութ կյանքի լույս գիծը» խորագրով ցուցահանդեսը: Հիմա նա իր ծաղրանկարը տպագրում է քաղաքական թերթերից մեկում: Ծաղրանկարիչը  իր «կմճտոցների» համար երբեք էլ խնդիրներ չի ունեցել, միայն մի դեպք է հիշում. «Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության նախագահն էր, 98 թվականին բացվեց Խանջյան 27 սրճարանը, քաղաքական դիմանկարներ էի այնտեղ անում, Վանո Սիրադեղյանը ասաց. «Բոլորին սիրուն ես նկարում», ասացի` հո սիրուն մտքով չե՞մ նկարել»: Արզօ ծաղրանկարչի համար ամենամեծ գնահատականը այն է, երբ իր նկարը ծիծաղ է առաջացնում. «Ես իմ նկարների վրա չեմ ուրախանում, ես առավել շատ մղկտում եմ, թե ինչի ա սենց, ուրախանում են լավ բանից…»,- ասում է նա: Ծաղրանկարչի դերի արժեզրկումն է հիմա տխրեցնում Արզօին, ասում է՝ թող բոլորին չթվա, թե ծաղրանկարիչներ չկան,  շատ կան, բայց բոլորն էլ այլ գործերով են զբաղված, այստեղ այս գործի պահանջարկը չկա: «Մեզ պետք չեն էլիտար շենքեր, մեզ կուլտուրա է պետք»,- վրդովվում է ծաղրանկարիչը: Հիմա  շարունակում է իր գործը, ցանկանում է նոր խոսքով հանդես գալ, այս ոլորտը հետաքրքիր դարձնել նաեւ երիտասարդների համար. «Էլի էտ տուտուզը նկարեցի՞ր» ինձ միշտ ասում էին իմ ընկերները, իսկ ես ուզում եմ դրանով ցույց տալ, որ մարդիկ միշտ «հետույքային» են մտածում, նաեւ մարմնի գեղեցիկ մաս է, ես նկատել եմ, որ հենց այդ նկարներն են եղել սիրելի երիտասարդության կողմից: Ես միշտ ասել եմ, առաջին քայլը ես անեմ, թող ինձ քարկործեն»,- ասում է նա:  Ծաղրանկարիչը ժպիտ, հումոր,  նաեւ պայթող ծիծաղ պարգեւողն է, իսկ ի՞նչ է իրականում կատարվում նրա հոգում. «Երբ փոքր տարիքի նկարներս եմ նայում, աչքերս շատ տխուր են: Ես այլ մարդկանց հետ, ընկերներիս հետ շատ ուրախ եմ, բայց առանձին վերցրած, ես տխուր մարդ եմ, ցավը այնքան շատ է…»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031