
Մեր զրուցակիցը պատմում է նաեւ, որ ազատման հրամանը դեռ չեղած, առավոտյան, ինքը դիմել է դիմումը ետ վերցնելու համար: Աշխատանքային օրենսգիրքը հնարավորություն է տալիս դիմումատուին՝ երեք օրվա ընթացքում ետ վերցնել դիմումը: Սակայն, Եդիգարյանի այդ դիմումին ընթացք չեն տվել, ձգձգել են մինչեւ երեկո, մինչեւ որ իր ազատման հրամանը եղել է, հետո նոր մուտքագրել են այդ դիմումը: Եդիգարյանը նամակով դիմել է պատկան վերադաս պետական ատյաններին եւ այժմ կառավարության կայքում հետեւում է իր դիմումի ընթացքին: Խոստացել են ամսի 14-ին պատասխանել: Կախված պատասխանից՝ նա կորոշի՝ դիմե՞լ դատական ատյաններին, թե՝ ոչ: «Ուրիշ ժամանակ մի տառ պակաս է լինում՝ ետ են վերադարձնում, թե՝ ուղղեք: Բայց հիմա՝ առանց ամսաթվի մուտքագրել եւ ընթացք են տվել»,- վրդովված պատմում է Գրիշա Եդիգարյանը:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է տրվել պարտադրանքին եւ համաձայնել՝ ազատման դիմում գրել, Եդիգարյանը պատասխանեց. «Ասացի՝ գնամ արձակուրդ գամ, հետո՝ դիմում կգրեմ: Իմ հասանելիք, հերթական արձակուրդն էր: Ասեցին՝ չէ, ի՞նչ արձակուրդ: Ասացի՝ կարող է աշխատանքի տեղ եմ փնտրում կամ մի բան: Իրենք էլ՝ բա չէ: Ես էլ ասացի, որ չմտածեք թե կառչել եմ իմ պաշտոնից ու չեմ ուզում դուրս գամ, որպեսզի կասկած չունենաք, որ խնդիր ունեմ էս պաշտոնը պահելու…Խնդիրը դա է, որ ես չէի կառչել այդ պաշտոնից»: Եդիգարյանը պնդում է, որ անձնական հակասություններ չէին կարող լինել, քանի որ ընդամենը 1,5-2 ամիս է նախարարի հետ աշխատում. «Պարզ ասեմ, հիմա ես կանգնեմ նախարարի մոտ՝ ինքն ինձ հավանական ա, որ չի ճանաչի: Ընդամենը մեկ անգամ ենք հանդիպել»: Նկատենք, որ Եդիգարյանն իր պաշտոնում աշխատել է հինգ տարի:
Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք դա քաղաքական հետապնդում է, մեր զրուցակիցն ասաց, որ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կա: «Այդ երկու օրերի խոսակցություններից ես մի բան հասկացա՝ էդ մարդիկ չեն անձնավորում իմ անձի հետ կապված: Ոչ էլ աշխատանքի հետ կապված խնդիր կա, որ ստուգեին ու թերություններ հայտնաբերեին: Եթե չեն անձնավորում, աշխատանքային խնդիր էլ չկա, մնում է քաղաքականը: Ուրիշ տարբերակ չկա»: Գրիշա Եդիգարյանը տեղեկացրեց նաեւ, որ այդ հարցերը նախարարի հետ չի քննարկվել, այլ նախարարության աշխատակցի միջոցով է ամենն իրեն փոխանցվել:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Արագածոտնի մարզի քաղաքաշինության տեսչության բաժնի պետն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Իսկ Քաղծառայության խորհրդի մամուլի քարտուղարն ի պատասխան մեր հարցի ասաց, որ իրենք խիստ դատապարտում են քաղծառայողների նկատմամբ օրենքից դուրս քայլերը, եւ խորհրդի նախագահը քանիցս խոսել է այդ մասին: Նա նաեւ հորդորեց, որ նման դեպքերում քաղաքացիները դիմեն իրենց, ինչի հիման վրա ուսումնասիրություններ կիրականացվեն, հարցին համապատասխան լուծում կտրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































