
Գարիկ Պապոյանն ու Նարինե Դովլաթյանը համատեղ նոր տեսահոլովակ են նկարահանում, որի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերին: Երգը կոչվում է «Opposite Things». հեղինակը, ինչպես նաև գործիքավորողը Գարիկն է: Bravo.am-ի հետ զրույցում Նարինեն նշել է, որ ինքը և Գարիկը լավ ընկերներ են, ունեն երաժշտական գրեթե նույն ճաշակը, եւ որոշել են միասին «լավ ու հետաքրքիր» նոր գործ ստեղծել. «Ես երգում եմ, իսկ Գարիկը` նվագում: Փոփ-ռոք ոճի այս երգը Գարիկն ինձ առաջարկել է երգել դեռ անցյալ տարի, բայց զբաղվածության պատճառով միայն վերջերս հանդիպեցինք ու ձայնագրվեցինք: Տեսահոլովակի մտահղացման, սցենարի հեղինակը ևս Գարիկն է»: Քանի որ վերջերս ասեկոսեները շատ էին Նարինեի և Գարիկի սիրավեպի մասին, Նարինեն ճշտում մտցնելով այդ ամենում՝ ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հղում տալով mamul.am-ի հոդվածը, գրել է. «Ես ու Գարիկը լավ ընկերներ ենք, ուրիշ թեմա գտեք հետաքրքիր երևալու համար»:
«Վարդան Բադալյանն աշնանը պատրաստվում է ներկայացնել ժողովրդական ու գուսանական երգերով նոր ձայնասկավառակ».-այս մասին գրել է Bravo.am-ը, «Բացի ժողովրդական գործերից, ալբոմում ընդգրկվելու են գուսան Շահենի, Շերամի երգերից, նաեւ Խաչատուր Ավետիսյանի, Սասուն Պասկեւիչյանի հեղինակային ստեղծագործություններից: Դրանցից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանենք, բայց դեռ չեմ կողմնորոշվում` որ երգն ընտրել» -ասել է երգիչը:
Սելենա Գոմեսի և Ջասթին Բիբերի սիրավեպի մասին խոսակցությունները շարունակվում են, շատերը կարծում են, թե դա ի վերջո կավարտվի ամուսնական շքեղ արարողությամբ, սակայն երգչուհին «Teen Vogue» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ պետք չէ իրենց սիրային կապը լուրջ ընդունել. «Ես ընդամենը 20 տարեկան եմ, եւ մենք ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին: Այժմ անձնական կյանքումս ոչինչ լուրջ չեմ ընդունում: Գիտեմ, որ սերը դեռևս գալու է» -նշել է Սելենա Գոմեսը:
Էլթոն Ջոնը Մադոննային անվանել է «տոնավաճառի մերկապարուհի», ասելով. «Ներողություն, նրա կարիերան ավարտված է: Նրա շրջագայությունը աղետ է, և ոչ մի դեպքում չի կարելի նրա ելույթները մեծ համերգ անվանել: Եթե Մադոննան առողջ դատողություն ունենար, նա զերծ կմնար պարելուց և կներկայանար որպես մեծ փոփ երգիչ՝ հիանալի փոփ երգերով, որոնք նա հիանալիորեն է կատարում: Բայց ոչ, նա պետք է ապացուցի, որ… Նա կարծես տոնավաճառի մերկապարուհի լինի»:
Տիգրանուհի Թասլակյան


















































