Լրահոս
Օրվա լրահոսը

Անցնող շաբաթվա շոուբիզնեսյան ինտրիգները

Օգոստոս 11,2012 22:51

Հավանաբար արդեն երրորդ շաբաթն է, ինչ չենք դադարում խոսել «Նոր ալիք» մրցույթի ու նրա մասնակիցների մասին: Սակայն այսօր ձեզ եմ ներկայացնում ոչ թե նորություններ հենց մրցույթի մասին, այլ խոսքեր՝ ուղղված այս տարվա Հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանին: «Ձկան աչքը» գրել է, որ Սոնա Շահգելդյանը նեղացել է Սուրենից նրա համար, որ լրագրողի այն հարցին, թե պարտադի՞ր է արդյոք ռուսերենի իմացությունը միջազգային մրցույթների մասնակցելու համար, երգիչը պատասխանել է, որ այո´, պարտադիր է։  «Սոնա Շահգելդյանն էլ ոչ տարել, ոչ բերել ու Սուրեն Առուստամյանի հասցեին շփփցրել ա. «Սուրենին ասուլիսներից մեկի ժամանակ հարց են տվել՝ իսկ ռուսերենը պարտադի՞ր է, ասել է՝ այո։ Անկեղծ ասած՝ իրենից չէի սպասում։ Բայց մի բան կասեմ նրան ու բոլորին. կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր։ Իսկ ռուսերենը չնչին բան է, փոքր մինուս, որ կարող ես լրացնել ժամանակի ընթացքում, բայց ահա երգելը… այ դա է մեծ մինուսը։ Նորից եմ կրկնում, ես Սուրենի համարները չեմ դիտել, ասում են՝ ինչ-որ վատառողջ է եղել և այլն։ Ասեմ՝ վատառողջը կապ չունի, ես էլ լավ չէի, բայց ոչ ոք չիմացավ այդ մասին. երգեցի ու պայքարեցի»: Այս ամենի և Սոնայի խոսքերի մասին Սուրենը նույնպես խոսել է, ասելով՝ «Ես գիտությունների թեկնածու չեմ, բայց կարևորում եմ մարդու կիրթ լինելը: Կոնկրետ Սոնա Շահգելդյանին ասելու ոչինչ չունեմ: Պարզապես հարկավոր է ընդունել, որ երկիրը ներկայացնող մասնակցի ընդհանուր զարգացվածության աստիճանը պետք է բարձր լինի», – գրել է slaq.am-ը:

Գարիկ Պապոյանն ու Նարինե Դովլաթյանը համատեղ նոր տեսահոլովակ են նկարահանում, որի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերին: Երգը կոչվում է «Opposite Things». հեղինակը, ինչպես նաև գործիքավորողը Գարիկն է: Bravo.am-ի հետ զրույցում Նարինեն նշել է, որ ինքը և Գարիկը լավ ընկերներ են, ունեն երաժշտական գրեթե նույն ճաշակը, եւ որոշել են միասին «լավ ու հետաքրքիր» նոր գործ ստեղծել. «Ես երգում եմ, իսկ Գարիկը` նվագում: Փոփ-ռոք ոճի այս երգը Գարիկն ինձ առաջարկել է երգել դեռ անցյալ տարի, բայց զբաղվածության պատճառով միայն վերջերս հանդիպեցինք ու ձայնագրվեցինք: Տեսահոլովակի մտահղացման, սցենարի հեղինակը ևս Գարիկն է»: Քանի որ վերջերս ասեկոսեները շատ էին Նարինեի և Գարիկի սիրավեպի մասին, Նարինեն ճշտում մտցնելով այդ ամենում՝ ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հղում տալով mamul.am-ի հոդվածը, գրել է. «Ես ու Գարիկը լավ ընկերներ ենք, ուրիշ թեմա գտեք հետաքրքիր երևալու համար»:

«Վարդան Բադալյանն աշնանը պատրաստվում է ներկայացնել ժողովրդական ու գուսանական երգերով նոր ձայնասկավառակ».-այս մասին գրել է Bravo.am-ը, «Բացի ժողովրդական գործերից, ալբոմում ընդգրկվելու են գուսան Շահենի, Շերամի երգերից, նաեւ Խաչատուր Ավետիսյանի, Սասուն Պասկեւիչյանի հեղինակային ստեղծագործություններից: Դրանցից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանենք, բայց դեռ չեմ կողմնորոշվում` որ երգն ընտրել» -ասել է երգիչը:

Սելենա Գոմեսի և Ջասթին Բիբերի սիրավեպի մասին խոսակցությունները շարունակվում են, շատերը կարծում են, թե դա ի վերջո կավարտվի ամուսնական շքեղ արարողությամբ, սակայն երգչուհին «Teen Vogue» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ պետք չէ իրենց սիրային կապը  լուրջ ընդունել. «Ես ընդամենը 20 տարեկան եմ, եւ մենք ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին: Այժմ անձնական կյանքումս ոչինչ լուրջ չեմ ընդունում: Գիտեմ, որ սերը դեռևս գալու է» -նշել է Սելենա Գոմեսը:

Էլթոն Ջոնը Մադոննային անվանել է «տոնավաճառի մերկապարուհի», ասելով. «Ներողություն, նրա կարիերան ավարտված է: Նրա շրջագայությունը աղետ է, և ոչ մի դեպքում չի կարելի նրա ելույթները մեծ համերգ անվանել: Եթե Մադոննան առողջ դատողություն ունենար, նա զերծ կմնար պարելուց և կներկայանար որպես մեծ փոփ երգիչ՝ հիանալի փոփ երգերով, որոնք նա հիանալիորեն է կատարում: Բայց ոչ, նա պետք է ապացուցի, որ… Նա կարծես տոնավաճառի մերկապարուհի լինի»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031