Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում հետցնցումները շարունակվում են, բայց վտանգն անցել է

Օգոստոս 13,2012 18:03

Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Կապանում նոր ցնցում է գրանցվել, որը սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության սարքավորումների գրանցած տվյալների համաձայն` 3.5 բալ է կազմել:

«Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօերեն Ստեփան Բաղդասարյանի փոխանցմամբ` հետցնցումները շարունակվելու են, բայց դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնելու, ուժգնությունը մարում է եւ գնալով թույլ նկատելի են դառնում: Նույնիսկ նույն ուժգնությամբ երկրաշարժ լինելու դեպքում էլ վտանգ չի լինելու, քանի որ փաստն այն է, որ տեղի ունեցած երկրաշարժից տներ չեն փլվել ու մարդկային տուժածներ էլ չկան: Բացի այդ, միեւնույն օջախում նույն ուժգնությամբ երկրաշարժ երկրոդ անգամ չի լինում եւ կրկնվելու վտանգ չկա, ուստի բնակիչները պետք է հանդարտվեն եւ խուճապի չմատնվեն: «Ընդհանուր առմամբ 120 հետցնցում է գրանցվել մեզ մոտ մինչեւ 3 բալ ուժգնությամբ, իսկ 3.5 բալից մինչեւ 5 բալ ուժգնությամբ հեցնցումների թիվը հասել է 27-ի:

Կապանի բնակելի շենքերը սեյսմակայուն են, Խորհրդային Միության տարիներին դրանք կառուցվել են այնպես, որ մինչեւ 8 բալ երկրաշարժ լինելու դեպքում սեյսմակայուն լինեն, սակայն տարբեր պատճառներով` նախագծային, շինարարական թերությունների, բնակիչների կողմից անօրինական շինությունների կառուցման հետեւանքով դրանք այսօր կարող են դիմանալ միայն 7 բալ ուժգնության երկրաշարժի:

Այսպես էին Կապանում գիշերն անցկացրել նախօրեին

Մարզի քաղաքներից ամենախոցելին Կապան քաղաքն է, որտեղ բազմաբնակարան շենքերի թիվն հասնում է 252-ի, դրանցից 69-ը 9 հարկանի շենքեր են: Բնակիչերը պետք է հավատան պաշտոնական մեր տվյալներին, որ խուճապի մատնվելու կարիք այլեւս չկա, ոչ թե փողոցային անհիմն ու անտեղի լարվածություն առաջացնող խոսակցություններին հավատան: Ես հասկանում եմ մեր բնակիչների խուճապային տրամադրության պատճառը եւ չեմ մեղադրում, պատերազմ տեսած ժողովուրդ են ի վերջո, բայց նրանց մասնագիտորեն բացատրում եմ, որ հետցնցումները բնական պրոցես են երկրաշարժից հետո, իսկ երկրաշարժի կանխատեսումներ անելը բացառված է»,- ասում է պարոն Բաղդասարյանը եւ հավելում, որ Կապանն առաջին անվտանգության գոտում է գտնվում, որն ամենաթույլ գոտին է եւ ամենաուժեղ երկրաշարժը կարող է հասնել մինչեւ 8 բալի, իսկ նման ուժգնությամբ երկրաշարժ այստեղ երբեւէ չի գրանցվել:

Կապանի տարածաշրջանում երկրաշարժի ցնցումներից սեփական տներ են վնասվել, Սյունիք գյուղական համայնքում ու նույն համանյքի Սզնագ բնակավայրում մի քանի տների պատերը ճաքել, տեղ-տեղ քանդվել են, որոշ տներ էլ վթարայնություն են ձեռքբերել եւ ապրելը վտանագավոր է դարձել:

Ցնցումները հետքեր են թողել նաեւ Կապանի ծայրամասային Լենհանքեր թաղամասի 2 տների վրա, որտեղ նույն իրավիճակն է եւ ակնկալում են պետության աջակցությունը, որպեսզի շինանյութ հատկացնեն կամ մասնագետներ ուղարկեն ամրացնելու տան պատերը` հետագայում իրենց տանիքներում երեխաների հետ անվտանգ ապրելու համար:

Իսկ Կապանում երկրաշարժից հետո բնակչության շրջանում խուճապը լիովին տեղի չի տվել: Ցնցումների գրանցման գիշերը փողոցներում, բակերում, քաղաքի օդանավակայանի տարածքում գիշերն անցկացնելուց հետո, բնակչության շրջանում դեռեւս հաջորդ օրերին անհանգստությունը լիովին չի անցել, նույնիսկ մեկը մյուսին շարունակել է խորհուրդ տալ խանութներից առաջին անհրաժեշտության ապրանքները գնել եւ պատրաստի պաշար ունենալ հանկարծահաս վտանգի դեպքում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031