Լրահոս
Օրվա լրահոսը

Silicon Mountains 2026-ի երկրորդ օրը. չիպերից մինչև ներդրումներ՝ արհեստական բանականության դարաշրջանում

Նոյեմբեր 04,2026 21:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 4-ին «Silicon Mountains 2026 Summit & Expo»-ի երկրորդ օրն էր․ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում, Women Leaders Club-ի քննարկում և ներդրումներին նվիրված եզրափակիչ պանելային քննարկում, տեխնոլոգիական բուհերի ուսանողների հանդիպում Քամ Ղաֆարյանի հետ։
Նոյեմբերի 4-ին ավարտվեց ՏՀՏ ոլորտի «Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովը՝ «Invest in Innovation» խորագրով։ Առաջին օրվա տիեզերքի, հեռահաղորդակցության և կիսահաղորդիչների ոլորտի առաջնորդների ելույթներից հետո երկրորդ օրը քննարկումը ծավալվում էր այն հարցերի շուրջ, թե ինչպես են նախագծվում հաջորդ սերնդի չիպերը, ինչ դեր ունի արհեստական բանականությունը ճարտարագիտության մեջ, ինչպես են առաջնորդում կանայք տեխնոլոգիական և պետական ոլորտներում և ինչպես պետք է ներդրում անել արագ փոփոխվող աշխարհում։

Քամ Ղաֆարյանը՝ ուսանողների հետ

Համաժողովի հյուրերից Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր, X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի համահիմնադիր Քամ Ղաֆարյանը հանդիպեց Հայաստանի տեխնոլոգիական կրթություն առաջարկող բուհերի ուսանողների հետ։ Զրույցի առանցքում այն հարցն էր, թե ուսանողն ինչի մեջ պետք է ներդնի իր ժամանակը։

Ներկայացնելով իր ընկերությունների խումբը՝ IBX-ը, նա կիսվեց դրա նշանաբանով՝ «Imagine, Believe and Execute» («Պատկերացրու, հավատա և իրականացրու»)։ Ուսանողներին ուղղված խորհուրդը պարզ էր․ գտնել իր կիրքը։

«Գտեք ձեր կիրքը, որովհետև երբ այն գտնում եք, ամեն օր աշխատանքի գնալն այլևս աշխատանք չէ, այլ հաճույք։ Համարձակություն ունեցեք դա անելու համար։ Մտածեք առանց սահմանների»։
Ղաֆարյանը խոսեց նաև համառության, վճռականության և ճկունության մասին՝ որպես այն հատկանիշների, որոնք անհրաժեշտ են մեծ նպատակին հասնելու համար։ Իր սիրելի մեջբերումներից էր Կառլ Սագանի խոսքը. «Երկինքը մեզ կանչում է։ Եթե մենք ինքներս մեզ չոչնչացնենք, մի օր կթռչենք դեպի աստղերը»։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում 2026

Ֆորումի ընթացքում Հայաստանում ելույթ ունեցան միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային ոլորտի միջազգային և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Ելույթները միավորում էր մեկ թեմա՝ ինչպես են նախագծվում, փորձարկվում և կառավարվում հաջորդ սերնդի համակարգերը, երբ բարդությունը գերազանցում է սովորական մոտեցումների հնարավորությունները։

IMEC-ի (Բելգիա) առաջատար տեխնոլոգ դոկտ. Կատայուն Բաշարխան ներկայացրեց ավտոմոբիլային հաշվողական հարթակների ապագան։ Նրա խոսքով՝ ոլորտը շարժվում է դեպի տարբեր տիպի, չիպլետների վրա հիմնված համակարգեր, որոնց ստեղծումը պայմանավորված է արհեստական բանականության, արտադրողականության և մասշտաբայնության պահանջներով։ Նա շեշտեց, որ այս ճանապարհին անհրաժեշտ են ստանդարտացում և փոխադարձ համատեղելիություն, իսկ հիմնական հարցն այլևս այն չէ՝ «կարո՞ղ ենք արդյոք սա կառուցել», այլ՝ «ինչպե՞ս նախագծել և վավերացնել ճիշտ չիպլետային համակարգը մինչև առաջին սիլիկոնի ստեղծումը»։

Էստոնիայի Testonica ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտ. Արտուր Յուտմանը խոսեց այն մասին, որ բարձր արդյունավետության և արհեստական բանականության համակարգերի բարդության պայմաններում դասական թեստավորումն այլևս բավարար չէ։ Նրա ներկայացրած մոտեցման համաձայն՝ թեստավորման լուծումները պետք է կրկին օգտագործվեն սիլիկոնի ողջ կյանքի ցիկլում՝ արտադրությունից մինչև դաշտային մոնիտորինգ, իսկ չիպի մեջ հավաքագրված տվյալները պետք է վերածվեն սխալների կառավարման՝ ախտորոշումից մինչև ինքնավար վերականգնում։

Siemens EDA-ի տեխնիկական հաշվառման մենեջեր Ֆայսալ Շտուրուն ներկայացրեց, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում նախագծային աշխատանքը։ Նրա երեք հիմնական թեզերն էին՝ ագենտային համակարգերը վտանգները նշում են նախքան դրանց խնդիր դառնալը, արհեստական բանականության ագենտները միաժամանակ ուսումնասիրում են մի քանի ուղղություն, իսկ փորձագիտությունն ամրագրվում է գործիքի մեջ և չի մնում միայն առանձին մասնագետների մոտ։

Synopsys Armenia-ի կրթական վարչության տնօրեն, պրոֆ. Վազգեն Մելիքյանը ներկայացրեց Synopsys-ի կրթական ծրագրի արդյունքները։ Նրա ներկայացրած տվյալներով՝ ծրագրի շրջանավարտների 100%-ը աշխատանքի է ընդունվել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, 77%-ը՝ Synopsys Armenia-ում, իսկ ընկերության աշխատակիցների 56%-ն անցել է այս ծրագրով։ Ծրագրի շրջանակում պատրաստվել է 95 դոկտոր, 1 161 մագիստրոս և 1 588 բակալավր։

Cisco Armenia-ի գրասենյակի ղեկավար Արսեն Մանուկյանը խոսեց արհեստական բանականության ցանցերի էվոլյուցիայի մասին՝ հիշեցնելով, որ այն սկսվում է սիլիկոնից։ Նա ներկայացրեց Cisco Silicon One G300 հարթակով աշխատող համակարգերը, որոնք ունեն 100% հեղուկային սառեցում և մոտ 70%-ով ավելի բարձր էներգաարդյունավետություն։

National Instruments-ի ներկայացուցիչ Մանուել Օհանյանն իր ելույթում շեշտեց, որ արհեստական բանականությունը կիսահաղորդիչների վավերացման մեջ հիմնականում օգնում է կառավարել և բարելավել արդեն գոյություն ունեցող աշխատանքային հոսքերը՝ արագացնելով թեստային կոդի մասշտաբավորումը և անոմալիաների հայտնաբերումը, ընդ որում մարդկային մասնակցությունը մնում է արտադրանքի օպտիմալացման հիմքը։

Cadence Design Systems-ի առաջատար QA ինժեներ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրեց TimeVision AI Agent-ը, որը InnoStack AI Super Agent-ի մաս է կազմում և օգնում է հայտնաբերել SDC սխալները մինչև վերջնական հաստատումը։ Իսկ Xsight Labs Armenia-ի գլխավոր մենեջեր Հարություն Հարությունյանը ներկայացրեց ընկերության բաց, ծրագրավորվող սիլիկոնային լուծումները արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար՝ սվիչից մինչև DPU, այդ թվում՝ E1L-ի թեթև տարբերակը։
Women Leaders Club-ի քննարկում

Կայացավ նաև Women Leaders Club-ի քննարկումը՝ «Leadership Without Borders. Lessons from Tech, Government and Diplomacy» («Առաջնորդություն՝ առանց սահմանների. Դասեր՝ տեխնոլոգիական, կառավարման և դիվանագիտական ոլորտից») թեմայով։ Քննարկմանը մասնակցեցին Կանադայի և Շվեյցարիայի դեսպանները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը, Enterprise Armenia-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, Microchip Technology-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը և Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը։ Քննարկումը վարեց CIPE-ի Հայաստանի ղեկավար Լուիզա Այվազյանը։

Մասնակիցները խոսեցին առաջնորդության անձնական կողմի մասին՝ անձնական և մասնագիտական կյանքի սահմանի, կարիերայի համար ներքին արժեքները չզիջելու, ինքնավստահության պակասի և այդ զգացողության հետ աշխատելու մասին։ Անի Սաֆարյանը նշեց, որ համաձայնությունը կարևոր է, բայց չպետք է վերածվի խոչընդոտի, իսկ որոշումը պետք է կայացնել և դրա համար պատասխանատվություն կրել՝ ավելացնելով, որ առաջնորդությունը չի որոշվում սեռով, այլ արժեքներով, բնավորությամբ և փորձով։ Գոհար Աբաջյանը շեշտեց անկեղծության կարևորությունը՝ պետք է ասել և այն, ինչ կարելի է առաջարկել, և այն, ինչ՝ ոչ։

«After AI». ինչի համար են իրականում վճարում ներդրողները

Համաժողովի ավարտին կայացավ ներդրումներին նվիրված եզրափակիչ քննարկումը՝ «After AI. What Are Investors Actually Paying For?» («ԱԲ-ից հետո. ինչի համար են իրականում վճարում ներդրողները») թեմայով։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պլանավորել և ինչպես խելամիտ ներդրումներ կատարել այնպիսի աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները, շուկաները և նախագծերը փոխվում են շատ արագ։

Առաջիկա ծրագրեր

Համաժողովի երկու օրվա ընթացքում Silicon Mountains-ը համախմբեց Հայաստանի և աշխարհի տեխնոլոգիական, ներդրումային և պետական ոլորտների ներկայացուցիչներին։ Միջոցառումը, որտեղ ներկայացվել էին ընկերություններ, ստարտափներ, արհեստանոցներ և B2B հանդիպումների հնարավորություն, բաց էր այցելուների համար երկու օրվա ընթացքում։
Կազմակերպիչները նաև հայտարարեցին, որ առաջիկա մարզային Silicon Mountains-ը կկայանա Տավուշում, իսկ ընդարձակ ձևաչափով կհանդիպեն ուղիղ մեկ տարի անց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել