Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր փուչիկները տրաքելու են. Գագիկ Ծառուկյանը հուզվեց դատարանում, երբ հիշեց իր մորը՝ Ռոզա Ծառուկյանին

Նոյեմբեր 04,2026 18:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ բոլորը գիտեն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է ասում և որևէ ստորակետ չի խեղաթյուրում: Մոր՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս՝ ԲՀԿ առաջնորդը հուզվեց: «Բոլոր փուչիկները ի վերջո տրաքելու են, սուտ խոսողները պատասխանատվության են ենթարկվելու, կարևորը խիղճս հանգիստ է, ուժս տեղն է, խելքս տեղն է, ինչ որոշեք, ես պատրաստ եմ, կարևորը ձեր խղճի և Աստծո առաջ ճիշտ որոշում կայացնեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով դատարան:

Ծառուկյանը բորբոքվեց, երբ տուժողի ներկայացուցիչը նրան ներկայացրեց որպես կազմակերպիչ. «Փաստաբանը պետք է հիմնավորված խոսի, դատարկ-դատարկ դուրս չտա»: Դատարանում կրքերը մի պահ լարվեցին:

 

Տուժողի ներկայացուցիչն, ի թիվս այլնի, ասաց, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են ապացույցներ, որոնք առերևույթ կեղծ են, նաև ասաց, որ կա դրվագ, երբ Գագիկ Ծառուկյանը սպառնում է: Ծառուկյանի պաշտպանն ասաց, որ իրենք էլ տուժողի մասին բավականին բան գիտեն, բայց չեն հրապարակում: Տուժողի ներկայացուցիչը միջնորդեց կալանքի ժամկետը երկարացնել:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թ. հուլիսի 7-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար, հետագայում նրան վերագրվող արարքներին ավելացել էր նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սեպտեմբերի 4-ին երկու ամսով երկարաձգել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։

 

Դատական նիստն ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել