Արևմտյան Հայաստանի Կովտուն գյուղի հայկական եկեղեցու տարածքը «սեփականատեր» ունի, որը ցանկանում է այն վաճառել։
Սեբաստիայի (Սվազի) մերձակայքում գտնվող Կովտուն բնակավայրը ժամանակին հայկական խոշոր գյուղերից է եղել։ 1915 թվականի նախօրեին այնտեղ բնակվել է ավելի քան 3000 հայ։
Հայոց ցեղասպանությունից հետո գյուղի տարածքում պահպանվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը Թուրքիայի հողային գրանցամատյանում նշված է որպես ախոռ։ Չնայած 2012 թվականին եկեղեցին գրանցվել է որպես առաջին կարգի պահպանվող մշակութային ժառանգության օբյեկտ, այնուամենայնիվ՝ թուրքերը ցանկացել են այն վերածել մզկիթի։
2024 թվականին հայկական եկեղեցու տարածքի սեփականատերը հայտարարել է, որ տարածքը վաճառում է 16 միլիոն թուրքական լիրայով, իսկ մեկ տարի անց վաճառքի գինը բարձրացրել է՝ մինչև 100 միլիոն լիրա։
Կարդացեք նաև
Որպես հիշեցում՝ 1981 թվականին Թուրքիան միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 1970 թվականին ընդունված «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին» կոնվենցիային և պարտավորվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել իր տարածքում գտնվող մշակութային արժեքների պահպանության համար։
«Գեղարդ» հիմնադրամ


















































