
Aravot.am-ի հետ զրույցում Կ. Հեքիմյանը ներկայացրեց գործի նոր մանրամասներ: Նա նախ հիշեցրեց. «Մինչև խորհրդարանական ընտրությունները մի քանի կուսակցություններ՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և մյուսները դիմել էին Սահմանադրական դատարան ու պահանջում էին, որ այն կիրառի Սահմանադրության 4-րդ հոդվածը, որում խոսվում է քվեարկության գաղտնիության մասին: Ըստ այդմ՝ նրանք պահանջում էին հրապարակել ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները: Սակայն Սահմանադրական դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ դրանք գաղտնի տվյալներ են: Սակայն հենց սա խախտում է Սահմանադրության համապատասխան նորմը: Մի դեպքում ՍԴ-ն որոշում է, որ դրանք գաղտնի տվյալներ են և չի հրապարակում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, մյուս դեպքում նույն ԿԸՀ-ն դրոշմակնիքների առկայության վերաբերյալ ոչինչ չի ասում: Փաստորեն, նույնանման պարագայում երկու տարբեր մոտեցում»:
Կ. Հեքիմյանը նեղսրտում է, թե քանի որ իր անձնագրից չի անհետացել դրոշմակնիքը, ինքը, ինչպես նաև նույն իրավիճակում հայտնված տասնյակ հազարավոր մարդիկ, չեն կարողանում ինչ-որ գործողություն անել: Իսկ դա խախտում է Սահմանադրության 4-րդ հոդվածը:
Անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեությանը՝ Կ. Հեքիմյանը նշեց. « ՄԻՊ-ն, ըստ իս, կատարում է փոստատարի գործառույթ: Մարդիկ դիմում են նրան՝ վկայակոչելով ինչ-որ հոդվածներ, որոնք խախտվել են, իսկ ՄԻՊ-ը փոխարենը հստակ անդրադառնա այդ հարցին, դիմում է ինչ-որ այլ մարմինների: Ուստի գտնում եմ, որ մեզ այդպիսի ՄԻՊ-ի ինստիտուտ պետք չէ, քանի որ դա ոչնչով չի տարբերվում Հայփոստից: Ուղղակի Հայփոսոտւմ նամակը 100 դրամով են ուղարկում, իսկ ՄԻՊ-ը՝ առանց դրա»:
Կարդացեք նաև
Կ. Հեքիմյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, որ այն վերանայի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության՝ Սահմանադրության համապատասխանությունը: Մեր զրուցակիցը հավելեց. «Մի քանի տարի առաջ նախկին Մարդու իրավունքների պաշտպանի անգործությունը փորձել եմ դատարանում վիճարկել՝ նույնանման փաստական հանգամանքների շուրջ: Սակայն մարդու իրավունքների պաշտպանը, ի տարբերություն հարկային տեսչության, կամ այլ վարչական մարմինների՝ կարող է անգործ լինել և նրա նկատմամբ չես կարող անգործություն վիճարկել: Դիմում ես դատարան և ասում են, թե նա վարչական մարմին չէ»:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Սակայն նա ասաց. «Առանձին անհատների կողմից հնչեցված գնահատականները ես չեմ մեկնաբանում: Յուրաքանչյուր անհատ ունի իր կարծիքն ունենալու իրավունք, նույնիսկ եթե այն չի համընկնում իմ կարծիքի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































