
Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: Գիտակցելով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները, այնուամենայնիվ խաղաղ պայմաններում բանակում մահացած առանձին քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների վերաբերյալ դեռևս կան հիմնավոր մտահոգություններ:
Ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը և Պատրաստ է անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում: Պաշտպանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:
Պաշտպանի աշխատակազմ


















































