Նոյեմբերի 19-ն ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է: Ամեն տարի հազարավոր երեխաներ են զոհ գնում տարաբնույթ ոտնձգությունների՝ ֆիզիկական և հոգեբանական: Նույնիսկ ծնողների կողմից նախատեսված պատիժները համարվում են անթույլատրելի միջոց: Ինչպես փաստում է Նյու Համփշայ համալսարանի պրոֆեսոր Մուրեյ Շտրաուսի կատարած ուսումնասիրությունը՝ ֆիզիկական պատիժ ստացող երեխաները մտավոր ավելի թույլ զարգացվածություն ունեն: Պարզվել է, որ ծեծի ենթարկված երեխաների մտավոր զարգացվածությունը մի քանի նիշով ցածր է իրենց հասակակից երեխաների մտավոր զարգացվածությունից: Ֆիզիկական բռնությունը ազդում է նաև երեխաների առողջության և բերակեցության վրա:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2007թ արձանագրվել է սեռական բռնության 33 դեպք, 2008թ-ին` 63։ Տուժողների կեսից ավելին՝ 79%-ը, դեռահասներ են, մնացածը՝ երեխաներ։ 2005-2009թթ արձանագրվել է անչափահասների բռնաբարության 19 դեպք։ Տուժածները 12-15 տարեկան անձինք են: Սակայն եթե մեր երկրում ֆիզիկական բռնության դեպքերը ինչ-որ չափով բացահայտվում են, ապա նույնը չի կարելի ասել հոգեբանական բռնության մասին: Հասարակությունը մեծամասամբ թաքցնում կամ արհամարհում է այդպիսի վարմունքը: Համաձայն ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի վիճակագրության` 2008-2010թթ. կենտրոնում ապաստանած 470 երեխաների գերակշիռ մասը տառապել են տարաբնույթ զրկանքներից, հոգեբանական բռնություններից, մոտ կեսը` ֆիզիկական բռնություններից, իսկ 36 անչափահասներ ենթարկվել են սեռական ոտնձգությունների:
Այսօր նշում են նաև Տղամարդկանց միջազգային օրը: Այն առաջին անգամ տոնել են 1999թ-ին՝ Տրինիդադ և Տոբակոյում, այնուհետև նաև այլ երկրներում: Նախաձեռնությունը պատկանում է բժիշկ Ջերոմ Թիլուքսինգհոմին: Վերջինս իր որոշումը բացատրել է այս կերպ. «Ես նկատել եմ, որ ոչ մի օր տղամարդկանցը չէ: Գուցե ոմանք ասեն, որ կա Հայրերի օր, սակայն չպետք է անտեսել նաև տղաներին, պատանիներին ու տղամարդկանց, ովքեր հայր չեն»,-ասել է հեղինակը: Տոնը նշելու համար նա ընտրել է իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 19-ը՝ համարելով, որ ինքը ևս եղել է ընդօրինակման արժանի տղամարդ և հայր: Օրվա նպատակը գենդերային խտրականության և սեռերի անհավասարության հիմնախնդրի առկայության վրա ուշադրություն հրավիրելն է: Կարևորվում են նաև տղաների և տղամարդկանց առողջության պահպանումը, նրանց ազդեցությունը ընտանիքի և երեխաների դաստիարակության վրա:
Հիշեցնեն, որ նոյեմբերի 3-ը ևս համարվում է Տղամարդկանց համաշխարհային օր: Տոնը ընդունվել է Միխայել Գորբաչովի նախաձեռնությամբ: Սովորաբար այն նշում են նոյեմբերի առաջին շաբաթ օրը: «Տոների առումով կարծում եմ մենք արդեն հավասար հարթության վրա ենք գտնվում, թող էլ տղամարդիկ չբողոքեն, որ մենք ունենք Մարտի 8, Ապրիլի 7: Կատակը մի կողմ՝ տղամարդկ ավելի մեծ շուքով են նշում կանանց տոները, քան մենք՝ նրանցը: Պատճառներից մեկն էլ երևի այն է, որ օրը պետական մասշտաբով չի նշանավորվում, կա նաև իրազեկության խնդիր: Շատերը նույնիսկ չգիտեն այսօրվա մասին»,-ասում է 28-ամյա տիկին Նունեն:
Նազենի Բաղդասարյան