Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպանության մեջ կասկածվողին հովանավորո՞ւմ է Սեյրան Օհանյանը

Դեկտեմբեր 04,2012 23:07

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը, որը արդեն 9 տարի է` քննվում է: Դատախազները, այսօր  փոխեցին մեղադրանքը`   սպանությունը դարձնելով   «Դիտավորությամբ  առողջությանը ծանր վնաս պատճառելը», և   պահանջեցին 7-8 տարվա  ազատազրկման դատապարտել  2003 թվականի դեկտեմբերի 24-ին  Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին  և Ռազմիկ Սարգսյանին:

Հելսինկյան  քաղաքացիական  ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը, ով նույնպես մասնակցում էր դատավարությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ընդհանրապես որևէ հիմք չկա Մուսա Սերոբյանին, Ռազմիկ Սարգսյանին և Արայիկ Զալյանին մեղադրանք առաջադրելու , այսինքն  մեղադրանքի ծավալը փոխեցին, հոդվածը փոխեցին, դա անմտություն է: Մենք չենք մտնի արհեստական և կեղծ դաշտը և դատողություններ անենք: Դատարանը պետք է  անմեղ ճանաչի նրանց,  ինչպես անմեղ ճանաչել է Վճռաբեկ դատարանը: ՀՀ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերի  22-ին արդեն իսկ տվել է իրավական գնահատական  այս գործին, որ ապացույցները բավարար չեն Մուսա Սերոբյանին, Արայիկ Զալյանին  և Ռազմիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու: 2006 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև հիմա  ի՞նչն է փոխվել, դատախազությունը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը կոմպետենտ չի եղե՞լ», -հարցնում է Արթուր Սաքունցը:

Ըստ նրա` քրեական գործի մեջ առկա Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի զինդատախազին ուղղված ակնհայտ այն գրությունը, որ Մատաղիսի զորամասի  հրամանատար Իվան Գրիգորյանը (մականուն Գել է)   զղջացել է, ազգային հերոս է, արդեն իսկ ուղղորդում է, թե ով է հանցագործը: «Այսինքն ցանկացած մարդու մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս է զղջացել, կամ ի՞նչ կապ ունի նրա ազգային հերոս լինելը:Դատարանը  հիմա ունի մեկ իրավական փաստաթուղթ, դա Վճռաբեկ դատարանի որոշումն է, որով իրավական գնահատական արդեն տրվել է , որ մեղադրանքի հիմքում ապացույցները հիմնավոր չեն այդ երիտասարդներին  մեղադրանք առաջադրելու:Դրանից հետո ի՞նչն է փոխվել, ի՞նչ նոր ապացույցներ են ձեռք  բերվել, որ  կարող էր հիմք հանդիսանալ մեղադրանքը վերստին հաստատելու, բացարձակապես ոչ մի բան չի ավելացել:Դատախազության քայլերը իրավաբանության հետ բացարձակապես կապ չունեն, և միանշանակ է, որ արդարացման վճիռ պետք է լինի, բայց էստեղ խնդիրը այն է , որ հանցագործություն կատարողը մնում է  չպատժված, չբացահայտված,  թեև նորից եմ կրկնում գործի մեջ կա ակնհայտ էդ գրությունը, որը ուղղություն է ցույց տալիս, որ Իվան Գրիգորյանն է, զորամասի հրամանատարը, և նա ունի ամենաբարձր հովանավորությունը ` հանձինս էսօրվա Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանի: Սեյրան Օհանյանը էդ գործով ուղղակի պատասխանատու է: Որպես գրությունը ուղարկած մարդ` ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանին էլ պետք է կանչել դատարան, թե ինչի՞ հիման վրա է էդ գրությունը գրել: Ո՞վ է ասել, որ գրություն գրի, թե Իվան  Գրիգորյանի նկատմամբ գործում մեղմ մոտենան, քրեական գործով չի որոշվել չէ՞, չի պարզաբանվել չէ՞, թե ի՞նչ է արել, որ մեղմ մոտենան»:

Իսկ ի՞նչ նպատակ ունի քրեական հոդվածի փոփոխությունը. 104 հոդվածը  112 դարձնելը, հետաքրքրվեցինք մենք: «Հոդվածի փոփոխմամբ լուծում են այս երիտասարդների   3 տարվա անազատության մեջ գտնվելու  հարցը,  որ վաղը չէ մյուս օր պետությունը  փոխհատուցման խնդիր չունենա  իբրև: Եվրադատարան դիմելով, երիտասարդները  փոխհատուցում չպահանջեն  3 տարի անիմաստ նստելու համար, իսկ  այդ փոխհատուցումը պետք է վճարի պետությունը», -ասաց Արոթւր Սաքունցը` նշելով, որ եթե դատարանը այս պահին  արդարացման վճիռ չկայացնի,  ուրեմն  ինքն էլ  դառնում է սպանության հովանավորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31