Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող դատավորի թեկնածուին հարց ուղղվեց Մարտի 1-ի իրողությունների սուբյեկտիվ գնահատականի վերաբերյալ

Ապրիլ 04,2024 16:39

Վճռաբեկ դատարանում այսօր մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցը:

Առաջին մասնակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է, որը ժամանակին իրականացրել է նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը:

Հայկ Ալումյանը հանձնաժողովականներին ասաց, որ իր գործունեության վերջին 27 տարին վերաբերում է մարդու իրավունքներին:

Հանձնաժողովականներից հարց հնչեց՝ ուրվագծեք այն առանցքային գործերից մեկը, որը նաեւ իր լուծումը ստացավ ՄԻԵԴ-ում, որը համարում ենք ամենաարդյունավետը:

«Ամենաառաջին գործը միշտ լինում է ամենատպավորիչը մարդու համար. «Միշա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», իմ գործերից ամենահաճախ ցիտվող գործն է Եվրոպական դատարանում, բայց ամենաշատը սիրում եմ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ ՀՀ» գործի այն հատվածը, որը վերաբերում էր դատարաններում վանդակներին: Եթե հիշում եք, մեր դատարաններում կային վանդակներ, կալանքի տակ գտնվող մեղադրյալը դատարանի դահլիճ մտնելուց հետո մտցվում էր այդ վանդակի մեջ ու դատավարությունն ընթանում էր այդ վիճակում; Իմ սիրած գործը, եթե կարելի է այդ արտահայտությունը կիրառել, այդ գործի այդ մասն է, որ գանգատը ներկայացրի, ու ոչ մեկը չէր կանխատեսել, որ կարող է ճանաչվել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Գանգատը ներկայացվեց, այնուամենայնիվ դրանից հետո, ՀՀ դատարաններում վանդակները վերացվեցին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հարց հնչեց նաեւ, թե իր կարծիքով ՀՀ օրենսդրությունը խտրականության եւ իրավահավասարության արգելքի տեսանկյունից համապատասխանո՞ւմ է արդյոք այն չափանիշներին, որոնք ընկած են եվրոպական իրավաբանության հիմքում եւ ինչպիսին է իրացման պրակտիկան, հատկապես զգայուն ոլորտների դիտանկյունից;

«Երբ խոսում ենք իրավահավասարության մասին, հնարավոր չէ հարցին մոտենալ մեխանիկորեն: Հավասարություն կարող է չլինել որոշ ոլորտներում, բայց անհավասարությունը պետք է ունենա շատ հստակ հիմնավորումներ: Օրենսդրությունը լիարժեք հավասարություն նախատեսում է կանանց ու տղամարդկանց հարցում, եթե նայենք ազգային խտրականություն, որպես այդպիսին, չկա, ռասսայական խտրականություն չկա, դավանանքի մասով, իմ կարծիքով չկա: Կա ընկալման խնդիր, հասարակությունում տարբեր ընկալումներ ունեն այս հարցի շուրջ»:

Ալումյանին հարց ուղղեց նաեւ հանձնաժողովի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

-Հաշվի առնելով Ձեր երկարատեւ փորձը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, 2008 թվականի մարտի 1-ին ինչ կատարվեց. ոչ թե իրավական գնահատականների, այլ Ձեր սուբյեկտիվ ընկալման առումով. դրա ուղիղ պատասխանատուն իշխանությո՞ւնն էր, թե՞՝ ոչ:

Ի պատասխան Սաքունցի այս հարցին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ հարցի մեջ տեսնում է քաղաքական բաղադրիչ, իսկ դրա նպատակը Սաքունցն ինքն ավելի լավ կիմանա. «Բայց այն, որ հարցն ունի իր մեջ քաղաքական կոմպոնենտ, անվիճելի է, այդ հարցին այս ընթացակարգի շրջանակում չեմ կարող ու չեմ ցանկանում պատասխանել, այդ հարցը ՀՀ դատարանների քննության տիրույթում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930