Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի բրիգադը նշեց իր 20-ամյակը

Հունվար 14,2013 20:25

Աշխարհագրական դիրքի տեսակետից, երկու կողմից շրջափակված լինելով ադրբեջանական հարակից տարածքներով, թերեւս ամենաանմխիթար վիճակում հայտնվեցին Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջանները: Կապան-Գորիս ճանապարհը դարձավ վտանգավոր անցանելի, իսկ 1991թ-ի հունվարից  վերջնականապես փակվեց մայրուղին եւ Ագարակ, Քաջարան, Մեղրի, Կապան քաղաքներն իրենց գյուղերով արտաքին աշխարհի հետ կապ ունեին Աղվանի-Տաթեւ անավարտ ճանապարհի միջոցով, որը կոչվեց կյանքի ճանապարհ: Կապան քաղաքը եւ նրա սահմանամերձ գյուղերը հայտնվեցին պատերազմական իրավիճակի մեջ. զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ Ներքին Հանդ, Շիկահող, Գեղանուշ, Ճակատեն, Սրաշեն, Ծավ, Սյունիք, Ագարակ, Եղվարդ,  Կաղնուտ, Դավիթ Բեկ եւ Ուժանիս բնակավայրերը… ժողովուրդը տեղափոխվեց ապաստարաններ, առաջացան սննդի, ցրտի եւ այլ խնդիրներ, որոնք գնալով ավելի էին սաստկանում…. սրանք հայ-ադրբեջանական հակամարտության դաժան տարիներից ընդամենը մի քանի դրվագներ են, որոնք ջնջել հիշողություններից եւ փորձել անցյալի էջերում թողնել ուղղակի  անհնար է:

…Տեղական իշխանություններն եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները ձեռնամուխ եղան ստեղծված խնդիրների լուծմանը,  միաժամանակ հանրապետությունում եւ հանրապետությունից  դուրս  հայթայթվում էր զինամթերք, սնունդ, հագուստ:  Կապանի ազգաբնակչությունը մի քանի անգամ հանգանակություններ կատարեց դրամի եւ ոսկյա զարդեղենի ձեւով` նշված իրերի ձեռքբերման նպատակով: Կապան, Քաջարան քաղաքներոմ ստեղծվեցին երկրապահ կամավորական ջոկատներ, օգնության էին հասել նաեւ Գորիսի եւ Սիսիանի կամավորականները: «Տարածաշրջանում միասնական մարտական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունից ելնեով` Կապանում ստեղծվեց զորամիավորում եւ համակարգվեց բոոլոր ուժերը: 1993թ.-ի հունվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Կապանում կազմավորվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որի կազմի մեջ մտան տարածքում գործող բոլոր զինվորական ստորաբաժանումները եւ Յուրի Խաչատուրովի միջնորդությամբ հրամանատար նշանակվեց գնդապետ Միքայել Գրիգորյանը: Ստեղծման առաջին օրվանից բրիգադը լայնածավալ մարտական գործողություններ էր ծավալում Կապանի եւ Մեղրու սահմանների ամբողջ երկայնքով: Չնայած թշնամու զրահատեխնիկայի եւ մարդկային գերազանցող ուժերի` 97-րդ բրիգադը կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ մեծ կորուստներ պատճառելով նրանց` ստիպեց հետ կանգնել իր մտադրություններից եւ ապացուցեց, որ անհնար է կոտրել Կապանի բրիգադի մարտական ոգին: 1993թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բրիգադի հրամանատարության առջեւ խդիր դրվեց  համագործակցել ԼՂՀ պաշտպանական ուժերի հետ` մասնակցել Կուբաթլուի, Զանգիլանի, Մինջեւանի ազատգարման մարտերին, որը նույնպես հաջողությամբ եւ փառքով իրականացվեց», -Կապանի մշակույթի դահլիճում բրիգադի 20-ամյակի նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ներկայացվեց բրիգադի մարտական ուղին:

Կապանում մեծ հանդիսությամբ նշվեց Կապանի բրիգադի 20-ամյակը, մեծարվեցին եւ ԼՂՀ ու ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից պարգեւատրումների, մեդալների, ձեռքի ժամացույցների արժանացան  պատերազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկներն ու մի շարք այլ արժանավորներ: Քաջարանի վաշտի հրամանատար Հովիկ Մարգարյանը ցավով է նշում, որ այսօր վաշտի արժանավոր տղաներից ոմանք արդեն չկան, մոտ 10 հոգի զոհվել են կռվի դաշտում, իսկ 16 հոգի էլ  պատերազմից հետո` կրկին պատերազմից թողած հետեւանքների արդյունքում, կենդանի մնացածներից գրեթե բոլորն էլ այսօր առողջական խնդիրներ ունեն: «Մոտ 200 հոգի տարբեր ժամանակներում ծառայել են մեր վաշտում, շատ զոհեր եւ վիրավորներ ենք տվել: Թշնամու կողմից պաշարված Ագարակ գյուղը մեր վաշտն է ազատագրել` 15 հոգով: 7 զոհ ենք տվել եւ 5 վիրավոր:  Հիշում եմ, որ հարազատներիս «սեւ թուղթ» էր հասել, որ քաջարանցի զոհվածների մեջ ես էլ կամ.. դժվար տարիներ էին, զենքն ու փամփուշտները քիչ, հերթապահ զենքը թողնում էինք պոստում, իսկ մենք առանց զենք իջնում…Թող էսօրվա նորակոչիկ զինվորները պատերազմ չտեսնեն, դա մի չարիք է, արհավիրք է, որը պետք չէ մեր  երիտասարդ պետությանը», – ասաց վաշտի հրամանատարը, ով մարտի դաշտում տեղի ունեցած դեպքերից եւս մի քանիսը պատմեց` 20 տարի անց այլեւս այլեւս ռազմական գաղտնիք չհամարելով:

Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը համոզված է, որ պատերազմ լինելու դեպքում տղաները նորից ոտքի կկանգնեն եւ կպաշտպանեն իրենց ընտանիքներն ու երկրի սահմանները:  «Ով պատերազմ է գնացել, դա արել է իր ընտանիքի պաշտպանության համար: Ոչ մեկ չի գնացել կառավարության համար, այն ժամանակ ուրիշ կառավարություն էր, այսօր` ուրիշ: Բնականաբար, որ կռիվ սկսվի, այսպես թե այնպես բոլորս էլ գնալու ենք, որովետեւ  մեր ընտանիքների պաշտպանության հարցն է լինելու, իսկ հայրենասիրությունը սկսվում է հենց ընտանիքից…», – ավելացրեց նա, ով կռվի տարիներին հետախուզական ջոկատում էր եւ մյուս տղաների պես մահու չափ վտանգավոր փորձությունների միջով է անցել ու հաղթահարել դժվարությունները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031