Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է զինվել գիտելիքներով, որովհետեւ վաղը ձեր նախագծած սարքերով ենք պահելու մեր սահմանը»․ «Բաղաբերդ» ՀԿ-ի նախագահ Վարդուհի Օհանջանյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 05,2023 18:26

Կապանի «Բաղաբերդ» հասարակական կազմակերպությունը օրերս Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցած ցերեկույթով մեկնարկեց 2023թ.-ի հայրենասիրական միջոցառումների շարքը։ Սյունիքի մարզպետարանի եւ կազմակերպության միջեւ կնքված հուշագրի համաձայն՝ մարզի կրթօջախներում ռազմահայրենասիրական տարբեր ծրագրեր են իրականացվելու։ Այս տարվա առաջին միջոցառումը նվիրված էր Կապանի թիվ 6 դպրոցի շրջանավարտ, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Արմեն Հայրապետյանին՝ Միկրոբին։

1991 թվականի հոկտեմբերի 10-ին Արմենն, ընդգրկված լինելով Կապանի բաժանմունքի ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել է ինքնապաշտպանական շատ մարտերի։ 1992 թվականի դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Շարաֆլու գյուղի դիմացի բարձունքի վրա պաշտպանության էին անցել Սիսիանի 25 հոգանոց եւ Կապանի 12 հոգանոց ջոկատները Միկրոբի գլխավորությամբ։ Մարտի ժամանակ ծանր վիրավորվում է Արմենը։ Ընկերները մի կերպ նրան հասցնում են մոտակա քարանձավը, որտեղ էլ մնում է նա։ Արմենը ադրբեջաներեն օգնության է կանչել հակառակորդին եւ երբ ադրբեջանցիներն օգնության են հասել, Միկրոբը պայթեցրել է ձեռքի նռնակը՝ իր հետ տանելով մի քանի ադրբեջանցու։

«Բաղաբերդ»  հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Օհանջանյանի խոսքով՝  չի կարելի մոռանալ 90-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գործած սխրանքներն ու անմահացածներին։  «Այդ պատճառով էլ որոշեցինք հայրենասիրության դասերը  սկսել  90-ականներին նահատակվածների մասին պատմությամբ եւ հուշերով։ Չնայած ցերեկույթը Միկրոբին էր նվիրված, բայց կապանցի բոլոր անմահացածների անունները ցերեկույթի ժամանակ հնչեցին։ Այս դասերը շարունակական են լինելու»,-ասաց մեր զրուցակիցը։

Հայրենասիրության դասը կազմակերպել էին  Կապանի թիվ 6 դպրոցի ուսուցիչները,  մասնակցեցին նաեւ Կապանի թիվ 3 հիմնական եւ  Սյունիք բնակավայրի   միջնակարգ դպրոցների մանկավարժական եւ աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներ, Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, արցախյան բոլոր գոյամարտերին մասնակցած Խորեն Հարությունյանը։

Միջոցառմանը հրավիրված էր նաեւ Արցախյան 3 պատերազմների մասնակից, Միկրոբի մարտական ընկեր, 44-օրյա պատերազմում զոհված Շավարշ Մուրադյանի հայրը՝ Մարտուն Մուրադյանը։ «Սա էլ յուրովի արիության դաս է, Արմեն Հայրապետյանի մարտական ընկեր, վերջին գոյամարտում անմահացած զոհված Շավարշ Մուրադյանի հայրը՝  Միկրոբի անվան դասասենյակում,  լուսանկարվեց փետրվար ամսվա ընթացքում լավագույն ճանաչված աշակերտի հետ»,-նշեց  Վարդուհի Օհանջանյանը։

Նա դպրոցականներին հորդորեց զինվել գիտելիքներով, քանի որ վաղը նրանց կողմից նախագծված ու ստեղծված անօդաչու թռչող սարքերը, ռոբոտները եւ այլ սարքերն են պահելու մեր սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսանկարները տրամադրվել են «Բաղաբերդ» ՀԿ-ի կողմից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031