Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական պրակտիկաներ. թերություններն ու առավելությունները

Մայիս 21,2013 14:44

Ուսանողական կյանքի անբաժանելի մասն են կազմում մասնագիտական պրակտիկաները: Տարբեր բուհերում ու տարբեր ֆակուլտետներում դրանց  անցկացման ընթացակարգն այլ է: Սակայն հիմնականում բոլորի համար կա մի օրինաչափություն՝ մասնագիտական պրակտիկաներն ուսումնառության ողջ ընացքի համար ընդամենը մեկ անգամ են լինում և ընդամենը մեկ ամսով (իհարկե կան որոշ բացառություններ՝ ԵՊԲՀ-ն, ԵՊՀ Պատմության ֆակուլտետը):

Սակայն այդ պրակտիկաները երբեք սահուն չեն անցնում: Ուստի, այդ խնդիրները և ուսանողների դժգոհությունները պարզելու համար որոշեցինք զրուցել բոլորովին վերջերս մասնագիտական պրակտիկաներ անցկացրած ուսանողների հետ, ովքեր տարբեր մասնագիտություններ են ստանում:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողները պրակտիկայի գնում են 3-րդ կուրսում, հեռակա ուսուցման համակարգում սովորողները՝ 5-րդ կուրսում: Բայց այս տարի Հեռակա 4-րդ կուրսեցիները ևս գնացին պրակտիկայի: Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռանլիստիկայի ֆակուլտետների ուսանողները պրակտիկայի գնում են 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակում:

Իրենց մասնագիտական պրակտիկաների մասին զրուցելով ԵՊՀ-ի մի քանի ուսանողների հետ՝ պարզեցինք, որ որպես օրինաչություն, բոլորը դժգոհում էին պրակտիկայի տևողությունից և այն փաստից, որ պրակտիկայի գնում են ընդամենը մեկ անգամ:

«Պրակտիկայի ժամանակահատվածը, կարծում եմ, քիչ է. մեկ ամսում ուսանողը չի հասցնում լիովին ինտեգրվել դպրոցական կյանքին, բացի դրանից, վատ է, որ միայն 3-րդ կուրսում է անցկացվում պրակտիկան. հատկապես գրականության դասավանդման համար ավելի լավ կլիներ, որ ուսանողը տարբեր դասարաններում և տարբեր ամիսներ անցկացներ իր պրակտիկան: Իսկ տարբեր դպրոցներում պրակտիկանտներն ուշադրություն դարձնելը, նպաստելը ապագա մասնագետի կայանալուն որակական տարբեր մակարդակների վրա է, բայց պրակտիկանտը մեր հանրակրթարաններում, կարծում եմ, անհրաժեշտ ազատություն չունի իր նախաձեռնությունները կյանքի կոչելու համար», – կարծում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի, պրակտիկայից բոլորովին վերջերս վերադարձած Հայկ Հովհաննիսյանը:

Նույն ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Անի Գալստյանը համոզված է, որ պրակտիկայի պետք է գնալ 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակում՝ երբ դասերը գրեթե ավարտված են, և ոչ թե մեկ ամսով, այլ բավականին երկար, ասենք, մի ամբողջ կիսամյակ՝ պրակտիակն ավելի արդյունավետ դարձնելու համար: Իսկ ինչ վերաբերում է պրակտիկայի որակին, դպրոցներում պրակտիկանտներին ցուցաբերվող վերաբերմունքին, հայ բանասերն ասում է. «Իմ կարծիքով ընտրված դպրոցը և´ մեծ նշանակություն ունի, և´ նշանակություն չունի պրակտիկայի անցկացման որակի վրա: Եթե ուսանողը լավ ու կազմակերպված դպրոցում է անցնում իր պրակտիկան, ապա միանշանակ արդյունավետ է լինում այն, սակայն մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի. ամեն մեկին չէ, որ կհաջողվի լավ դպրոցում հայտնվել: Մենք պարզապես տեսել ենք մեր դպրոցների իրական դեմքը: Միակ բացասական բանն այն էր, որ մեր որոշ անգրագետ, և իրենց անգրագիտության բացահայտումից վախեցող ուսուցիչներ հաճախ մոռանում էին, որ ոչ վաղ անցյալում իրենք էլ էին ուսանող եղել»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ելենա Թորոսյանն ընդհանուր առմամբ գոհ է իր մասնագիտական պրակտիկայից, սակայն «Մի անգամ ենք գնում պրակտիկայի ամբողջ ուսումնառության ընթացքում, ինչը մեր ֆակուլտետի համար ուղղակի աբսուրդ է»: Իսկ խնդիրներ այդ ֆակուլտետի ուսանողների համար առաջացել են միայն պրակտիկայի անցկացման տեղի ընտրության ժամանակ. կարելի է ասել, որ ուսանողներն իրենք պետք է կարգավորեին այդ հարցը:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի բաժնում սովորող Աստղիկ Մելիք-Քարամյանի կարծիքով՝ պրակտիկան հետաքրքիր փորձություն է եղել. «Շատ անսովոր էր՝ կանգնել ուսուցչի տեղում և կարգավորել ոչ միայն գիտելիքները, որ ունեինք, այլև անգամ ձայնի ինտոնացիան, որպեսզի երեխաները ցանկություն ունենային լսելու: Բացի դրանից, պրակտիկայի ընթացքում մեզ ավելի ինքնավստահ զգացինք: Սակայն լավ կլիներ, եթե բացի մանկավարժական պրակտիկայից, մեզ հնարավորություն տրվեր նաև թարգմանչական պրակտիկա անցնել, քանի որ ոչ բոլորն են ցանկանում ուսուցիչ դառնալ, ուստի լավ կլինեն, եթե հնարավորություն ստանային գործնականում զարգացնելու իրենց կարողությունները»:

Որոշ ուսուցիչների՝ պրակտիկանտներին ցուցաբերած վատ վերաբերմունքից կամ անտարբերությունից, կարճ տևողությունից, ուսումնառության ընթացքում ընդամենը մեկ անգամ անցկացվելու փաստից դժգոհում են շատերը, սակայն քիչ չեն խնդիրները նաև պրակտիկայի ավարտից հետո հատկապես Հայ բանասիրության ֆակուլտետում, որտեղ ուսանողները ստիպված են պրակտիկայից վերադառնալուց հետո շարունակել դասապրոցեսը, հանձնել միջանկյալ քննություններ, որոնց պատրաստվելու համար ժամանակ գրեթե չեն ունենում: Հայ բանասերներից Թագուհի Ղազարյանը նշում է, որ շատ դժվար է ամբողջ կիսամյակի համար նախատեսված նյութը յուրացնել նախատեսվածից պակաս ժամանակամիջոցում, հատկապես, երբ բանասիրականում 3-րդ կուրսում ուսումնասիրվում են երկու գրականություններ՝ Հայ և Ռուս: «Հատկապես Ռուս. գրականությունը, փաստորեն, նորմալ չենք յուրացնում, որովհետև բանահյուսությունից մինչև 20-րդ դարի ռուս գրականությունը ուսումնասիրում ենք ընդամենը երեք ամսում»:

Պրակտիկայի դրական կողմերից մեկն էլ այն է, որ տեսական գիտելիքները կարողանում են կիրառել ու ամրապնդել գործնականում, սակայն թե որտեղ պետք է օգտագործեն պրակտիկայի մասին ինֆորմացիան, ուսանողները չգիտեն. «Ես չեմ հասկանում մանկավարժական պրակտիկայի իմաստը, եթե նույն  դասարանում պրակտիկա են անցնում երկու հոգի, նրանցից մեկը կարող է իրեն շատ ակտիվ դրսևորել, միջոցառումներ կազմակերպել, մյուսը՝ ոչինչ չանել: Սակայն վերջում բոլորի մասին նույն բնութագիրն է գրվում և նույն գնահատականն է նշանակվում՝ «Գերազանց», – մտահոգ ասում է 4-րդ կուրսեցի բանասեր Լուսինե Գրիգորյանը:

 

Մանկավարժական պրակտիկայից «Գերազանց» ստացած՝ Հռիփսիմե Գալստյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031