Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Սահակաշվիլին խնդիր է դառնում նաեւ իր թիմի համար»

Հունիս 06,2013 22:29

Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերին Վրաստանում, դա աննախադեպ էր Հարավային Կովկասի համար: Հարավկովկասյան երկրների անկախ գոյության պատմության մեջ առաջին անգամ  իշխանությունը փոխվեց ընտրությունների ճանապարհով: Այսօր Կովկասի ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը: Սակայն,Վրաստանի համակեցության փուլն, ըստ Շահնազարյանի, բավականին դանդաղ ու ծանր է ընթանում. «Վրաստանում իշխանափոխությունն ամբողջությամբ չի եղել: Նախագահ Սահակաշվիլին պահպանում է բավականին շատ լծակներ` գործադիր իշխանության վրա՝ տեղական մակարդակում նշանակումներից մինչեւ պառլամենտի կողմից ընդունված օրենքների ստորագրում»:

Միաժամանակ, ըստ Շահնազարյանի, Վրաստանի խորհրդարանում բավականին արդյունավետ օրինաստեղծ աշխատանք է ընթանում՝ դրական բարեփոխումների իմաստով, չնայած, որ քանիցս նախագահական վետոն հաղթահարելու խնդիր առաջացավ: Շահնազարյանը դրական տեղաշարժեր է տեսնում նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների ազատականացման ու այլ ժողովրդավարականացման գործընթացներում, քանի որ գաղտնիք չէ, որ իր պաշտոնավարման երկրորդ շրջանում Սահակաշվիլին բավականին սահմանափակումներ էր դրել այդ ոլորտներում:
«Սոցիալ տնտեսական իրավիճակում եւ սոցիալական լարվածությունը մեղմելու առումով դեռեւս դրական տեղաշարժեր չկան: Բիզնես-ակտիվությունը նկատելի չէ, եւ սպասվելիք նախագահական ընտրությունները դեռեւս արգելակում են բիզնես-ակտիվությունը: Վրաց էքսպերտները այդպես են դա բացատրում, բայց անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ որոշ վերլուծությունների համաձայն, անվիճարկելի փաստ է այն իրողությունը, որ
Վրաստանի իշխանությունները բարոյահոգեբանական առումով վայելում են հասարակության անվերապահ աջակցությունը:
Իր տպավորությամբ եւ վրաց փորձագետների գնահատմամբ՝ նախագահ Սահակաշվիլիի ոչ ստանդարտ գործողություններն անգամ իր ղեկավարած կուսակցության ներսում եւ իր թիմի կողմից այնքան էլ դրական չեն ընկալվում՝ անգամ իր թիմի համար խնդիր դառնալով:

Քաղաքական համակարգը Վրաստանում Շահնազարյանի համոզմամբ կփոփոխվի: Նա չի բացառում, որ նախագահական ընտորթյուններում ավելի ակտիվ լինեն ոչ պառլամենտական կուսակցությունները: Օրինակ,Շահնազարյանի գնահատմամբ, բավականին ռեյտինգ է հավաքում Նինո Բուրջանաձեի կուսակցությունը, ով պատրաստվում է առաջադրվել իբրեւ թեկնածու: Բանախոսը չի բացառում, որ «Վրացական երազանքը», իշխանափոխություն իրականացնելու իր հիմնական առաքելությունն ավարտելով, կտրոհվի. «Քաղաքական ներկապնակը Վրաստանում ընտրություններից հետո ակնհայտորեն կփոխվի»:
Արտաքին քաղաքական մասով`Շահնազարյանը եւս ընդգծում է ՌԴ-ի նկատմամբ հռետորաբանության փոփոխությունը: Սակայն, ըստ նրա, պաշտոնական Մոսկվան օրակարգ չունի Վրաստանի հետ հարաբերությունների ձեւավորման, քանի որ պաշտոնական Թբիլիսիի դրական, հաճախ բավականին ուղիղ արված հայտարարությունները Մոսկվայի կողմից ադեկվատ արձագանք չստացան: Մասնավորաբար, պարոն Շահնազարյանի համար տարօրինակ էր, որ ՌԴ-ն չկառչեց Աբխազական երկաթուղու վերաբացման` Վրաստանի պատրաստակամությունից. «Մոսկվան քաղաքական իմաստով պատրաստ չէ դրան: Իմ համոզմամբ՝ այդ հարցն այժմ սառեցված է: Սահմանների խնդիր կա»:

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը չի կիսում վրաստանցի փորձագետ եւ լրագրող Միխայիլ Վիգնանսկիի լավատեսությունը,  որ 2014-ին Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամության կանաչ քարտ կստանա. «Խնդիրը Թբիլիսիի մեջ չէ, այլ Բրյուսելի»:
Այնուհանդերձ, Շահնազարյանն այն կարծիքին է, որ մինչեւ վարդերի հեղափոխությունը Վրաստանն անտանելի վիճակում էր, ու այն, ինչ արեց Միխայիլ Սահակաշվիլին՝ Վրաստանը պետություն դարձրեց, չտեսնել չի կարելի: Նա հիշեց, թե ինչպես էին 1990-ականներին «Վրաստանի կառավարությունից  տղաները» զարմանում, որ ինքը Վրաստան է մեկնում առանց զենքի ու հորդորում էին երեկոյան յոթից հետո փողոց դուրս չգալ:
Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Վրաստանի հետ ՀՀ-ի հարաբերությունները ոչ միայն ստրատեգիական պետք է լինեն, այլ ավելին: Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի համար կարեւոր գործընկերներ են, բանախոսի համոզմամբ,  Վրաստանը պետք է լրջորեն պատրաստվի ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովին. «Միայնակ Վրաստանը չի կարող հաջողել, մանավանդ, որ միայնակ ՆԱՏՕ- մտնելու դառը փորձն ունի արդեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930