«Անցյալ տարի հոկտեմբերին, իմ կարծիքով, Վրաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ: Ու այսօր բավականին կարեւոր է այն, որ երեկ տեղի է ունեցել ԱԱԽ-ի նիստ` յոթ ամիս ընդմիջումից հետո»,- այսօր Կովկասի ինստիտուտի եւ Հայնրիխ Բոյլ հիմնադրամի կազմակերպած բանավեճի ժամանակ կարծիք հայտնեց վրաստանցի լրագրող եւ վերլուծաբան Միխայիլ Վիգնանսկին:
Լրագրողի դիտարկմամբ, Վրաստանում հետհոկտեմբերյան շրջանում երկրորդ կարեւոր իրադարձությունն այն է, որ էականորեն փոխվել է ՌԴ-ի հետ հռետորաբանությունը: Այնուհանդերձ, նա նկատեց, «Վրացական երազանքի»-ի արտաքին քաղաքական նախասիրություններում ՆԱՏՕ-ին ինտեգրումը մնում է առաջնահերթություններից մեկը, եւ պաշտոնական Թբիլիսին ակնկալում է 2014-ին արդեն ստանալ այդ կառույցին անդամագրվելու իրական հնարավորություն»:
Վիգնանսկիի կարծիքով՝ Վրաստանն իր եվրոպացի գործընկերներին ապացուցելու բաներ ունի, քանի որ վերջիններիս համար բավականին անհասկանալի է այն, ինչն այսօր կատարվում է Վրաստանի ներսում, մասնավորաբար, արդարադատության համակարգում: Վերլուծաբանը հեգնանքով նկատեց, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին իբր դժգոհություն է հայտնել միայն նրա համար, որ իր խցում հեռուստացույց չկա: Այս առումով նա կարեւորում է նոյեմբերին կայանալիք վիլնյուսյան համաժողովը, որի ընթացքում ԵՄ ասոցացման համաձայնագրի հարցերը պետք է լուծվեն: Հենց այստեղ է, որ Վրաստանին հարցեր են առաջադրում` նախկին իշխանավորների հետապնդումների հետ կապված:
Ռուս-վրացական հարաբերություններում վերլուծաբանը կարեւորում է եկող շաբաթ կայանալիք տնտեսական իրադարձությունը՝ Վերին Լարսով վրացական գինու վերադարձը ռուսական շուկա: Նա գտնում է, որ տնտեսական հարաբերությունների կարգավորումն աստիճանաբար դրական ֆոն կստեղծի նաեւ քաղաքական հարաբերությունների կարգավորման համար: Եվ, ինչպես ասում են՝ չկա չարիք` առանց բարիքի. վերլուծաբանը կիսում է իր երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արտահայտած այն միտքը, որ ՌԴ-ի տնտեսական էմբարգոն օգնեց Վրաստանին. «Այո, վրացի գինեգործները տուժեցին ֆինանսապես, բայց մենք շահեցինք` վրացական գինու որակի մեջ»,- մի առիթով ասել է Սահակաշվիլին: Բանախոսը ոչ պակաս կարեւորեց Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունը, որ վրացական օլիմպիական հավաքականը մասնակցելու է 2014 թվականին Սոչիում կանյանալիք օլիմիպիական խաղերին:
Հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են: Վիգնանսկին կասկած չունի, որ հիսունից ավելի տոկոս կհավաքի «Վրացական երազանքի» թեկնածուն: Բայց նա այլ բան է կարեւորում. «Այս ընտրությունները մի առանձնահատկություն ունեն. դրանք կլինեն այն միակ ընտրությունները, որտեղ կարձանագրվեն իրական արդյունքները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































