Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոեզիան փողոց է, որտեղ խաղում ես ու չես կարողանում տուն վերադառնալ». Նելլի Սահակյան

Հունիս 28,2013 14:55

Պոեզիան փողոցն է, մամ…
ասում ես`
տուն արի, հերիք է…
ես ասում եմ`
մի քիչ էլ ,
մի քիչ էլ խաղամ…
ու այդպես էլ չեմ վերադառնում…

Ահա այսպիսինն է պոեզիան երիտասարդ ստեղծագործող Նելլ Սահակյանի համար: 20-ամյա Նելլը ստեղծագործել է  վաղ հասկից, սակայն ինչպես ինքն է ասում լուրջ գրականությամբ սկսել է զբաղվել վերջերս: Տպագրվել է «Ցոլքեր» ամսագրում, «Գրեթերթ», «Եղիցի լույս» թերթերում, մի շարք ինտներնետային կայքերում և այլ պարբերականներում: Այս անգամ նրա պոեզիայի կողքով չկարողացավ աննկատ անցնել նաև «Առավոտ երիտասարդականը» և փորձեց թափանցել նրա ստեղծագործությունների խորքերը, անցնել այն անկյուններով, որտեղ մինչ այժմ ոչ ոք չէր եղել:

Նելլ,  նախ ինչպե՞ս սկսեցիր գրական առաջին քայլերդ:

Դպրոցի վերջին դասարանում էի սովորում, երբ բարձր դասարանի աշակերտների համար մի ստեղծագործական մրցույթ կազակերպվեց: Պետք է շարադրություն ներկայացնեինք «Հայոց ցեղասպանություն» թեմայով: Ուսուցչուհուս խնդրանքով որոշեցի մասնակցել և ժպիտով եմ հիշում, որ համարձակվեցի ոչ թե շարադրություն, այլ երկար բանաստեղծություն ներկայացնել: Գրական առաջին փորձերս էի անում, երբ մի օր պատահականորեն հանդիպեցի իմ ամենասիրելի բանստեղծներից մեկին` Հովհաննես Գրիգորյանին, որն էլ ինձ տեղեկացրեց «Ցոլքեր» գրական խմբակի մասին: «Ցոլքերը» մի միջավայր էր, որտեղ դու բույսի պես՝ այլ բույսերի կողքին գտնվելով կարող էիր աճել ու ինքնուրույնանալ: Գրական խմբակներում, մասնավորապես «Ցոլքերում» երիտասարդ ստեղծագործողի համար համապատասխան միջավայր է ձևավորվում, որովհետև որքան էլ գրականության առանցքը կյանքն է, անհնար է առանց գրական հենքի ու գրական դաստիարակության հասուն գործ ներկայացնել: «Ցոլքերում» սովորեցնում են ոչ թե ինչ կամ ինչպես գրել, այլ պարզապես դաստիարակում են բառազգացողություն, պատկերի ըմբռնում, և նախ և առաջ ինքնաքննադատորեն քո սեփական տեքստին նայելու կարողություն, թեև դա էլ է խիստ անհատական:

Ըստ քեզ, ո՞ր բանաստեղծությանդ մեջ ես կարողացել ամբողջ ասելիքդ լիարժեք տեղ հասցնել:

 

Դժվարանում եմ դասակարգել բանաստեղծություններս ` լավագույնների կամ ոչ այնքան ստացվածների, լիարժեք մեկնվածների և ոչ այնքան լիարժեք մեկնվածների: Իրականում թե որքանով և որ բանաստեղծության մեջ է ստացվել լիարժեք փոխանցել ասելիքս, չգիտեմ, միայն գիտեմ, որ բանաստեղծությունն ինքը կյանքի ու իմ մի մասն է, որքան շարունակվում եմ , այնքան շարունվում է բանաստծությունը, և որպես այդպիսին՝ իմ ներսում այն երբեք չի կարող ավարտվել: Հարաբերականորեն կարելի է ասել՝ ինչ-որ չափով ամբողջանում և որոշակի փուլ է դառնում, որը ընթերցողըը կարող է տեսենել ավարտուն մի շարքի կամ մի գրքի տեսքով: Բանաստեղծությունը շարունակվում է իմ մեջ ու հետո նաև ինձնից դուրս էլ, այն գրել վերջացնելուց հետո արդեն շարունակվում է ամեն ընթերցման հետ:

Ինչպես դու նշեցիր, բանաստեղծությունը կյանքի մի մաս է, իսկ ավելի շատ գրողի՞, թե՞ ընթերցողի համար:

Բանաստեղծությունը գրողի կյանքն է, նրա մի մասնիկը, բայց գրվելով այն առանձին կյանք է ստանում, սկսում է ինչպես քո ներսում, այնպես էլ քեզնից դուրս շնչել և ընթերցողն  ինքը կարող է այն զգացողության տերը դառնալ, որը դու ես փոխանցել: Դու քեզնով, քո փորձառությամբ ես ստեղծում քո գրական տեքստը, բայց ժամանակի ընթացքում այն քեզնից անջատվում է և ընթերցողի հետ հարաբերվում մեն -մենակ ու ինքուրույն:

Իսկ հե՞շտ է ստացվում քեզ մոտ այդ անջատման պահը, չէ՞ որ ամեն մի ստեղծագործություն մի նոր ծնունդ է, նոր կյանք, որը ստեղծում ես, պահում, մեծացնում  և տալիս ուրիշին:

Իրականում դժվար հարց է: Գրական ստեղծագործությունն ու գրող հարաբերությունը շատ հաճախ նմանվում է ծնող-երեխայի կապին. հաճախ ես ուզում պաշտպանել նրան, որ միայն քոնը լինի, բայց հասկանում ես որ «Նա»` բանաստեղծությունը, իր ինքնուրույնությունն ունի, ու որոշ ժամանակ անց պետք է թողնես նրան՝ ինչ-որ տեղ նրանով հպարտանալու, ինչ որ տեղ մարդկանց հարազատ ու օգտակար դարձնելու հույսով:

Ի՞նչ ես կարծում՝ երիտասարդ գրողի համար գրականությունը որտե՞ղ է սկսվում և ավարտվում  կամ արդյո՞ք այն ունի սկիզբ և վերջ:

Գրականությունը ավարտվում է այնքանով, որքանով կյանքը: Այն կարող է ամբողջանալ, փոփոխվել, բայց ոչ ավարտվել: Այն քո մասն է, քո կենսագրության հատվածը` կյանքին կապված ու կյանքից անջատ մեկ այլ իրականություն: Կարծում եմ՝  կարևոր չէ երիտասարդ, թե կայացած գրողի համար, պարզապես երիտասարդը որոնումների ու բեկումների ավելի շատ փուլեր է ունենում և հենց դրանով էլ հասունանում:

Իսկ ի՞նչ գույնի է պոեզիան, փորձե՞լ ես երբևէ գույներով նայել գրականությանը:

Գիտե՞ք՝ հետաքրքիր բան է գրականությանը գույներով նայելը: Մի անգամ իմ ընկեր գրողներից մեկն ասաց, որ իմ բանաստեղծությունների մեջ գույն կա` կապույտը: Այլ գույներ էլ եմ տեսնում, չնայած ճշգրիտ չեմ կարողանում ասել, թե հստակ ինչ գույներ են , երևի պատճառն այն է, որ դրանց  շատ եմ մոտիկից նայում:

 

Ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ . . .

Արի խոսենք արդեն «Աննա Ֆրանկ»-իդ մասին. ինչպե՞ս գտար նրան, ի վերջո ինչո՞ւ քոնը սարքեցիր:

Այն երկար պատմություն ունի: 15 տարեկան էի, երբ դասընկերուհիներիցս մեկը դասարան մտնելուս պես ասաց՝ Նելլ, տատիկիս փոշոտ գրադարանից մի գիրք եմ գտել, անունը` «Աննա Ֆրանկի օրագիր» է, հեղինակը մանկահասակ, մոտ տասնհինգ աղջիկ է, և երբ սկսում եմ կարդալ, ինձ թվում է՝ դու ես, դու ես խոսում Ֆրանկի շուրթերով, վերցրու և կարդա, կհամոզվես: Հետաքրքրությունից վերցրի գիրքը, անհամբերությամբ բացեցի և երկու անգամ կարդալով՝ հասկացա, որ դասընկերուհուս նմանություն գտնելն իզուր չէր: Ֆրանկը դեռ վաղուց էր քայլում ինձ հետ` քայլեցինք, մեծացանք միասին, ինչ-որ տեղ նույնացանք ու էդպես երեք տարի հետո, ինչպես ինքս ինձ հետ գրադարակս դասավորելիս նորից հանդիպեցի օրագրին: Պահը այնքան հասունացավ, որ որոշեցի ինչ որ չափ նույնանալով գրել աննա ֆրանկի` ես լինելու մասին:

Պոեզիան փողոցն է, մամ…
ասում ես`
տուն արի, հերիք է…
ես ասում եմ`
մի քիչ էլ ,
մի քիչ էլ խաղամ…
ու այդպես էլ չեմ վերադառնում…

Իսկապե՞ս դժվար է քեզ կտրել պոեզիայից, երբևէ  վախ չի՞ եղել գնալու,  գնալու և չվերադառնալու մասին:

Իզուր չեն ասում` «East or West home is best».  փողոցն էլ է տուն, տունն էլ է տուն., նայած քո տունը ո՞րն է:  Պոեզիան նույնքան հարազատ իրականություն է, որքան ռեալ կյանքը, և իմ մեջ դեռ չեն տարորոշվել դրանք: Տունն էլ, փողոցն էլ իմ մեջ ավարտուն չեն, չեմ ցանկանում խոսել դեռևս իմ մեջ ընթացքի մեջ գտնվող բաների մասին: Մի քիչ ավելի ծերանալուց հետո երկար կզրուցենք այս մասին` հիմա վաղ է:

 

Տողատակերդ ու դու մի՞շտ եք նույնը, թե՞ բախումներ ամեն դեպքում լինում են:

Ասելիքի տողատակը ներսում է, դու իրեն չես տեսնում, չես հասկանում, չես զգում, չգիտես անգամ, որ գոյություն ունի, բայց ինքը հանգիստի վիճակում սպասում է, թե երբ մի արտաքին կամ ներքին ազդակ իրեն կարթնացնի: Բախումներ լինում են: Իրականում բախումները քո ու քո տեքստի հետ հետաքրքիր բաներ են: Գրում ես ու վերջում հասկանում, թե իրականում ինչ էիր մտածում, ինչ զգում  և, ինչո՞ւ չէ, շատ հաճախ անակնկալի ես գալիս ինքդ քո հայելու առաջ:

 

Երբ օճառը պլստա ձեռքից ու ընկնի հատակին,
ու շեղ ստվերը դայակի ընկնի մեր ոտքերի տակ,
մենք կշտապենք,
մենք կշտապենք, հայրի՛կ,
մեր բարձի տակ պահել մեր մանկությունը 

Դեռ բարձի տա՞կ է մանկությունդ  . . .

Մարկեսն ասում էր, որ իր տատի մոտ ապրած երեք տարիները շատ ավելին արժեն, քան իր մնացյալ կյանքը, և երևի իսկապես մեր մանկությունը կամ չգիտեմ կենսագրության այս կամ այն հատվածը ամենաէականն են դառնում: Իմ մանկության ու պատանեկության շատ դրվագներ կազմավորել են ինձ:
Բարձիս տակ է ու մեկ-մեկ էլ մահճակալի: Երբ մահճակալի տակ է ` ծեծելով հանում եմ ու պառկեցնում քնելու: Ապրած և ապրելիք բոլոր տարիները մանկությանս վերապրուկներն են, ամեն ինչ մանկությանս շուրջն է պտտվում ու կառուցվում մանկության հենքի վրա:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930