Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ նյարդերի վրա են ազդում Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները

Օգոստոս 15,2013 21:09

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Գյումրու պատմության մեջ թերեւս առաջին անգամ քաղաքապետարանը հանրային քննարկում էր կազմակերպել երեք խնդիրների`Վարդանանց հրապարակի եղեւնիների հետագա ճակատագրի, Գյումրու օրհներգի ու կարգախոսի ընտրության շուրջ: Այս քննարկումը հետաքրքիր էր նրանով, որ կարծիք արտահայտելու համար գյումրեցի մտավորականները հերթ էին կանգնել:

Նշենք, որ առաջարկվում էր Գյումրու օրհներգ դարձնել Հովհաննես Շիրազի խոսքերով Վլադիլեն Պալյանի Գյումրուն նվիրված ձոնը, որը կոչվում է «Գյումրի-Լենինական»: Այն 1976 թվականին առաջին անգամ հնչել է  Ռուբեն Մաթեւոսյանի կատարմամբ: Գյումրու համար հիմն էր գրել նաեւ գյումրեցի Ռուզաննա Կարապետյանը, սակայն այս հարցը վերջնական լուծում չստացավ, մասնագետների կարծիքները լսելուց հետո որոշվեց այն դնել ավագանու քննարկմանը:

Ավելի լուրջ քննարկումների արժանացավ եղեւնիների հարցը: Այս հարցի շուրջ քաղաքապետարանը նախապես հարցումներ էր անցկացել` լրատվամիջոցների միջոցով, գյումրեցիների մի մասը կարծիք էին հայտնել, որ եղեւնիները քաղաքի զարդն են, հիասքանչ են, հարիր են հրապարակի տեսքին եւ դրանց դիպչել պետք չէ: Մյուս մասը գտել էին, որ քաղաքում հազարավոր խնդիրներ կան եւ պետք չէ գումարներ ծախսել դրանք տեղափոխելու համար, մի մասն էլ` դեկորատիվ այլ ծառեր են ուզում` քաղաքին նոր շունչ հաղորդելու համար: Այս քննարկումը տեւեց մոտ 2 ու կես ժամ, Գյումրու մտավորականների կարծիքին էլ միանշանակ չէր, հնչեցին տարբեր ելույթներ քանդակագործներից, բնապահպաններից, սեյսմոլոգներից, մշակութային գործիչներից:

P3262357

Առանձնացնենք այդ կարծիքներից մի քանիսը: Առաջինը ելույթ ունեցավ Գյումրու «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: «Այս պահին էական չէ անդրադառնալ հրապարակին, հրապարակը արդեն նորմալ վիճակի բերված է, եւ պետք է հրապարակին հանգիստ թողնենք եւ անցնենք այլ ծայրամասերին, տնակային ավաններին, որտեղ ահավոր վիճակ է, ծախսեր ու քննարկումներ պետք է անենք այդ տնակային ավանները, փողոցները վերականգնելու համար: Իսկ Եղեւնիներին հանգիստ թողնենք գոնե առաջիկա 5 տարին, դրանից հետո, երբ քաղաքը տեսքի եկավ նոր կանցնենք հրապարակի տեսքը կարգավորելուն: Ես խնդրում եմ, որ մենք ի վերջո քաղաքի կենտրոնից դուրս գանք, որովհետեւ նմանվում ենք Հայաստանի իշխանություններին, որոնք ամեն ինչ կենտրոնացնում են մայրաքաղաքում, իսկ հիմա մենք փորձում ենք ամեն ինչ կենտրոնացնել հրապարակում, իսկ դա սխալ գործելակերպ է», -ասաց Վահան Թումասյանը` խնդրելով վերջակետ դնել եղեւնիների թեմային:

P3262356

Սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանն էլ կարծիք հայտնեց, որ թեեւ Վարդանանց հրապարակը չնաշխարհիկ է, սակայն եղեւնիները փակում են հրապարակի գեղեցկությունը համարվող երկու եկեղեցիները: Ըստ բանախոսի, դրանք արդեն ծերացած են, եւ տեղափոխել հնարավոր չէ: Սերգեյ Նազարեթյանը առաջարկեց մեկ-երկուսը թողնել, որոնք չեն խանգարում եկեղեցիների տեսքին, մյուսները` կտրել:

Նմանատիպ մի կարծիք էլ հնչեցրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը, ով, ի դեպ, Վարդանանց արձանախմբի հեղինակն է: Վերջինս ասաց, որ թեեւ եղեւնիները գեղեցիկ են, թթվածին արտադրող են, բայց անտառում են արտադրում: «Պատկերացրեք եթե էդպիսի եղեւնիներ լինեին Երեւանի կենտրոնական հրապարակում, Թամանյանի արված շենքերը կերեւա՞ր, թե՞ ոչ: Դուք ձեզ տուրիստի տեղը դրեք, ովքեր կգան Գյումրու հյուրանոց մնալու, պատուհանը բացում են եւ եղեւնիները: Դա էլ հարիր չէ, չենք ասվում, թե եղեւնիները հատեք, բայց կան դեկորատիվ ծառեր», ասաց քանդակագործը: «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ նախագահ Գեւորգ Պետրոսյանն էլ հարցրեց, թե ո՞րն է հասարակության շահը եղեւնիները հանելու հարցում:

P3262359

Բնապահպանը համոզմունք հայտնեց, որ դա ձեռնտու է ընդամենը 2-3 գործարարի: «Ինչո՞ւ պիտի հասարակությունը զոհի իր ծառերը, որ երկու բիզնեսմեն էդտեղ կառուցեն իրենց բանկերը կամ հյուրանոցնե՞րը: Եթե արդեն կառուցված է, կառուցողը լավ գիտեր, որ այդտեղ կային ծառեր», -ասաց Գեւորգ Պետրոսյանը: Նա նաեւ նշեց, որ Ժնեւի հյուրանոցներից մեկում գիշերելիս, տեսել են, որ ծառերը այնպես են ծածկում պատուհանը, որ անհնար է բացել, եւ երբ հաջորդ օրը հյուրանոցի տիրոջը հարցրել են, թե ինչո՞ւ են ծառերը թողել, նա պատասխանել է, որ սա գիշերելու տեղ է, ոչ ապրելու:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ իր զարմանքը հայտնեց, թե եղեւնիները ծեր են: «Էդ սուտը որտեղի՞ց է մտել մեր կյանք, ժողովուրդ, հանրագիտարանները բացեք սովետական, 300-600 տարի, որտեղի՞ց է մտած էդ սուտը», -հարցրեց բանախոսը: Նա նաեւ հիշեցրեց, որ 2007 թվականին չորս սուտ փաստարկներով ավագանու որոշմամբ կտրեցին Անկախության հրապարակի եղեւնիները` գնդաձեւ ակացիաներ տնկելու որոշմամբ, սակայն այդպես էլ չտեսանք ակցիաները: «Գեղեցիկի, ճաշակի մասին սահմանում, եթե գիտեք, ասեք հարցը կլուծենք, չկա նման սահմանում: Եթե որեւէ մեկը գտնում է, որ ծառերը խանգարում են շենքին, թող շենքը քանդի, 5 մետր հետ սարքի»,-ասաց Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա, եղեւնիների հարց չպիտի լինի խնդիրների մեջ թաղված Գյումրիում, որտեղ բնակչության 15 տոկոսը անօթեւան են, 48 տոկոսը աղքատ, փողոցների 80 տոկոսը ավերակ: Ի դեպ, վերջիններս հասան նրան, որ այս հարցը մտավ փակուղի:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031