Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք Պիպոյանի «նոր» հաշվարկներին

Նոյեմբեր 18,2013 21:36

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի կողմից կատարվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողովի կողմից հանրությանը ներկայացված  մեկ տրանսպորտային միջոցի համար մեկ ամսվա կտրվածքով «Երևան քաղաքում ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի» հաշվարկների յուրովի վերլուծություն, որը հեղինակի կողմից ներկայացվում է որպես հաշվարկ։

Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում կարող է առաջանալ թյուրըմբռնում։ Հաշվարկի վերլուծությունը ի սկզբանե տարվում է մեկ այլ հարթություն։ Օրինակ, նշվում է պետական քաղաքականության բացակայության մասին, բացարձակ անհիմն հայտարարվում է 100 դրամի պարագայում 10 տոկոս և ավելի շահութաբերության մասին, իսկ ներկայացվող հիմնավորումները հաճախ այնքան են հեռու իրատեսական լինելուց, որ այդպես կարելի է մի քանի անգամ հաշվարկել և ամեն հաշվարկի արդյունքում ծառայության գինը իջեցնել ավելի հաճելի՝ օրինակ 70 կամ 50 դրամ վարձաչափի։

Մենք բազմիցս շեշտել ենք, որ բնակչության սպասարկման այս ոլորտում ծառայության մատուցումը կարճաժամկետ տեսանելի ժամանակահատվածի համար պետք է խարսխվի անվտանգության և որակի նվազագույն թույլատրելի շեմի ընտրության սկզբունքի վրա, հակառակ դեպքում կարելի է ցանկացած գնով մատուցել ծառայություն, սակայն ինչպիսի՞ ծառայություն։

Նշենք, որ մեր կողմից ներկայացված հաշվարկները իրականացվել են հնարավորինս ապահովելով փաստաթղթի մասնագիտական, մեթոդական և իրավական հիմքերը։ Եվ, ձեռքի տակ ունենալով հիմնավոր հաշվարկների նյութը, իր վերլուծականում չնշելով որևէ սկզբնաղբյուր և մասնագիտական հիմնավորում,  պարոն Պիպոյանը կատարում է թվերի և մտքերի յուրօրինակ սինթեզներ, որոնք իրենցից ներկայացնում  են բոլորիս համար հաճելի մի շարադրանք և որը, սակայն, որևէ  եզր չունի  իրատեսական հաշվարկների հետ։

Նախ տրամաբանական է, որ բաղադրիչների հաշվարկների վերլուծությունը ներկայացվեր հանձնաժողովին, քանի որ նրա աշխատանքներին, սեփական համաձայնությամբ, հանձնաժողովի անդամի  կարգավիճակով մասնակցում է նաև պարոն Պիպոյանը։ Առնվազն զարմանալի է հայտարարել աշխատանքներին չմասնակցելու կամ դուրս գալու մասին, իսկ հետո կատարել «ընդգրկուն» վերլուծություն։ Այս դեպքում ակամայից տեսանելի է դառնում, որ քննարկումները տարվում են այլ հարթություն, ինչը, իհարկե, իր օգտակարությամբ զիջելու է մասնագիտական քննարկումներին։ Ինչևէ։

Մեկ անդրադարձ պետական քաղաքականության բացակայության մասին պարոն Պիպոյանի արտահայտած մտքին։ Մեր պարագայում տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության և ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող  օրենսդրական դաշտի առկայությունը և դրա արդյունավետ կիրառումը հենց այդ քաղաքականության տարերն են։ Եթե մենք փորձում ենք կանոնակարգել ոլորտը, ուրեմն դա նույնպես քաղաքականության տարր է։

Այժմ բաղադրիչների հաշվարկների վերլուծականի մասին։

Եթե  հաշվարկները կատարվում են վառելիքի 2 տեսակներով, ապա դա չի կարելի ներկայացնել որպես պետական քաղաքականության բացակայություն, այն ուղղակի մեկ բաղադրիչի այլընտրանքի հաշվարկ է։ Ընդ որում բնական գազի հաշվարկը ներկայացվել է հենց այն պարզ պատճառով, որ այն ավելի արդյունավետ վառելիքի տեսակ է։ Այս դեպքում ուղղակի անհասկանալի է այն կապել վարվող տնտեսական քաղաքականության հետ։

Նվիրաբերված գույքի մասով այն ընդունել կամ չընդունելու հայտարարությունը ուղղակի մեկնաբանման կարիք չունի, քանի որ պարոն Պիպոյանը ներպետական տիրույթից սահուն անցում է կատարել միջպետական տիրույթ, որի կարիքը ամենևին չկա։

Ինչ վերաբերվում է բնական գազով ավտոբուսների խնդրին, ապա այն նույնպես միանշանակ չի ընդունվում բնակչության կողմից, քանի որ տեսանելի է տրանսպորտային միջոցի արագության էական տարբերությունը և այլն։ Այնուհանդերձ, դիզելային վառելիքը չի լինի այն որոշիչ ելակետը, որը կբարձրացնի ուղեվարձի գինը։

Վերլուծության մեջ օգտագործվում է կամայական պայմանական միավոր հասկացությունը, որի հիման վրա հրապարկվում են հաշվարկներ և այս դեպքում ինքնին պարզ է, որ կամայական ելակետը բերում է կամայական արդյունքի։ Սակայն, ի տարբերություն սիրողական հաշվարկների, մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ և զերծ ենք մնացել որևէ կամայական պայմանական միավոր ընտրելու գայթակղությունից։

Հանձնաժողովի առաքելությունն ու նպատակը պարոն Պիպոյանը հստակ գիտի և այս դեպքում նրան այլ գործառույթներով օժտելու ցանկությունը, որևէ կերպ գործնական քննարկման դաշտում չի կարող դիտարկվել, իսկ մայրաքաղաքի 23 գազալցակայանների գնի մեր կողմից արված փաստացի դիտարկումը բոլորովին այլ միջին արժեք է ցույց տալիս և այն գերազանցում է 200 դրամը։ Իրատեսական հաշվարկների փոխարեն ըստ էության առաջարկվում են այլ քայլեր, մասնավորապես հանձնաժողովի անունից դիմում իրավապահներին և այլ։ Այս դեպքում նույնպես մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ առկա է թեմայից ուղղակի խուսափելու միտում։

Պահեստամասերի մասով հաշվարկների համար հիմք են վերցվել արտադրող գործարանների տեղեկատվությունը գումարած ներմուծման ծախսերը, եթե կան կազմակերպություններ որոնք գործարանային գներից մինչև 25% էժան են կարողանում ձեռք բերել նույն գործարանի թողարկած արտադրանքը, ապա ցանկալի է որ պարոն Պիպոյանը կոնկրետ և առարկայական օժանդակություն ցուցաբերի և մատնանշի այդ կազմակերպություններն ու ներկրողներին, հակառակ պարագայում այդ առաջարկը նույնպես դառնում  է պայմանական։

Յուրօրինակ մեկնաբանություն է տրվել ամորտիզացիոն ծախսերի մասով ներգրավված ֆինանասական միջոցների արժեքին։ Եթե խնդիրը տնտեսագիտական տեսական դաշտում է ապա այն դիտարկվում է հենց այդպես, իսկ եթե այն պարոն Պիպոյանի կողմից բացառվում է հաշվապահական դաշտում, ապա այս դեպքում այն դառնում է ներգավված վարկային միջոց՝ իր համապատասխան տոկոսի չափով և ակներև է, որ պարոն Պիպոյանն իր առաջարկով չի նպաստում ծախսերի նվազեցմանը, այլ ընդհակառակը։

Լիկվիդացիոն ծախսերի մասով. եթե պարոն Պիպոյանի կողմից կատարված են հաշվարկներ, ապա, թեկուզ հրապարակային նույն մեթոդով, առաջարկում ենք դրանք ներկայացնել հանձնաժողովին և հանրությանը, հակառակ դեպքում դրանք կարող են դիտարկվել ուղղակի վերլուծական աշխատանքը ծավալուն դարձնելու փորձ։

Հղումը նախորդ հաշվարկին գրագետ և կոռեկտ չէ, քանի որ դա իրենից ներկայացնում էր տնտեսվարողների կողմից ներկայացված հաշվարկների միջինացված ցուցանիշ և ոչ ավելին։ Այս դեպքում վերադառնալ այդ ցուցանիշին, նշանակում է ուղղակի չցանկանալ տեսնել սեղանին դրված բաղադրիչների հաշվարկը։

Աշխատավարձի վերաբերյալ պարոն Պիպոյանի առաջարկը ուղղակի չի տեղավորվում որևէ օրենսդրական տիրույթում, ընդհակառակը այն կրկին ստվերի առաջարկ է և ստվերային կառավարման մոդելի գերակայության արձանագրում, որն, ինչ խոսք, կարող է իրեն թույլ տալ սովորական վերլուծողը, բայց ոչ տեղական ինքնակառավարման մարմինը։

Երթուղային գծերի մասով  եզրահանգումները հորինվածքի ժանրից են: Խոսվում է մեկ երթուղում օրական 600 ուղևորի փոխադրման մասին, սա ոչ միայն մտքի թռիչք է, այլ ուղղակի մոլորեցնելու պարզ փորձ։ Այս կարգի թվաբանական գործողությունների մանիպուլյացիան վտանգավոր նախասիրություն է, առավել ևս երբ այն  մատուցվում է հասարակությանը և այն էլ սպառողի շահերի առաքելություն ստանձնած կազմակերպության ղեկավարի կողմից։ Այստեղ գերբեռնված ուղևորափոխադրումների ակամա գովք է արվում, ինչը մեր կողմից չի դիտարկվում որպես ծախսերի նվազեցման միջոց կամ լրացուցիչ շահույթի աղբյուր։ Պարոն Պիպոյանը առնվազն կարող է գիտակցել, որ ցանկացած երթուղու ուղևորահոսքի հաշվարկի դեպքում այն պետք է իրականացնել հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչներով շարժակազմի քանակը. այլ մոտեցումն ուղղակի մասնագիտական դաշտից դուրս սիրողական մեկնաբանություն է։

Մեկ միասնական ավտոպարկի գաղափարը, որը մատուցվում է որպես խնդրի արդյունավետ լուծման ուղի, ակնհայտորեն այլ պոպուլիստական ուղղվածություն ունի։ Սակայն պարոն Պիպոյանը պետք է նկատած լիներ որ ի վերջո հաշվարկների կատարման համար  ընտրվում է հենց այդ սկզբունքը և ամբողջ ենթակառուցվածքը իր բոլոր երթուղիներով դիտարկվում է հենց միջինացված գաղափարի համատեքստում և ներկայացվում մեկ միասնականության մեջ, իսկ արդյունքում բոլորիս պարզ է, որ գումարելիների տեղերը փոխելիս, միևնույն է, գումարը չի փոխվում։

Ուղևորափոխադրումների մասով խնդիրը քննարկման որևէ տիրույթում չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հանձնաժողովի կողմից չի ներկայացվել հիմնավոր հաշվարկը։ Այդ պարագայում այնպիսի դժվար հաշվարկելի բաղադրիչի վերաբերյալ՝ ինչպիսին ուղևորահոսքն է, նման հպանցիկ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ ընդիմախոսը ուղղակի արհեստականորեն փորձ է անում այն տանել  քննարկման մակերեսային, սիրողական հարթություն, ինչը մասնագիտական առումով ընդունելի չէ ։

Այնուհանդերձ, թեկուզ և ոչ հիմնավոր, սակայն հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվարկների վերլուծական աշխատանքի փորձը ողջունելի է և այն դիտարկելով ոչ թե որպես ինքնուրույն հաշվարկ, այլ մեր կողմից ներկայացված հաշվարկի վերլուծություն,  ևս մեկ անգամ առաջարկում ենք պարոն Պիպոյանին իր մասնագիտական ներուժը օգտագործել ամբողջական հաշվարկի արդյունք ստանալու համար։

 

ՎԱՀԵ  ՆԻԿՈՅԱՆ

Երևանի քաղաքապետի տեղակալ,

Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930