Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի մեղադրանք է. Երեւանի նախկին փոխքաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Դեկտեմբեր 12,2022 15:09

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա Aravot.am-ին ասաց, որ մեղադրանքն ամբողջությամբ համարում է ապօրինի: Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է «Սանիթեքի» գործով պաշտոնեական չարաշահման համար, մասնավորապես՝ մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:

«Վահե Նիկոյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, քանի որ մեղադրանքով վերջինիս վերագրվել են լիազորություններ, որոնք որպես քաղաքապետի տեղակալ՝ նա երբեւէ չի ունեցել: Հետեւաբար, պարոն Նիկոյանը չէր կարող ոչ պատշաճ կատարել այդ գոյություն չունեցող լիազորությունները: Մեղադրանքի որեւէ հիմնավորում մեզ տրամադրված նյութերում չեմ տեսել»,- Aravot.am-ին ասաց Նիկոյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, վարույթ իրականացնող մարմինը ստացել է կատարողականներն ու եզրակացրել, որ փաստացի, իբրեւ թե ծառայություն չի իրականացվել, բայց գումար է փոխանցվել, բայց. «Նշված գործառույթի հետ Վահե Նիկոյանը որեւէ առնչություն չի ունեցել, այսինքն՝ նման լիազորություն չի ունեցել: Աշխատանքի ընդունման, աշխատանքի կատարման ու դրա փոխանցման հետ կապված պարոն Նիկոյանը ի պաշտոնե առնչություն չի ունեցել»:

Մեր հարցին՝ ի պաշտոնե ում գործառույթների մեջ էր դա մտնում, փաստաբանը դժվարացավ պատասխանել:

Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք ունե՞ն տվյալներ՝ «Սանիթեքն» իսկապե՞ս ծառայություն չի մատուցել ու գումարներ ստացել չարած ծառայության դիմաց, փաստաբանն ասաց՝ այդ տեղեկատվությանը չի տիրապետում. «Մեզ այդ մասն ընդհանրապես չի հետաքրքրել, որովհետեւ պարոն Նիկոյանը նման լիազորություններ չի ունեցել»:

Մեր հարցին՝ կա՞ն կոնկրետ անձինք, որոնք ցուցմունք են տվել Նիկոյանի դեմ, փաստաբանը պատասխանեց՝ ցուցմունքների մասով որեւէ բան չի կարող հրապարակել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031