Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ, ովքեր Պահքը պահում են միայն մոդայից ելնելով, շատ շուտ ձանձրանում են

Մարտ 03,2014 16:06

Մեծ Պահքը հայ առաքելական եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարն է: Այն տևում է 48 օր՝ բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից մինչև Ավագ շաբաթ օրը, որին հաջորդում է Զատիկը: Պահքի ժամանակ մարդիկ հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագում ունեցող ուտելիքներից, այլև այլ տեսակի հաճույքներից, զվարճանքներից:

Լուսանկարը՝ https://www.araratian-tem.am/-ի

Լուսանկարը՝ https://www.araratian-tem.am/-ի

«Պահքը, ըստ էության, մարդու ապաշխարության շրջան է: Մարդն այդ ժամանակահատվածում ինքնազրկմամբ և իրեն նեղություն տալու միջոցով հաղորդական վիճակի մեջ է գտնվում՝ բարձրացնելով զղջողական աղոթքներ առ Աստված»,- ասաց Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

Պահքը միջոց է՝ կամավոր նեղության դիմելով, ձերբազատվելու գործած սխալների դիմաց հետագայում պատիժ կրելուց: Յուրաքանչյուր հիվանդություն սեփական մեղքերի փոխհատուցումն է. «Երբ մարդ կամավոր դիմում է նեղության, ձերբազատվում է պատասխանատվությունից, և ինքնամաքրվելով ստանում է ոչ միայն մեղքերի թողություն, այլև հոգու և մարմնի բժշկություն, Աստծո շնորհներ»,- նշեց տեր հայրը:

Շատ հաճախ մարդկային հոգին և մարմինը պայքարի մեջ են գտնվում: Եվ պահքի ընթացքում՝ տկար կերակուրները ճաշակելով, մենք տկարացնում ենք մեր մարմինը, այդ ընթացքում զորանում է մեր հոգին: Երբ տկարանում է մարմինը, զորանում է հոգին: Տեր Զգոնի խոսքերով, Պահքը նվազեցնում է մարմնական ցանկությունները և թույլ է տալիս հոգին զորացնել:

Տեր Զգոնի խոսքերով, այն մարդիկ, ովքեր Պահքը պահում են միայն մոդայից ելնելով, շատ շուտ ձանձրանում են . «Հնարավոր է մեկ, երկու տարի կարողանան պահել, սակայն վաղ թե ուշ հոգնում են»:

Aravot.am-ը հարցում անցկացրեց անցորդներից Պահքի վերաբերյալ: Կարծիքները տարբեր էին՝ «Ես ամեն տարի պարտադիր պահում եմ Պահքը, դա ինձ համար իմ հոգու մեղքերից ազատվելու միջոց է: Անմեղ մարդ չկա, ուղղակի երբեմն ինքներս էլ չենք նկատում մեր գործած մեղքերը», «Ինձ համար դժվար է հրաժարվել կենդանական մթերքներից, ավելի լավ է չպահեմ, քան պահեմ և խախտեմ», «Ես ամեն տարի պարտադիր պահում եմ, սակայն այս տարի չեմ կարող, քանի որ բալիկի եմ սպասում»:

Այն հարցին, թե ինչու հենց 48 օր՝ Տեր Զգոնը պատասխանեց. «Կա այնպիսի կարծիք, որ երկու 40-օրյա Պահքերը միմյանց համադրվել են, մեկը հրեական մեծ Պահքն է եղել, մյուսը՝ Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը: Քանի որ հրեական Զատիկի օրը համընկնում է Քրիստոսի խաչելության և հարության հետ, հետագայում եկեղեցին փոխեց և սկսեց նշել Զատիկը մոտակա կիրակի օրը: Մենք պահում ենք բուն 48 օր, բայց այդ շրջանը 50-օրյա շրջան է»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31