Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշուր Քալաշյան. «Ես ցավում եմ, որ մեր կառավարության շարքերում մտավորականության ներկայացուցիչներ գործնականում չկան»

Մարտ 06,2014 16:31

Մարտի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Արտակ Ղուլյանը, գեղանկարիչ Սուրեն Խորենյանը, Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Հանդիպման թեման էր Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքականությունը:

«Մտավորականությունը ազգի սերուցքն է: Ես ցավում եմ, որ մեր կառավարության շարքերում մտավորականության ներկայացուցիչներ գործնականում չկան: Ասացվածք կա՝ «Ցանկացած ազգի մշակութային դեմքը ճարտարապետությունն է»: Այն, ինչ կատարվեց մեզ մոտ ճարտարապետության ասպարեզում, ակնհայտ է: Երևանում քայլելու և հրճվելու տեղեր չունենք: Աղավաղելուց զատ, մենք սկսել ենք կործանել»,- ասաց պրն Քալաշյանը:

Նա անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին: «Զվարթնոց» օդանավակայանի շենքը պետական է, վարձակալությամբ տրվել է Էռնեկյանին՝ 40 տարի ժամկետով: Պայմանագրի ժամկետից անցել է մի քանի տարի, ես գոնե ականատես եմ եղել, թե ինչպես նա հարց էր բարձրացրել հին օդանավակայանը հարմարեցնել այսօրվա պայմաններին, արդիականացնել այն առումով, որ այն սովետական ժամանակաշրջանի համար էր նախագծված, ներքին ռեյսերի համար էր, անձնագրային ստրուկտուրաներ չկային: Եվ քանի որ մենք անկախացանք, վիզաների խնդիր առաջացավ: Եվ նա որոշում կայացրեց կողքը նոր շենք կառուցել: Եվ դրանով կոնֆլիկտը վերացավ: Եվ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ շահագործումից հետո անմիջապես հարց կծագի հին օդանավակայանը քանդել»,- ասաց պրն Քալաշյանը: Նա նշեց, որ միշտ խոսակցություններ են եղել, որ այլ նպատակի համար օդանավակայանի համակարգի մեջ կարող է օգտագործվել: Նա ասաց, որ քանդելու խնդիրը լուծելու համար հարցը դրվել էր Հանրային խորհրդի քննարկման: Եվ իրենք մերժել են:

«Որոշումը ներկայացվեց երկրի նախագահին: Ներկայացվեց կառավարության որոշումից 1 շաբաթ առաջ: 1 շաբաթ հետո ես ինքս հեռուստացույցով լսում եմ՝ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, այսինքն՝ կառավարության մարմինը, քննարկել է, և վարչապետը հավանություն է տվել օբյեկտի քանդելուն»,- ասաց պրն Քալաշյանը: Նա նշեց, որ մասնագիտական բացատրություններով նամակ են ուղարկել նախագահին և պրն Էռնեկյանին: Սակայն 1,5 ամիս է անցել,  դեռ պատասխան չկա:

Գեղանկարիչ Սուրեն Խորենյանն անդրադարձավ Գառնու տաճարի մոտ կատարվող դեպքերին: «Գառնին բերդ է: Եվ բերդը պետք է անսասան մնա: Երբ մտնում եմ այնտեղ, մտովի պատկերացնում եմ գործող ժամանակը»,- ասաց պրն Խորենյանը:

Երևանի ԳՄ նախագահ Աբգար Ափինյանն իր հերթին ասաց. «Ողջ աշխարհն ունի հիշողության դաշտ: Այսօր մենք աստիճանաբար նեղացնում ենք այդ դաշտը: Մեր գենետիկայի մեջ դարերով չկար բողոքելու այս մանիան, որով ապրում է մեր ժողովուրդն այսօր: Ամեն օր  բողոք, ամենուր բողոք: Կառավարությունում մարդիկ, որոնք չեն պատկերացնում իրենց գործը, պետք  է հեռանան»:

«Այն թվացյալ մտահոգությունը, սրտացավությունը, որ կա, ոչինչ է, եթե վերաբերմունքն այսպիսին է: Սա կամայական, սիրողական վերաբերմունքի արդյունք է: Հենց մշակույթի նախարարության համապատասխան մասնագետները պիտի թվարկեն այն «չի կարելիները», որոնք պարզապես չի կարելի կիրառել հուշարձանների նկատմամբ»,- ասաց ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Իսկ պրն Քալաշյանը, անդրադառնալով Փակ շուկայի հարցին, ասաց. «Մշակույթի նախարարությունում մշակույթից բան հասկացող մարդ չկա, եթե կա էլ, ձայնազուրկ է: Այդ դեպքերից հետո նախարարը պետք է դուրս գար. դա կլիներ ապտակ կառավարությանը»:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31