Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ. Սաշուր Քալաշյան

Ապրիլ 04,2024 17:28

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ դեռեւս փետրվարի 5-ին հանդիպել էին ոլորտի տնտեսվարողների հետ եւ քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված է եղել գործող կարգավորումների հետ: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող տնտեսվարողները ներկայացրել էին առաջարկներ եւ դժգոհություններ: «Պարզ դարձավ, որ խնդիրը կապված է ոչ թե տեսչական մարմինների հետ, այլ այն կարգավորումների, որոնց հիման վրա տեսչական մարմիններն աշխատում են»,- ասել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ այսօրվա հանդիպումը միտված է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ վերստին քննարկելու խնդիրները: «Հույս ունենք, որ այս հանդիպումը կավարտվի ավելի առարկայական եզրահանգումներով»,- ասել է նա:

Տնտեսվարողների ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հայտնել է՝ խնդիրն այն է, որ ոլորտի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում առկա է այն իրավիճակը, որը գրեթե չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված կարգերին, ձեւերին եւ նորմերին: «Այսօր իրողությունն այն է, որ ունենք բազմաթիվ՝ սեփականության վկայական ունեցող, շինարարական եւ համապատասխան բոլոր թույլտվություններով կառուցված ավելի քան 20-30 տարի շահագործվող օբյեկտներ, որոնք այսօր փակման վտանգի տակ են, քանի որ կիրառվում են մի քանի շինարարական նորմեր եւ կանոններ, որոնք անթույլատրելի են դարձնում համապատասխան տեսչական մարմնի կողմից տվյալ օբյեկտի գործունեությունը»,- ասել է նա: Արա Հովհաննիսյանը փոխանցել է տնտեսվարողների առաջարկը, այն է՝ վերանայել գործող շինարարական կանոնները եւ նորմերը, որ արդյունքում լինի այնպես՝ հնարավոր լինի տարանջատել գոյություն ունեցող եւ գործող օբյեկտը նոր կառուցվող եւ նախագծվող օբյեկտից: Ըստ նրա՝ 40-50 տարի առաջ մշակված նորմերն այլեւս արդիական չեն տեխնոլոգիական եւ այլ առումներով:

Ելույթ ունեցողը ներկայացրել է միջազգային փորձը, նշել, որ այսօրվա վառելիքը որակապես տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ եղած վառելիքից, հետեւաբար բենզալցակայաններին ներկայացվող պահանջները պետք է համապատասխան լինեն: Ըստ նրա՝ վառելիքի վաճառքով զբաղվող օբյեկտների գործունեության արդյունքում այսօր 100 մլրդ դրամ մուտք է լինում պետբյուջե: Նշվել է, որ բենզալցակայանների մեծ մասում առկա է մեկ հրշեջ ջրածորան (հիդրանտ), սակայն պահանջվում է ունենալ երկուսը, ինչը խնդրահարույց է՝ ըստ տնտեսվարողների: Նշվել են նաեւ այլ պահանջներ:

Պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց կառույցների դիրքորոշումները, ինչպես նաեւ օրենսդրական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ոլորտի կարգավորումները: Փաստարկվել է երկրորդ հիդրանտի կարեւորությունն անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի խորհրդական Սաշուր Քալաշյանի խոսքով քաղաքաշինական նորմերը մի նպատակ ունեն. ապահովել բնակչության, մարդու ապրելու եւ արարելու անվտանգ միջավայրը: Նրա խոսքով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիներին բենզալցակայանների մեծ մասը գործել է հախուռն կերպով, շատ անգամ առանց թույլտվության կամ սխալ թույլտվությամբ, այնուհետեւ, երբեմն անօրինական կերպով, ստացել կադաստրային գրանցում: «Բոլոր դեպքերում, բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ: Գիտականորեն հասկացվի, վերլուծվի եւ որոշում կայացվի»,- ասել է նա:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է՝ պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն ե՛ւ տնտեսվարողների շահերը, ե՛ւ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:

Որոշվել է համապատասխան կառույցի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930