Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են մտածում կառավարությունում Գյումրիի ցեխոտ փողոցների վերաբերյալ

Մարտ 19,2014 14:40

Այս թեման հունից հանել է անգամ Գյումրիի ավագանուն

Գյումրիի փողոցների ցեխը, որը պարալիզացրել, դժոխքի է վերածել այս քաղաքի բնակիչների կյանքը (վերջիններս խայտառակ են լինում անգամ մեռելներին հուղարկավորելիս), երեկ դարձել էր Գյումրիի ավագանու անդամների ուղերձի թեման: Ավագանու անդամներից մեկը` Տիգրան Հովհաննիսյանը, ընթերցեց ուղերձը, որն ուղղված էր «Հայջրմուղկոյուղի»-ի ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Ուղերձում ավագանու անդամները դժգոհում էին, որ ձեռնարկված քայլերը չեն ապահովում պահանջված արդյունքը, ուստի եւ պահանջում էին փողոցների անմխիթար վիճակը շտկելու համար կանոնակարգել աշխատանքները: Հիշեցնենք, որ Գյումրիում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով նոր ջրագծեր ու կոյուղագծեր են քաշում քաղաքի բոլոր թաղամասերում, որն էլ երբեմն պատճառ է դառնում, որ փողոցները քանդեն: Ավագանու անունից հանդես եկող անդամի պարզաբանմամբ՝ եթե այս խայտառակ հարցը ջրմուղը չկարգավորի, իրենք կդիմեն ավելի բարձր ատյանների, օրինակ` կառավարությանը:

Սամվել Բալասանյանը ավագանու նիստից հետո մամուլի ասուլիս տվեց փողոցների թեմայով: Լրագրողները պարոն Բալասանյանից հետաքրքրվեցին` ինչո՞ւ նա փողոցների հարցը չի բարձրացնում կառավարությունում, ինչո՞ւ գումար չի պահանջում, ի վերջո՝ ինչո՞ւ մայրաքաղաքի որոշ փողոցներ մի քանի անգամ են ասֆալտապատում, նորմալ վիճակում գտնվող ասֆալտը քանդում են` նորից ասֆալտապատելու համար, իսկ Գյումրու համար հավերժ փող չկա, այս քաղաքը համարում են երկրորդական: Եվ մի՞թե Գյումրու քաղաքային բյուջեն ի վիճակի է լուծել փողոցների հարցը, երբ մոտավոր հաշվարկներով՝ 80-150 միլիոն դոլար է անհրաժեշտ քաղաքի փողոցները տեսքի բերելու համար:
«Հրատապ ծրագրով ամեն տարի տրվում են գումարներ, էս տարի հատկացվել է մոտավորապես 420 միլիոն դրամ գումար, մինչեւ 480 միլիոնի էլ երեւի թե մենք գործ կանենք, մեկ միլիարդը կփորձենք լրացնել: Դե, հիմա պետության հնարավորությունը էդքան է, ինչքան որ հնարավորություն ունի, տալիս է: Իհարկե, եթե լրացուցիչ եղավ… տեսեք, մենք անցած տարի կարողացանք օդանավակայանի ճանապարհը ասֆալտապատել, եկեղեցու հատվածը շատ կարեւոր է, Աբովյան փողոցը, ինչպես նաեւ թատրոնի հատվածը»,- թվարկեց քաղաքապետը:
Նրա այս թվարկմանը լրագրողներից մեկը կատակով ասաց. «Ուրմեն սպասենք Պուտինի այցին էլի»: Հիշեցնենք, որ պարոն Բալասանյանի թվարկած փողոցները ասֆալտապատվեցին Վլադիմիր Պուտինին Գյումրիում հյուրընկալելու համար, ու տեսքի բերվեցին այն հատվածները, որտեղով պիտի անցներ Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ասֆալտը բավական թանկ նստեց մեր կառավարության վրա, քանի որ այն այնպիսի շերտ պիտի ունենար, որ դիմանար ՌԴ նախագահի զրահապատ մեքենային: Լրագրողի կատակից անակնկալի եկած քաղաքապետն ասաց. «Ճիշտն ասած, Պուտինի այցին չենք սպասում, մենք փորձում ենք հավերժ մշակութային մայրաքաղաք լինել, հիմա մենք մշակույթի նախարարության հետ հուշագիր ենք ստորագրելու, որպեսզի էն տեմպը, որն ունեցանք 2013 թվականին՝ որպես մշակութային մայրաքաղաք, ունենանք նաեւ 2014 թվականին: Սա նույնպես կբերի նրան, որ մենք կարողանանք լրացուցիչ գումարներ ստանալ ձեր ասած փողոցները ասֆալտապատելու համար»: Սամվել Բալասանյանը նաեւ ասաց, որ ինքը կկատարի իր խոստումը՝ կասֆալտապատի Գյումրու փողոցները, միայն թե դա շատ դժվար է, որովհետեւ անչափ փողատար է:

Նշենք, որ Գյումրիում փողոցների պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը ոչնչով չի զիջում եվրոպական կամ ամերիկյան որեւէ երկրում տեղի ունեցած բնական աղետներին, սակայն ի տարբերություն այդ երկրների ղեկավարության, որոնք անմիջապես շտապում են աղետի վայր՝ իրենց աչքով տեսնելու կատարվածը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գերադասեց մայրաքաղաքի իր մաքուր առանձնասենյակում՝ հեռակա կարգով ծանոթանալ Գյումրու փողոցների ցեխոտ վիճակին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31