Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Էդ. Հակոբյանին

Ապրիլ 03,2014 13:55

14.03.2014թ.-ին ընդունած «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու, թիվ 13200812 քրեական գործի նյութերով, ինչպես նաեւ Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից մամուլում տպագրված հոդվածների հիման վրա նոր քրեական գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
Թիվ 13200812 քրեական գործով Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Արտակ Ղուկասյանը քրեական գործով իրեն մեղավոր չի ճանաչել եւ առաջադրված մեղադրանքները չի ընդունել:

ՀՔԾ-ում Արտակ Ղուկասյանը եւ նրա մերձավոր հարազատները տվել են ցուցմունքներ՝ Արտակ Ղուկասյանին առեւանգելու վերաբերյալ:

Մամուլում տպագրվել են Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների բաց նամակները՝ հասցեագրված ՀՀ նախագահին, որտեղ ներկայացվել են Արտակ Ղուկասյանին առեւանգելու փաստերը: 14.03.14թ.-ին ընդունել եք «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը, որի ուսումնասիրությունից պարզվում է, որ՝ «Նախաքննության ընթացքում Արտակ Ղուկասյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Գուրգեն Սարգսյանը՝ Արման Սարգսյանի եղբայրը, վերջինիս հանձնարարությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից Ռուսլան Գրիգորյանի հետ իրեն տեղափոխել են Եղվարդ քաղաքի իրենց առանձնատուն, որտեղ են գնացել նաեւ Արման Սարգսյանը, վերջինիս կրտսեր եղբայրը` Վաչե Սարգսյանը, քավորը` Վահրամ Մկրտչյանը, եւ ընկերները` Արսեն Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցներ Ռուսլան Բադալյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, ովքեր, բացի Վահրամ Մկրտչյանից, իրեն դաժան ծեծի են ենթարկել, որին ներկա է գտնվել իր հավատարիմ աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում նույնպես տարել են Եղվարդ քաղաքի իրենց առանձնատուն: Առանձնատանն Արման, Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը հետաքրքրվել են իրենց տված գումարներով, ապա տեղեկանալով, որ տանը ոսկյա զարդեր ունի պահած, Գուրգեն Սարգսյանն ու Վահրամ Մկրտչյանը գնացել են իր տուն, ընտանիքի անդամներից թաքցնելով իր գտնվելու տեղը, պահանջել են ոսկյա զարդեր, խաբել, թե դրանք իրեն են պետք: Այդ կերպ նրանք ստացել են տարիների ընթացքում իր կուտակած, ինչպես նաեւ մոր, կնոջ եւ քրոջ ոսկյա զարդերը՝ ընդհանուր 150. 000 ԱՄՆ դոլար արժողությամբ: 2012թ. մայիսի 12-ի գիշերը Ռուսլան Գրիգորյանը եւ Վաչե Սարգսյանն իրեն տեղափոխել են վերջինիս պատկանող Եղվարդում գտնվող քարի արտադրամաս եւ պահել վագոն-տնակում, ապա տեղափոխել նույն արտադրամասի քարե շինության երկրորդ հարկի սենյակ: 2012թ. մայիսի 12-ին, ժամը 10-ի սահմաններում, տեղափոխել են Զաքյան փողոցում գտնվող ՀԺԱՄ կուսակցության շենք: Այնտեղ կանչելով Լիլիթ Մելքոնյանին՝ հաշվարկներ է պահանջել գրավատներում եւ տարադրամի փոխանակման կետերում ներդրած գումարների վերաբերյալ: Սակայն որոշ ժամանակ անց, նշված շենքի մոտ հավաքվելով իր հարազատներն ու պարտատերերը, իրեն կրկին տեղափոխել են Եղվարդի քարի արտադրամաս, որտեղ շուրջ 3 ժամ իր հետ բանակցելուց հետո, ժամը 18: 00-ի սահմաններում տարել են Երեւանի Կոմիտասի պողոտա եւ տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն: Իրեն ծեծի ենթարկելու հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ, կոտրվել է քթոսկրը: Հաջորդող օրերին Գուրգեն Սարգսյանի միջոցով իրենից խլել են ունեցվածքը` Գ.Նժդեհի 12/50 եւ Մաշտոցի 43/34 տարածքների 50 տոկոս բաժնեմասերը, որոնք սեփականության իրավունքով գրանցված են եղել մոր` Ամալյա Բեկլարյանի անվամբ, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկա եւ գումարներ:» (մեջբերում որոշումից), որից հետո որոշել եք՝ «1. Սույն քրեական գործով Վահրամ Մկրտչյանի, Գուրգեն Սարգսյանի, Վաչե Սարգսյանի, Արման Սարգսյանի, Արսեն Ալեքսանյանի, Ռուսլան Բադալյանի, Ռուսլան Գրիգորյանի եւ Հրաչ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված` ազատությունից ապօրինի զրկելու, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնիրավչություն կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծելու, ինչպես նաեւ նույն օրենսգրքով նախատեսված սեփականության կյանքի եւ առողջության դեմ ուղղված որեւէ հանցագործության հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ» (մեջբերում որոշումից):
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների», իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»: ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն արարքը, որը՝ 1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»: Քրեական գործի նյութերից, մասնավորապես՝ սույն միջնորդության 2-րդ կետում ներկայացված փաստերից, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 7-րդ (1-ին մաս), 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին եւ 4-րդ մասեր), 131-րդ (1-ին եւ 2-րդ մասեր) եւ 333-րդ (1-ին եւ 2-րդ մասեր) հոդվածներում նշված դրույթների համադրումից հետեւում է, որ կատարվել է հետեւյալ ծանր հանցագործություններից որեւէ մեկը.
Վահրամ Մկրտչյանը, Գուրգեն Սարգսյանը, Վաչե Սարգսյանը, Արման Սարգսյանը, Արսեն Ալեքսանյանը, Ռուսլան Բադալյանը, Ռուսլան Գրիգորյանը եւ Հրաչ Հովհաննիսյանն առեւանգել են Արտակ Ղուկասյանին, այսինքն՝ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործություն, Արտակ Ղուկասյանը եւ նրա մերձավոր հարազատները կատարել են սուտ մատնություն, այսինքն՝ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության եւ դատախազության մարմինների, ինչպես նաեւ դատավարության մասնակիցների համար»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաեւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը եւ մյուս օրենքները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին եւ 7-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներից հետեւում է, որ Քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինը (Դուք) պարտավոր է (եք) պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լրատվության միջոցներին հասցեագրված եւ չհրապարակված հաղորդակցություններում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ՝ առանց մեղադրյալի մասնակցության»:

Սույն միջնորդության 2-րդ կետում ներկայացված փաստերից հետեւում է, որ Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների հայտարարությունները բավարարում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ, 176-րդ (1-ին մաս), 177-րդ (1-ին մաս) եւ 184-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում` 1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի եւ քրեական օրենքով նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու առիթի եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին»: Քանի որ Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում տրված ցուցմունքներում եւ մամուլում տպագրված հոդվածներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով (3.1 կետ) կամ 333-րդ հոդվածի 2-րդ մասով (3.1 կետ) նախատեսված ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ փաստեր, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ (2-րդ մաս), 27-րդ եւ 182-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներից հետեւում է, որ նախաքննական մարմինը (Դուք) պարտավոր էր (էիք) հարուցել քրեական գործ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը եւ դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` 9) հարուցել միջնորդություններ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործի նյութերին ծանոթանալուց հետո քննիչը մեղադրյալից, պաշտպանից, ինչպես նաեւ տուժողից, քաղաքացիական հայցվորից, քաղաքացիական պատասխանողից եւ նրանց ներկայացուցիչներից պարզում է, թե նրանք ունե՞ն, արդյոք, լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ներկայացվում են մեկօրյա ժամկետում»: Քանի որ ներկայացնում եմ գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Ղուկասյանի շահերը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ (1-ին մասի 9-րդ կետ) եւ 287 (1-ին մաս) հոդվածներով ամրագրված դրույթներից հետեւում է, որ ես իրավունք ունեմ նախաքննական մարմնին (Ձեզ) ներկայացնելու միջնորդություն: Միջնորդում եմ` վերացնել Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների ցուցմունքների հիման վրա 14.03.2014թ.-ին ընդունած «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը, քրեական գործի նյութերով, Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից մամուլում տպագրված հոդվածների հիման վրա ընդունել որոշում՝ նոր քրեական գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ

Արտակ Ղուկասյանի պաշտպան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930