Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ջրբաշյան. հանքարդյունաբերությունը գտնվում է «ոչ բարենպաստ պայմաններում»

Ապրիլ 04,2014 13:44

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն ասաց` թեպետ Հայաստանը փոքր տարածք է, այնուամենայնիվ, ունի շատ հարուստ ընդերք:

«Մենք չունենք էներգակիրներ, նավթ եւ գազ, բայց ունենք տարբեր տիպի մետաղական հանածոներ: Առաջին հերթին` պղինձ-մոլիբդենը, ոսկին, կապարը եւ, իհարկե, շատ մեծ շրջանակներ կան ոչ մետաղային օգտակար հանածոների: Դրանք տարբեր տիպի շինանյութներն են, տուֆը եւ այլն»:

Սակայն հավելեց, որ այսօր Հայաստանը դարձել է հումք  մատակարարող երկիր  եւ զգալի տնտեսական ներդրումները կատարվում են խտանյութերի վաճառքով: «Սա երկրաբանների կարծիքով ճիշտ չէ, որովհետեւ խտանյութի արժեքը շատ ավելի ցածր է, քան խտանյութից մշակված ինչ-որ ապրանքների արդյունք»:

Նա ասաց, որ ներկայումս ավելի շատ գնահատվում են գերմաքուր նյութերը, քանի որ դրանց մեկ կիլոգրամը կարող է 10 տոննա խտանյութից ավելի թանկ լինել: «Սակայն, այս տիպի աշխատանքը պահանջում է լուրջ եւ նոր տեխնոլոգիաների ներդրում, եւ երկար ժամանակ` շահույթը տեսնելու համար: Ցավոք, մեր տնտեսությունը աշխատում է, որ այսօ´ր վաճառեն, որ այսօ´ր շահույթ լինի, եւ ավելի երկար ժամկետի ներդրումները չեն խրախուսվում: Բայց, սա տանում է փակուղի»:

Այն հարցին, թե ի՞նչ վիճակում է գտնվում հանքարդյունաբերությունը, Ռ. Ջրբաշյանը պատասխանեց, որ գտնվում է «ոչ բարենպաստ պայմաններում», քանի որ կառավարությունը չի պարտադրում մասնավոր ձեռնարկություններին, որոնք մշակում են տարբեր հանքավայրեր, կատարել իրենց վերաբերող պարտականությունները գործնականում, այլ ոչ թե միայն թղթի վրա: «Բնապահպանական հարցերը լուրջ հարցեր են, որովհետեւ չի կարելի բնությունը այդ վիճակի մեջ գցել: Իսկ Հայաստանում, օրինակ, Քաջարանի «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը իր արտադրանքը ավելացնելու ծրագիր է մշակում տարեցտարի, դա անթույլատրելի է, որովհետեւ դա ունի ե´ւ բնապահպանական լուրջ խնդիրներ, ե´ւ  սոցիալական: Հանքավայրը անխնա օգտագործեն, հետո այդտեղի բնակիչները ի՞նչ պետք է անեն: Սրանք լուրջ հարցեր են: Սովետական տարիներին  հանքավայրում մշակվում էր ութ միլիոն տոննա հանքանյութ, այսօր արտադրում են 20 եւ ծրագրեր էլ կան, որ 30 տոննա արտադրեն: Չի կարելի այդպես անխնա վերաբերվել երկրին, քանի որ երկրի ընդերքը չի վերականգնվում»:

Հատկանշական է, որ այս կիրակի երկրաբանների օրն է: Վերջինս` որպես տոն հաստատվել  է դեռ նախկին Խորհրդային միության կառավարության որոշմամբ՝ 1966 թվականին: Երկար տարիներ այն նշվել է ապրիլ ամսվա առաջին կիրակի օրը, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, երկրաբանների օրը միացավ արդյունաբերության աշխատողների օրվան: Սակայն Ռ. Ջրբաշյանը հավելեց, որ երկրաբանների օրը առանձնացնելու միտումներ կան: «Ես շատ կկարեւորեի, որ երկրաբանի օրը առանձնանա, քանի որ երկրաբանությունը երկրի տնտեսության զարգացման հիմնական հենարանն է, եւ ոչ մի երկիր չի կարող ունենալ քիչ թե շատ զարգացած տնտեսություն՝ առանց երկրաբանի աշխատանքի»:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930