Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը հոգեբանական խնդիրներ ունեն»

Ապրիլ 16,2014 14:35

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու հենց առաջին րոպեներից արդեն խոսվում է նոր կառավարության կազմի մեջ ոչ իշխանական ուժերի ներգրավման մասին. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, չի բացառել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է կառավարության մաս կազմել: Չնայած ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն վստահեցրել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա չի կազմի, բայց մամուլում դեռեւս շրջանառվում է ԲՀԿ-ի՝ կառավարություն մտնելու հավանականությունը:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելը անտրամաբանական համարեց. «Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահելու համար փորձում է ժամանակը հետ պտտել ու գնալ 2008 թվականի պայմանավորվածություններին, որոնք կայացրել էին 4 ուժերի շրջանում՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ ՀՅԴ. դա կհաջողվի՞, թե՞ ոչ՝ կարելի է քննարկել: Ինձ թվում է՝ տրամաբանական չէ ԲՀԿ-ի մուտքը կոալիցիա, որովհետեւ շատ քիչ հավանականություն կա, որ այս նոր կառավարությունը երկար կմնա. այն հարցերը, որոնք հուզում էին հանրությանը, որոնք դեմ էին լարել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, այդ քայլերից կառավարությունը չի հրաժարվում, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումները կամ հանքարդյունաբերության անվերահսկելի վիճակը, որը բնությունը քայքայում է, եւ բազմաթիվ այլ հարցեր, ուստի տրամաբանություն չկա այդ կոալիցիայի մեջ մտնելու»: Արդյոք ՀՅԴ-ն կմտնի՞ կոալիցիոն կառավարություն՝ մեր այս հարցին էլ պարոն Դանիելյանն ասաց. «Դաշնակցությունը շատ քիչ ռեսուրս ունեցող կուսակցություն է, նրան որեւէ լուրջ հեռանկար չի սպասվում, կարծում եմ՝ նրանք կփորձեն գոնե կարճ ժամանակով օգտվել կառավարության անդամ լինելուց՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պետք է իմանա, որ 2-րդ անգամ՝ 2008 թվականից հետո, հանրային քաղաքականությունը, որը ինքը կարող էր պահել կոալիցիա մտնելուց հետո, այլեւս նրանց չի ներվելու»:

Երեկ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն, ըստ էության, չի հերքել, որ ՕԵԿ-ը կլքի կոալիցիոն կառավարությունը: Պարոն Մարգարյանն ասել էր, որ ՕԵԿ քաղխորհրդի նիստում այսօր այդ հարցը կքննարկվի, եւ ամեն ինչ պարզ կլինի: Այս կուսակցության՝ կոալիցիան լքելը քաղաքագետը ոչ էական համարեց. «ՕԵԿ-ի մուտքը կամ ելքը էական չէ, եւ ինձ թվում է՝ այդ կուսակցության ղեկավարն իր կուսակցության նախարարներին չի վերահսկում. նա ուղղակի Հանրապետական կուսակցության կցորդն է եւ մուտք կգործի կոալիցիա, թե ոչ՝ ՀՀԿ-ն կորոշի»:

Մեր դիտարկմանը՝ որոշ վերլուծաբաններ կարծում են, թե ՀՀ նախագահին նույնիսկ ձեռնտու չէ, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնի, քանի որ Սերժ Սարգսյանին ձեռնտու է ԲՀԿ-ի պես ընդդիմությունը, որը, ի տարբերություն ՀԱԿ-ի, Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, մինչդեռ կոնսուլտացիաներ է անում ՀԱԿ-ի հետ, եւ ԲՀԿ-ին ընդունում են որպես ընդդիմություն «խաղացող», քաղաքագետն ասաց. «Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ն կուզի եւ ձեռնտու է, որ ԲՀԿ-ն մտնի կառավարություն եւ ստանձնի պատասխանատվությունը հեռանկար չունեցող այս կառավարության, եւ դրանով երկարաձգի իր՝ ՀՀԿ-ի իշխանություն մնալու ժամանակը: Ինչ վերաբերում է ընդդիմություն խաղալուն, ինձ թվում է՝ ԲՀԿ-ն հավակնություններ ունի իշխանությունն ամբողջությամբ ստանձնելու»: ՀԱԿ-ի՞ հետ է ուզում ԲՀԿ-ն ամբողջական իշխանությունը ստանձնել՝ մեր այս ճշտող հարցին պարոն Դանիելյանն ասաց. «Այո, ինձ թվում է՝ այդպես է, ՀԱԿ-ի հետ միասին: Ուղղակի ԲՀԿ-ն կամ նրա առաջնորդը (Գագիկ Ծառուկյանը-Ն. Բ.) հոգեբանական խնդիրներ ունի. ժամանակին իշխանության մեջ է եղել, ԲՀԿ նախագահն ու նրա անդամներից շատերը գործարար են, բիզնեսներ ունեն, եւ հասկանալի է, որ խուսափում են իշխանությանը հարվածել, ուստի մեղմ են ձեւակերպում իրենց ցանկությունները, բայց բովանդակային առումով, ինձ թվում է, բնականաբար պետք է կողմ լինեն Սերժ Սարգսյանի հեռացմանը: Եթե հետեւենք ԲՀԿ-ամերձ մամուլին, ապա հստակ այդ ամեն ինչն ասվում է»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ի առաջին դեմքերը չեն ասում, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, քաղաքագետն ասաց. «Քաղաքականության մեջ երբեմն կարեւոր է ոչ թե՝ ինչ են ասում, այլ՝ ինչ չեն ասում, եթե չեն ասում, որ սատարում են այս իշխանություններին, սա նույնպես ասելու ձեւ է»:

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելն էլ, ըստ քաղաքագետի, ընդունելի տարբերակ էր օլիգարխիկ համակարգի համար. «Իսկ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը՝ այդ բոլորն, ըստ երեւույթին, քրեաօլիգարխիկ համակարգն են»: Պարոն Դանիելյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը այդ քրեաօլիգարխիկ համակարգի մոտ կորցրել էր իր վստահությունը, որը կապված էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքականությամբ, եւ որպեսզի իրավիճակը նորից դարձներ վերահսկելի, ՀՀ նախագահը վարչապետ նշանակեց այն մարդուն, որը վստահություն է վայելում այդ համակարգի մոտ:

«Առավոտի» այն հարցին էլ՝ կարծիքներ կային, թե Տիգրան Սարգսյանը փորձում էր պայքարել օլիգարխիայի դեմ, արդյոք նրա պաշտոնանկությունը կապ ունե՞ր դրա հետ, պարոն Դանիելյանն ասաց. «Այո, կապ ուներ, իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը՝ ի դեմս նրա քաղաքականությունը իրականացնող Տիգրան Սարգսյանի, փորձում էր նեղացնել քրեաօլիգարխիկ համակարգի լիազորությունները եւ նրանց մի նեղ ընտանիքի վերահսկողության տակ դնել: Այսինքն՝ պայքարը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ էր, եւ նպատակն էր այս երկրի ռեսուրսները մի ընտանիքի շրջանակում տեղավորել՝ խոսքը Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին է: Սրա հետեւանքով այս համակարգը, որը այն տեսքով՝ ինչպիսին կա, ձեւավորվել էր 2008 թվականից հետո կոալիցիայի տեսքով, ինքը այդ պայմանավորվածությունը սկսեց խախտել, համակարգը վերահոսկողությունից սկսեց դուրս գալ»: Մեր այն դիտարկմանը, որ կարծիք կա, թե նախկին վարչապետը ձախողել էր տնտեսության զարգացման ծրագիրը, որը նաեւ նախագահն է հաշվի առել, ուստիեւ լքեց պաշտոնը, քաղաքագետն ասաց. «Տիգրան Սարգսյանի տնտեսական անհաջողությունները պայմանավորված են գերմոնոպոլիզացիայով, երբ ամբողջ երկրի ռեսուրսը կենտրոնացված է Սերժ Սարգսյանի եւ իր մերձավորների ձեռքին, ապա մրցակցությունը վերանում է տնտեսական դաշտում, 2-րդ` խաղի կանոնների վերացում, որի հետեւանքով ներդրումները հասանելի էին մի ուժի, 3-րդ` բարոյահոգեբանական վիճակը հասարակության մեջ: Երբ կա անվստահություն իշխանությունների հանդեպ, որի հետեւանքով նաեւ արտագաղթն է աճում, իսկ արտագաղթի առաջին պատճառը հոգեբանականն է, հետո` տնտեսականը: Բնականաբար, սրանք իրենց դերը կատարեցին, որ հասանք այն վիճակին, որն այսօր կա: Բացարձակապես վերահսկողություն չկա բյուջեի վրա, կառավարության քայլերն անհասկանալի էին հասարակության համար եւ ուղղված էին բիզնես-միջավայրի դեմ: Բիզնես-միջավայրում կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, բայց կան նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի շատ ներկայացուցիչներ. սա այն դեպքն էր, երբ այս կառավարությունը ոչ ոքի ձեռնտու չէր»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Ամոթ Ձեզ, որ ամբողւ հարցազրույցից վերցրել եք միայն մեկ արտահայտություն և այն կենտքստից դուս ներկայացնելով սխալ կարծիքներ եք ձևավորում. ձեր գործելաոճը հարիր չէ պրոֆեսիանլ կայքի գործելաոճին, իսկ ԲՀԿ-ն ՀՀ երկրորդ ուժն է` թե իր կայացվածությամբ, թե իր քաղաքական կուրսով և թե իր կազմակերպվածությամբ. վերջ տվեք նման գործելաոճին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930