Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հարցի կարգավորման հեռանկարում ԵՄ պատգամավորը դոմինանտ է տեսնում ազգերի ինքնորոշման իրավունքը 

Մայիս 05,2014 17:54


«Բասկերի երկիրն անկախ պետություն չէ, բայց ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է: Մինչդեռ մեր երկիրը ԵՄ անդամ է, իսկ ԼՂՀ-ն դեռ ճանապարհ ունի ԵՄ մտնելու համար»,- այսօր «Արմենպրեսի» մամուլի ակումբում, համեմատություններ անցկացնելով իր երկրի եւ ԼՂՀ-ի մեջեւ, կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի անդամ, Բասկերի խորհրդարանի ներկայացուցիչ Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսը:

Պատգամավորն իր տպավորությունները կիսեց ԼՂՀ կատարած այցից եւ խոսեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա հնարավոր զարգացումների մասին: Իր երկրի հետ զուգահեռներ անցկացնելով՝ պատգամավորը նկատեց, որ ժամանակին իր երկրի խորհրդարանը տնտեսական եւ կրթական համակարգերում ճիշտ առաջնայնություններ սահմանելով`անցած 30-32 տարիների ընթացքում, հաղթահարելով բազում բարդություններ, այդ թվում նաեւ տեռորիստական խմբավորումների ակտիվությանը դիմագրավելով, հասավ նրան, որ Բասկերի երկիրն այսօր զարգացող երկիր է: 
ԼՂՀ կատարած այցը պատգամավորն իր համար շատ հետաքրքրական բնութագրեց`լիրիկական զեղումներ տալով`ասաց, որ «ԼՂՀ-ի պատկերն իր հետ այսուհետ կտանի աշխարհի տարբեր ծայրեր»: Իրենք ի սկզբանե տպավորություն են ունեցել, որ ԼՂՀ-ն ռազմական գործողությունների մեջ գտնվող երկիր է`փողոցներում տանկեր, զինվորներ, փոխհրաձգություններ, բայց տեսել է մի գեղեցիկ, փոքրիկ, խաղաղ երկիր` նման շատ այլ երկրների: ԼՂՀ վարչապետի, խորհրդարանի ղեկավարի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նա համոզվել է, որ ԼՂՀ-ն դեմոկրատական երկիր է, որը փորձում է ձեռք բերել նոր արժեքներ: ԼՂՀ-ն գտնվում է այդ փոխակերպման վիճակում եւ իր գնահատմամբ դա բավականին լավ է անում` համեմատած մի շարք եվրոպական երկրների հետ. «ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից պետք է ճանաչվի ինչպես զարգացած երկիր, ինչպես շատ այլ եվրոպական երկրներ: Իմ խորին համոզմամբ ԼՂՀ-ն իր քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ջանքերով մոտ ապագայում, ինչքան հնարավոր է շուտ, կհասնի միջազգային ճանաչման»: 
Պատգամավորը գիտի, որ ԼՂՀ-ի ճանաչման հարցում «փոքր-ինչ դժվարություններ» են ծագում, եւ այս համատեքստում նա գտնում է, որ ԵՄ-ն եւ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի հակամարտության կարգավորման հարցում: Կարգավորումը նա տեսնում է ազգերի ինքնորոշման հիմքով:

Այս համատեքստում պատասխանելով նաեւ լրագրողներից մեկի հարցին`արդյոք պատգամավորն իր երկրում կբարձրացնի՞ ԼՂՀ-ի ճանաչման հարցը, նա ասաց, որ հարցի խաղաղ կարգավորումից հետո, ԵԽ-ում ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը բարձրացնելը կլինի առաջին քայլ: Նա գտնում է, որ բոլոր կողմերից պետք է լինեն նախաձեռնությունները`հարցը խաղաղ բանակցությունների շնորհիվ լուծելու առումով: «Խնդրի կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ, եւ դրանում պետք է կարեւորվի ազգերի ինքնորոշման իրավունքը: Մեր երկրում մենք դրա համար ենք պայքարել եւ հատուկ ուշադրություն ենք դարձնում հարցի խաղաղ կարգավորմանը`հենց այդ համատեքստով: Դա է կարեւորը եւ դրա համար մենք կպայքարենք`չվախենալով ոչ-մի ցուցակից»: 
Հայաստան-ԵՄ հեռանկարների մասին խոսելիս էլ պատգամավորը նկատեց, որ Հայաստանն ավելի շատ ուներ նախադրյալներ` եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, քան այլ երկրներ: Բայց եղավ այն, ինչ եղավ: Նա կարծում է, որ ԵՄ-ն Կովկասում առավել ակտիվ քաղաքականություն պետք է շարունակի վարել: Ուկրաինայի հարցում ԵՄ պատգամավորը ԵՄ քաղաքականության հետ համաձայն չէ: Համարում է, որ բազում են գործոնները, որոնք Ուկրաինային բերեցին այս վիճակին եւ այդտեղ ԵՄ-ի դերը փոքր չէր. «ԵՄ-ն ուզում էր Ասոցացման համաձայնագիր կնքել մի երկրի հետ, որն այս փուլում դրա ոչ քաղաքական, ոչ տնտեսական նախադրյալները չուներ: Եվրոպան չկարողացավ կանխատեսել հնարավոր զարգացումները ու հասկանալ, որ այդ քաղաքականությունը ոչ իր, ոչ Ուկրաինայի ժողովրդի շահերից չի բխում: Եվրոպացիներն ավելի խորն աշխարհաքաղաքական սցենարի մասնակիցներ էին, որը պատրաստվել էր Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին: Սա, իհարկե, չի նվազեցնում ՌԴ-ի պատասխանատվությունը»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031