Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ բիզնեսին հլը չեն փորձել փայ մտնել, ես նոր եմ». սփյուռքահայ գործարար (Տեսանյութ)

Հունիս 05,2014 17:48

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Գյումրու Սլաբոդկա թաղամասում Հոլանդիայում բնակվող թուրքահայ Մասիս Ներսիսյանը բացեց կարի արտադրամաս` հետագայում այն հզոր, 10 հազար աշխատատեղով գործարան դարձնելու պայմանով:

Լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին թե նրան, և թե նրա հոլանդացի երկու գործընկերներին: Զգալի էր, որ Մասիս Ներսիսյանը արտակարգ տիրապետում է Հայաստանում գործող բիզնեսի կանոններին, ոչ մի հարցից անակնկալի չէր գալիս, ընդհակառակը ամեն վայրկյան նախազգուշացնում էր, որ իր բիզնեսը, եթե չարդարացնի, իր ուզածով չլինի, ապա այն կտեղափոխի:

«Ես 40-45 տարի էս գործի մեջ եմ, իմ մեծ պապը այս գործն է արել , հայրս` նույնպես, ես էլ եմ անելու: Մենք Թուրքիայում ենք սկսել այն, թուրքահայ ենք, բայց ես 40 տարի Հոլանդիայում եմ բնակվում: Ասեմ, թե ինչո՞ւ ամբողջ Հայաստանից ընտրեցի Գյումրին. ասում են` Գյումրին լավ քաղաք է, Գյումրիի ժողովուրդը լավ ժողովուրդ է, ասեցի փորձեմ, երկու տեղով սահման ունի.Թուրքիայի հետ, վաղը սահմանը բացվի եթանք, կոֆե խմենք- գանք , համ էլ Վրաստանը մոտիկ է:

Ամեն ինչ մեզանից կախված չէ, մեկ էլ Գյումրիից է կախված: Էս աշխատողները լավ պիտի աշխատեն, պիտի սովորեն, ես ասել եմ 10 հազար մարդ պիտի աշխատի, սա հեշտ չէ, հիմա փոքր է արտադրամասը, կարող է 5 տարվա մեջ, կարող է 10 տարվա մեջ մենք հասցնենք 10 հազար մարդու, մենք չենք ասել վաղը հենց 10 հազար մարդ պիտի աշխատի, որտե՞ղ կա 10 հազար մարդ, ամբողջ Լենինականը հավաքեն 10 հազար մարդ չկա…Էնպես պիտի լավ աշխատենք, որ մնացածները, որոնք գնացել են Ռուսաստան, Հոլանդիա, լիքն են, որ հետ գան մեր երկիրը: Մենք գործ դնենք, թող գան, իհարկե, մենք չենք կարա էնտեղի արժեքը տանք, գոյության բաները թանկ են, ճամփա չկա, բայց մենք կփորձենք ամեն անգամ լավ, ավելի բարձր ռոճիկ տանք, որ իրենք առատ ապրեն, բայց իրենք պիտի լավ աշխատեն, ամեն ինչ իրենցից կախված է:

Ինձանից կախված ոչ մի բան չկա, ես չեմ կարող ասել առ քեզ 500 դոլար, ուզում ես աշխատի, ուզում ես մի աշխատի, ինքը պիտի աշխատի, էս փողը դուրս բերի: Ինքը պիտի 600 դոլար դուրս բերի, 100-ը` ինձի, 500-ը` իրեն: Հասկացա՞ք ինչ եմ ասում: Բայց եթե 100 դոլար ինքը ներս բերի, ես 500 -ը տամ, 1 ամիս, 3 ամիս, 4 ամիս հետո ես իրերս կհավաքեմ, կեթամ: Էդպես չպիտի լինի: Իրենք պիտի աշխատեն իրենց ռոճիկները դուրս գա, ես էլ կարանամ ապրեմ, մեր հարկերը կարենանք մուծենք, ոչ մի բան ինձնից կախված չէ»,- ասաց ներդնողը:

Իսկ թե ինչքա՞ն է նախատեսում վճարել իր աշխատողներին, Մասիս Ներսիսյանն ասաց, որ գաղտնիք է : «Ես իրավունք չունեմ ասելու, ես գիտեմ, որ Հայաստանում մինիմում 40-45 հազար է, իհարկե` 45 հազար չեմ տա, էսի քիչ ա, բայց չեմ ասի ինչքան է»:

Մասիս Ներսիսյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետարանը իրենց ամեն ինչով օգնել է, իսկ մաքսատնից ակնկալեց, որ իր գործերը չձգձգեն, որպեսզի ապրանքը շուտ կարողանա վերցնել-տանել: Իսկ հարկայինից ոչ մի ակնկալիք չուներ, ասաց, թե թող օգուտ ստանանք և հարկերը կմուծենք: Նշենք, որ մեկ վերնաշապիկը դրսի շուկայում վաճառվելու է 300 դոլարով, ըստ գործարարի, իրենք իրացման խնդիր չունեն, քանի որ խանութ ունեն թե Հոլանդիայում, թե Չինաստանում: Նրա ասելով, շուկան շատ մեծ է, ապրանքը արտահանելու են Գերմանիա, անգամ Մոսկվա, բայց Հայաստանում չեն վաճառելու:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ կտորը դրսից են բերելու ու ափսոսանք հայտնեց, որ Հայաստանը ոչ մի բան չունի, նույնիսկ կտոր չունի: Ըստ նրա, եթե 10 հազար մարդու ընդգրկի իր բիզնեսի մեջ, դա նշանակում է, որ կտորն էլ սկսելու են Գյումրիում արտադրել:
Լրագրողներից մեկը կատակով հարցրեց` չե՞ն փորձել ձեր բիզնեսի մեջ փայ մտնել: Այս հարցից սփյուռքահայը ամենևին էլ անակնկալի չեկավ. «Չէ հլը, մենք դեռ նոր ենք, երկու շաբաթ է` սկսել ենք, ինչ ասենք հիմա, կարող է սուտ լինի»:

Լրագրողները նաև հարցրեցին, թե Սամվել Բալասանյանը ինչքա՞ն վճարեց իր գնած երկու վերնաշապիկի համար, վերջինս ասաց` 1000 դրամ, դա խորհրդանշական, հաջողություն բերող գումար է:

Նրա հոլանդացի գործընկերներն էլ ասացին, որ Գյումրիում կան ոլորտի զարգացման բոլոր պայմանները, նկատվում է նաև Գյումրու քաղաքապետի աջակցությունը: Ըստ նրանց, իրենք ուսումնասիրել են Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի, Չինաստանի շուկան ու վերջնականապես որոշել են ներդրում կատարել Գյումրիում:

Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ ներդրումների համար իր ստեղծած հրապուրիչ պայմանը, այսինքն` մեկ հեկտար հողակտորը 1 դրամով հատկացնելը դեռ չի նշանակում, որ իրենք հողը նվիրում են: Ըստ քաղաքապետի, իրենք պայման են կապել՝ 500 աշխատատեղ ստեղծելու դեպքում նոր միայն հողը նվիրել ու ազատել հարկերից: Այսինքն, այստեղ հող աշխատատեղի դիմաց սկզբունքն է : Սամվել Բալասանյանի ասելով, Գյումրին մեծ ավանդույթ ունի տեքստիլ արդյունաբերության ոլորտում, և աշխատեղերը գյումրեցիների համար օդի ու ջրի պես անհրաժեշտ են:

Մանրամասները ` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30