Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Սիրուն չէ… հասարակությանն արհամարհելը

Հունիս 06,2014 14:45

Ես վստահ եմ, որ Միկոյանի արձանի շուրջ ամբողջ պատմությունը մեջտեղ է եկել հենց հիմա, որպեսզի հասարակության ակտիվ մասի ուշադրությունը շեղվի առավել կարեւոր այնպիսի հարցերից, ինչպիսիք են Աստանայի ապտակը կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության մեծ-մեծ բլթացնելն ու տակի դատարկությունը, կամ արտագաղթի ահագնացող մակարդակը: Երկրի համար ճակատագրական խնդիրների ֆոնին, իհարկե, Միկոյանի արձանի տեղադրումը անմեղ մի բան է թվում: Սակայն այն ավելի շատ կրքեր է բորբոքել, քան, ասենք, Սերժ Սարգսյանի «խորհրդավոր» լռությունը Աստանայում…

Միանգամից ասեմ, որ ես դեմ եմ Երեւանում կամ Հայաստանի որեւէ այլ վայրում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելուն, ինչքան էլ որ որոշ մարդիկ փորձեն նրան արդարացնել՝ մեղքը գցելով ժամանակների վրա: Այդ մարդը սովորական բոլշեւիկ էր, որ ժողովրդական լեզվով ասած՝ գոյատեւեց «օտ Իլյիչա դօ Իլյիչա»: Նա արդեն իսկ թաղված եւ պատմության արխիվին հանձնված պետության գործիչ էր, որը ոչ մի նշանակալի դրական հետք չի թողել ոչ միայն Հայաստանում, այլեւ հենց այն երկրում, որն արդեն 23 տարի է՝ չկա: Որովհետեւ եթե նրա անձն արդարացնում ենք «ժամանակներն էին այդպիսին» ձեւակերպմամբ, ապա ինչո՞ւ չեք կանգնեցնում, ասենք, մի այլ բոլշեւիկ Ավիս Նուրիջանյանի արձանը… Ինքը հո չէ՞ր ուզում կացնահարել մարդկանց… Ժամանակներն էին այդպիսին: Թե՞ դահիճ Ավիսի հարազատներից կենդանի մեկը չկա, որ փող տա…

Սրանով այս բանավեճին մեր համեստ մասնակցությունը համարում ենք փակված եւ անդրադառնում ենք բուն նյութին, այն է՝ հասարակության արհամարհված կարծիքին:
Ցավոք, մեզանում որոշումներ ընդունելիս հասարակական կարծիքն ու հասարակության տրամադրություններն արհամարհվում եւ անտեսվում են ոչ միայն այս դեպքում: Հիշենք՝ ամիսներ շարունակ մարդիկ պայքարում էին, որ այսօր Միսաք Մանուշյանի անունը ստացած զբոսայգում առեւտրական տաղավարներ չլինեն, ինչի ասես չէին գնում, իսկ քաղաքապետարանը համառորեն իր էշն էր քշում, անգամ ոստիկաններին էր քսի տվել մարդկանց վրա, մինչեւ որ հայտնվեց «բարի ցարն» ու ասաց. «Տարոն, սիրուն չի»… Ստացվում է, որ հանրային կարծիքը կարեւոր չէ, կարեւորը մեկ անձի (թեկուզ եւ նրա նստավայրը Բաղրամյան 26-ը լինի) կարծիքն է…

Բայց եթե միայն նման դեպքերում լիներ՝ գլուխը քարը: Ամենագլոբալ հարցերում է հասարակությունը արհամարհված ու մերժված: Ամենաթարմ փաստը. Սերժ Սարգսյանը վերադառնում է Աստանայից, ընդ որում՝ բոլորը տեսանյութում տեսել են նրա շփոթմունքը եւ այլն, բայց նա վերադարձից հետո հարկ չի համարում ուղերձով դիմել ժողովրդին, ինչպես որ ուղերձով չդիմեց, երբ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին դեմքով շրջվեց դեպի Եվրասիա: Ոչ մի ուղերձ, ոչ մի դիմում, ոչ մի բացատրություն:

Դրա փոխարեն հավաքում է մի քանի կուսակցական ջահելի ու նրանց է ասում ինչ-որ բաներ…

Որովհետեւ ոչ նա, ոչ Տարոն Մարգարյանը, ոչ որեւէ մեկը այս երկրում իր իշխանությունը ժողովրդից չի ստացել, այդ պատճառով էլ հասարակության առջեւ իրենց հաշվետու չեն զգում: Նրանք հաշվետու են զգում, էն էլ մասամբ, իրենց կուսակիցների առջեւ, էն նույն ջահելների, որոնց մի մասը հաստատ ապահովել է ընտրակեղծիքների այն մեխանիզմի անխափան աշխատանքը, որով Սերժ Սարգսյանը «խփել» է՝ ինչքան պետք է եղել…
Ահա եւ՝ հաշվետվությունը տալիս է նրանց: Ահա եւ՝ խուսափում է նորմալ մամուլի ասուլիսներից: Ահա եւ՝ Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանի օրոք դարձել է ամենափակ կառույցը, որտեղից որեւէ ինֆորմացիա հնարավոր չէ ստանալ, բացի «այդ մասին պատշաճ ու ժամանակին տեղեկացվում է» անգույն ձեւակերպումից…

Իսկ կուսակցական ջահելության հետ հեշտ է, նրանք ավելորդ հարցեր չեն տա, ասենք՝ «Բա որ երբեք չեք ասել, թե Ղարաբաղով եք մտնելու, ինչո՞ւ Ալիեւը հարկ համարեց նամակ գրել, Նազարբաեւն էլ՝ կարդալ էդ նամակը»: Տրամաբանական հարց է, չէ՞… Չեղած խնդրի շուրջ ինչո՞ւ պիտի անհանգստություն առաջանար…

Այ, այստեղից պարզ է, թե ինչու է Սերժ Սարգսյանը խուսափում հասարակության (ոչ թե ընտրովի կուսակցական ջահելների) եւ լրագրողների հետ անմիջական շփումներից: Որովհետեւ անպատրաստ է հանպատրաստից հարցերին պատասխանելու: Նրանը գրված տեքստն ընթերցելն է:

Սիրուն չէ, հեչ սիրուն չէ անտեսել հասարակությանը, չէ՞ որ դուք անցողիկ եք, ձեր իշխանությունը՝ ինչքան էլ փորձեք սահմանադրական փոփոխություններով այն երկարաձգել, անցողիկ է: Մնայուն է հասարակությունը: Ու մնայուն է նաեւ հասարակական կարծիքը, որը միշտ կհիշեցնի հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը, արտագաղթն ու երկրի թալանը, սեպտեմբերի 3-ի դավն ու երկիրը «Գազպրոմին» վաճառելը…

Այս ամենը հարկ է հիմա եւ հստակ ասել, քանի դեռ իշխանություն կրողները չեն դարձել «պատմական անձեր», եւ ինչ-որ մի ժառանգի կամ արդեն բիձայացած փեսայի մտքով չի անցել փող տալ՝ այսօրվա որեւէ «գործչի» արձանը Երեւանում տեղադրելու համար:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. MIka says:

    Տարոնի ֆենոմենը, կամ Տարոնի տարօրինակությունը հետաքրքիր է, նա սերժանտի համառությամբ միշտ անում է առանց մտածելու կամ խորանալու իր արածի մարդկյաին, իրավական, օրինական կամ բարոյական ասպեկտների մեջ…. ասենք ծիծաղելի համառությամբ կրկնելով որ պատմաբանները իրեն բան չեն ասել… ասա այ տղա ջան գիտությունների թեկնածու մարդ ես, պետք է չէ նաև համակողմանի զարգացած մարդ լինես, մանավանդ որ դիսիդենտի ընտանիքում ես մեծացել…. այս ամբողջի մեջ նա էլի զոհ կդառնա, որովհետև սերժանտներին են զոհում և նախագահը կանխատեսելի կերպով կմիջամտի ու կասիի իր թագակիր “Տարոն ջան սիուն չի”-ն

  2. Արտակ Կոշեցյան says:

    Ս. Սարգսյանին Ադրբեջանի կոմսոմոլի ցեկայից բան չեն հարցրել, ինքն էլ գիտի ճիշտն էտ ա, մտածում ա. հարցնեմ, որ ինչ անեմ ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30