Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք.  Պատմական հիշողության օրենքը

Հունիս 06,2014 14:47

Մուսոլինիի կամ Ֆրանկոյի թոռները
չեն առաջարկում իրենց պապերի նոր արձաններ կառուցել

Հռոմի կենտրոնում՝ «Ֆորում» կոչվող տարածքում, վեր է խոյանում, այսպես կոչված, Մուսոլինիի կոթողը՝ 17,4 մետր երկարությամբ, թանկարժեք մարմարից սարքած: Կոթողի գաղափարը պատկանում է իրեն՝ դուչեին. շինությունը պետք է խորհրդանշեր պետությունը եւ ֆաշիզմի դարաշրջանի սկիզբը: Կոթողի երկայնքով գրված է՝ MUSSOLINI DVX, այսինքն՝ Մուսոլինի առաջնորդ: 2006 թվականին կոթողը վերանորոգվել է՝ պետությունը դրա վրա ծախսել է 2,2 միլիոն եվրո: Իտալացիներն այդ կոթողը (որտեղ չկա «դուչեի» ոչ պատկերը, ոչ գլուխը, ոչ կիսանդրին) համարում են պատմական հուշարձան: Բնականաբար, Բենիտո Մուսոլինիին նոր արձաններ դնելու առաջարկներ ոչ ոք, այդ թվում՝ նրա հետնորդները, չի անում: Չնայած դուչեն իր երկրի եւ ժողովրդի համար նաեւ լավ բաներ է արել:

2009 թվականին Հյուսիսային Աֆրիկայում՝ իսպանական անկլավում՝ Մելիլյա քաղաքում, ապամոնտաժվել է Իսպանիայի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վերջին արձանը: Որոշումը կայացվել է 2007 թվականին ընդունված «Պատմական հիշողության մասին» օրենքի համաձայն, ըստ որի՝ Իսպանիայում տեղական իշխանությունները պետք է վերացնեն Ֆրանկոյի եւ նրա մոտակա շրջապատի բոլոր արձանները: Մելիլյայի բնակիչները դա չէին ուզում անել, քանի որ արձանը դրվել է Ֆրանկոյին` որպես զորավարի, ավելի վաղ, քան նա 1939-ին դարձել է երկրի ղեկավար:

Իսպանիայում դեռ կան բազմաթիվ փողոցներ եւ այլ կառույցներ, որոնք կրում են «կաուդիլիոյի» (առաջնորդի) կամ նրա զինակիցների անունները՝ դրանք, վերոհիշյալ օրենքի համաձայն, պետք է վերանվանվեն: Ամենադժվարը Ֆրանկոյի դամբարանն է, որը գտնվում է, այսպես կոչված, Զոհվածների հովիտում, եւ որը Իսպանիայի սոցիալիստները պահանջում են վերացնել: Այնտեղ թաղված են 1930-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված թե Ֆրանկոյի կողմնակիցները եւ թե հակառակորդները: Հնարավոր է, որ դամբարանը թանգարան դառնա:

Այդ երկրում գործում է Ֆրանկոյի անվան հիմնադրամ, որը դիմադրում է ապամոնտաժումներին եւ վերանվանումներին, սակայն այդ հիմնադրամը, ինչպես նաեւ գեներալի թոռներից ոչ մեկը չի պահանջում Ֆրանկոյի նոր արձանները դնել՝ չնայած «կաուդիլիոն» սպանությունների եւ գնդակահարությունների հետ մեկտեղ նաեւ լավ գործեր է արել իր երկրի համար: Մասնավորապես, նրա օրոք 1950-ականներին տեղի է ունեցել իսպանական «տնտեսական հրաշքը», եւ մի քանի տարի շարունակ տնտեսական աճի տեմպերով Իսպանիան երկրորդն էր աշխարհում՝ Ճապոնիայից հետո:

Չկա աշխարհում մի ղեկավար, պատմական կամ քաղաքական դեմք, որը միայն չարագործություններով էր զբաղվում: Մանավանդ երկրի առաջին դեմքերը եւ նրանց շրջապատը, թեկուզ իրենց իսկ շահերից ելնելով՝ պարտադրված են ինչ-որ նպաստավոր գործ անել իրենց «հպատակների» համար՝ վերջիններիս դժգոհությունը չգրգռելու համար: Հարցը պետք է դրվի այլ կերպ՝ մենք ընդունո՞ւմ ենք բռնության, չարագործության, մարդակերության գաղափարախոսությունը, թե՞ ոչ:

Եթե անկախ Հայաստանի՝ որպես պետության, եւ մեզ` քաղաքացիներիս համար ընդունելի է մարդակերությունը, ապա կարելի է նաեւ դնել Ավիս Նուրիջանյանի կամ Խաչատուր Մուղդուսու արձանները: «Ինչ արած, դաժան ժամանակներ էին, բայց այդ հայորդիներն իրենց նպաստն էին բերել մեր պետական շինարարությանը: Մասնավորապես՝ Մուղդուսու հմուտ ղեկավարությամբ է կառուցվել ներկայիս Ազգային անվտանգության ծառայության հոյակերտ շինությունը, որն այսօր զարդարում է Նալբանդյան փողոցը եւ մայրաքաղաքն ընդհանրապես»` այս ոճի փաստարկներ են բերում Միկոյանի արձանի կողմնակիցները: Այդպես կարելի է հիմնավորել ցանկացած հանցագործի «հիշատակի հավերժացումը» եւ նրա գործունեությունը որպես օրինակ բերել հետագա սերունդների համար:

Կամ պիտի ընդունես, կամ պիտի մերժես բոլշեւիզմը, ֆրանկիզմը, ֆաշիզմը եւ այլն: Եվ հենց այդ ելակետից կառուցես քո պետական քաղաքականությունը, այդ թվում` օրենքներ ընդունես պատմական հիշողության մասին: Բայց եթե ստալինյան ռեպրեսիաների հազարավոր զոհերի զգացմունքները չհարգվեն, եւ Անաստաս Միկոյանի արձանը, այնուամենայնիվ, դրվի, ես դեմ կլինեմ այն պայթեցնելուն: Դա կնշանակի` բոլշեւիզմի դեմ պայքարել բոլշեւիկյան մեթոդներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Հոյակապ է.բոլշեվիզմի դեմ բոլշեվիկյան մեթոդներով չպայքարելու համար պետք է հավերժացնել բոլշեվիզմի դարաշրջանի վերազգային գործիչներին,Հայաստանի բոլոր անկյուններում բարձրացնել նրանց բրոնզաձույլ արձանը.. ,,.Համաշխարհային հեղափոխության առաջնորդի,,-Լենինի, արձանն աշխարհում մենք չե՞նք դրել երեկվա Ղարաքիլիսայում 1922թ-ին…Որքա՞ն ժամանակ է հարկավոր,որպեսզի ձերբազատվենք կեղծ ու պատիր ,,արժեքներից,,…Ակամայից նտաբերում եմ Ռոժդենստվեսկու հայտնի բանաստեղծության տողերը. ,,Մենք դուրս բերեցինք նրան դամբարանից,բայց մարդկանց միջից ինչպես դուրս բերենք…,, Պայթեցելուն,իհարկե,դեմ եմ եվ համաձայն,հարգելի խմբագրի հետ,սակայն մեզանում արժեքային հանակարգն իրոք որ մաքրման կարիք ունի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինձ թվում է, պետք է պայքարել, որ դրանք չդրվեն: Եթե դրվեն, պետք է պայքարել, որ դրանք օրինական ձեւով հանվեն: Բայց կարմիր ներկով ներկել դրանք կամ պայքեցնել վանդալիզմ է:

      • Արսեն says:

        Տեսակետ է, որը գոյության իրավունք ունի, բայց պրակտիկ Հայաստանյան իրականության մեջ՝ արդյունք չի տա։ Եթե հետո էլ մի օրենք ընդունեն, դրված արձանները հանվելու համար պայքարի օրինական ձևեր չկան… ինչ եք անելու? օրինական ձևով պայքարելու եք, որ այդ օրենքը վերացվի, որ օրինական ձևով պայքարեք՝ դրված արձանը հանելու համար?..)))..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30