Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողներն ավելի հեշտությամբ աշխատանքի են անցնում սպասարկման ոլորտում, քան իրենց մասնագիտական ոլորտում» (Ֆոտոշարք)

Հունիս 06,2014 14:43

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում այսօր ուսանողների համար տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում աշխատանքի առաջարկներով հանդես եկան մի քանի տասնյակ ընկերություններ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի բաժնի պետի տեղակալ Էռնեստ Դավթյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ տոնավաճառը առաջին անգամ կազմակերպվել էր անցյալ տարի, որի արդյունքում 120 ուսանողներ աշխատանքի անցան: Էռնեստ Դավթյանը մեզ պատմեց, որ տոնավաճառը հիմնականում տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար է, սակայն, այլ համալսարաններից ուսանողների մասնակցությունը նույնպես ողջունելի է: Էռնեստ Դավթյանը նշեց, որ տոնավաճառում ներկայացված են Հայաստանում բոլոր առաջատար բանկերը, հաշվապահական կազմակերպությունները, աուդիտորական, վարկային առաջատար կազմակերպությունները:

PrevPhoto
NextPhoto

Տոնավաճառի ընթացքում ծանոթացանք մի քանի ընկերությունների առաջարկներին, որոնցով նրանք հանդես էին գալիս ուսանողների համար:

«Հայ Բիզնես Բանկի» ուսումնական կենտրոնի վերապատրաստման եւ դասընթացների առաջատար մասնագետ Մերուժան Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողների մուտքը դեպի բանկային ոլորտ ողջունելի է. «Որակյալ եւ բարձրագույն կրթություն ստացած ուսանողները, որոնք դառնում են լավ մասնագետներ, կամ տվյալ բնագավառում ստանում են համապատասխան արտոնագրեր, շատ հեշտությամբ կարողանում են կառուցել իրենց կարիերան բանկային համակարգում»:

«Sas» ընկերության ներկայացուցիչները Aravot.am-ին ներկայացրին, որ ընկերությունը մեծ նախապատվություն է տալիս ուսանողներին, որոնք ցանկանում են համատեղել աշխատանքը եւ ուսումը. «Սպասարկման ոլորտում ուսանողները ավելի շատ են աշխատում, քանի որ այն հերթափոխային է, իսկ իրենց համար ուսման եւ դասերի հետ այն ավելի հեշտ է համատեղել»:

«Rich» ընկերությունից էլ մեզ պատմեցին, որ իրենց նպատակը ոչ թե որակավորված մասնագետների ներգրավումն է աշխատանքի մեջ, այլ ուսանողներին հնարավորություն տալն է, որպեսզի փորձաշրջանի միջոցով կարողանան աշխատել իրենց մասնագիտությամբ:«Այս պահին շուկայում աշխատանքային փորձին մեծ ուշադրություն է դարձվում: Իսկ աշխատանքային փորձ մեզ մոտ տալիս են: Կադրերին հնարավորություն է ընձեռվում ինքնաարտահայտվելու, իրենց ծրագրերը առաջարկելու համար»:

Aravot.am-ը զրուցեց նաեւ ուսանողների հետ, որոնք եկել էին տոնավաճառին՝ աշխատանք փնտրելու եւ գտնելու նպատակով:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ հիմնականում ցանկանում են աշխատանք գտնել բանկային եւ հաշվապահական ոլորտներում: Մեր զրուցակից ուսանողները բոլորն էլ կիսեցին այն կարծիքը, որ աշխատանք գտնելը սկսնակների համար բավականին դժվար է, սակայն հույս հայտնեցին, որ տոնավաճառի ընթացքում, մի քանի կազմակերպությունների դիմելով, հնարավոր կլինի անցնել աշխատանքի:

Տոնավաճառի վերաբերյալ, սակայն, ուսանողները հնչեցրին նաեւ այնպիսի կարծիք, որ այն չի կարող լինել օգտակար իրենց՝ հետագա աշխատանք գտնելու նպատակով: Ասպիրանտուրայի ուսանողներ Կիման եւ Հայրոն մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ տոնավաճառը այդքան էլ արդյունավետ չէ: «Մեզ համար սա անիմաստ է, քանի որ նույն աշխատանքի հայտարարությունները գործատուները կարող էին նաեւ համացանց ներբեռնել, որտեղից էլ կարող էինք ծանոթանալ եւ ուղարկել մեր կենսագրությունները»: Նրանց երկուսի կարծիքով էլ Հայաստանում շատ դժվար է աշխատանք գտնելը՝ մանավանդ ուսանողների համար: «Ուսանողներն ավելի հեշտությամբ աշխատանքի են անցնում սպասարկման ոլորտում, քան իրենց մասնագիտական ոլորտում»:

Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի հետ համատեղ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30