Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկների համար առաջնայինը արտաքինն է, և թե ինչպես կարելի է գերել տղամարդուն». հոգեբան

Հուլիս 07,2014 16:32

«Համացանցն այսօր երեխայի զարգացման վրա ազդող արտաքին գործոններից մեկն է, որն անհանգստացնում է շատ ծնողների, բայց մենք երբեմն գերագնահատում ենք համացանցի դերը: Գերագնահատում ենք, եթե չենք վերահսկում ժամանակն ու այն ամենը, ինչից երեխան օգտվում է, որովհետև այսօր ծնողները հաճախ երեխային նստեցնում են համակարգչի առջև, որ իրենց չխանգարի, և չեն էլ հետևում, թե նա ինչով է զբաղված համացանցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց հոգեբան Իրինա Խանամիրյանը՝ անդրադառնալով երեխաների հոգեբանության ու հոգեկերտվածքի վրա արտաքին գործոնների ազդեցությանը:

«Այս դարում հրաժարվել համացանցից, անհնար է,- ասում է հոգեբանը,- բայց գոնե պետք է ուղղորդել, որ այն, ինչ երեխան անում է համացանցում, համահունչ լինի նրա տարիքին ու հոգեկերտվածքին: 3-4 տարեկան երեխաների համար, օրինակ, զարգացնող շատ լավ խաղեր ու ծրագրեր կան, որոնց կարելի է 10-15 րոպե տրամադրել»:
Նույնը վերաբերում է նաև մուլտֆիլմերին, որոնք նույնպես չեն տարբերակվում՝ ըստ տարիքային խմբերի. «Ծնողները հաճախ բողոքում են, թե հիմա չկան խորհրդային տարիների բարի մուլտերը,- ասում է Ի. Խանամիրյանը,- բարի էին, որովհետև տարիքին համապատասխան էին»:

Նա անդրադարձավ նաև հեքիաթներին, դրանց մեծ ազդեցությանը և այն ցավալի իրողությանը, որ հեքիաթն այսօր հաճախ է փոխարինվում այլ նյութերով, համացանցային խաղերով և այլն, որոնք, ըստ բանախոսի, ճիշտ օրինաչափությամբ չեն կառուցված. «Հեքիաթը դաստիարակում է այնպիսի որակներ, որոնք անհրաժեշտ են առողջ անհատ ձևավորելու համար: Բայց այստեղ էլ շատ կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի՝ որ տարիքում ինչ հեքիաթ է պետք»,- ընդգծեց հոգեբանը:

Նա խորհուրդ է տալիս նախադպրոցական տարիքում կարդալ կենդանիների մասին հեքիաթներ: Կենցաղային հեքիաթներն ավելի նպատակահարմար են բարձր տարիքում, հրաշապատում հեքիաթները՝ 10-ից բարձր և այլն:

Երեխաների հոգեբանության ու հոգեկերտվածքի վրա ազդող արտաքին գործոն է նաև հեռուստատեսությունը, որի ազդեցությանը նույնպես անդրադարձավ Ի. Խանամիրյանը. «Մենք պետք է հստակ իմանանք՝ ինչ սերունդ ենք ուզում ձևավորել, ինչ վերջնարդյունք ենք ուզում ստանալ: Այն, ինչ երեխաները հիմա տեսնում են սերիալներում, սարսափելի է և ոչ մի կերպ չի նպաստում առողջ, հասուն անձի ձևավորմանը: Բառապաշարը, որ նրանք լսում են, կերպարները, որ տեսնում են… Ընդհանրապես, յուրաքանչյուր երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը. հերոս պիտի լինի, որ երեխան հասկանա՝ դեպի ուր է ձգտում, իսկ ովքե՞ր են այսօրվա սերիալների հերոսները՝ չսափրված, անկիրթ, արժեքային անհասկանալի համակարգով առաջնորդվող տղաներ: Իսկ աղջիկների համար առաջնային արժեքը միայն արտաքինն է, և թե ինչպես կարելի է գերել տղամարդուն, ու դա՝ սկսած 7-8 տարեկանից: Դա աբսուրդ է, մենք աղավաղում ենք մեր երեխաներին»:
Բանախոսը կարծում է, որ այս հարցը հնարավոր է և պետք է լուծել պետական մակարդակով. «Պիտի հստակ ցենզ լինի՝ ինչ է հեռուստացույցից գալիս երեխային»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնցով առավել հաճախ են երեխաները դիմում հոգեբաններին, Ի. Խանամիրյանն ասաց, որ այսօր շատ տարածված է երեխայի ագրեսիվությունը, վախերը միշտ էլ եղել են, իսկ վերջին տարիներին շատացել են նաև ծնողների ամուսնալուծության հետ կապված խնդիրները, և հաճախ են ամուսնալուծված ծնողների երեխաներին տանում հոգեբանի մոտ:
«Երեխայի խնդիրների մեծամասնությունը գալիս է ծնողներից և շրջապատից: Երեխան պատահական չէ վարքային խնդիրներ ունենում, պատահական չէ ագրեսիվ լինում կամ դառնում, պետք է հստակ իմանալ պատճառները և ճիշտ մոտեցում ցուցաբերել»,- ասաց հոգեբանը և հավելեց, որ թեև ագրեսիվության և այլ առումներով հաճախ թիրախային ենք համարում հատկապես դեռահասության տարիքը, բայց, նրա համոզմամբ, եթե մինչև յոթ տարեկան երեխան ձևավորվել է առողջ պայմաններում, ապա դեռահասության տարիքի «բունտն» այդքան սուր ձևով չի արտահայտվում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031