Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Ղարաբաղյան շարժման ժամանակ Հայաստանում եւ ԼՂՀ-ում տեղեկատվությունը կոծկվում էր»

Օգոստոս 05,2014 18:59

Այսօր Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն ու «Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի» նախագահ Մասիս Մայիլյանը «Սոսի» մարզային հեռուստաընկերությունում լրագրողներին ու հ/կ ներկայացուցիչներին ներկայացրեցին իրենց կատարած «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությունը:

qnnarkum4

 

Զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղյան եւ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունների նմանությունների եւ տարբերությունների միջեւ` ուսումնասիրություն կատարած փորձագիտական խմբի անդամները նշեցին, որ նմանության տեսակետից հյուսիս-իռլանդական հակամարտությունը, թերեւս, ամենամոտ հակամարտությունը չէ եւ երկու հակամարտությունների միջեւ իրականում առնչություններ շատ քիչ կան: Ըստ բանախոսների` ուսումնասիրության գլխավոր նպատակը ոչ թե հակամարտության ուսումնասիրություն էր, այլ` թե ինչպես կարող է հանրությունը ազդել կարգավորման գործընթացի վրա եւ ինչ մեխանիզմներով: «Այնտեղ կողմերը եկել են համաձայնության, որ դադարեցնում են զինված պայքարը, հակամարտությունը այնտեղ էլ լուծված չէ, բայց որոշել են քաղաքակիրթ ճանապարհով շարունակել պայքարը: Սա մեծ ձեռքբերում է իրականում: Պաշտոնական Լոնդոնը հայտարարել է, որ իր համար կարեւորը ժողովրդի կամարտահայտությունն է: Ի վերջո` Հյուսիսային Իռլանդիան չանջատվեց, այլ մնաց Միացյալ Թագավորության կազմում, բայց ինքնին այն փաստը, որ ասվում է բնակչության կամարտահայտությունն է կարեւոր, սա մեզ համար ամենակարեւոր փաստարկն է: Մեզանից անկախ համեմատում ենք Ղարաբաղյան հակամարտության հետ եւ սա մեզ համար ամենամեծ կռվանն է, քանի որ Ղարաբաղն էլ է ինքնորոշվել վաղուց, հանրաքվե է եղել…», – ասաց փորձագետ Գեղամ Բաղդասարյանը: Մասիս Մայիլյանն էլ հավելեց, որ իրենց ավելի շատ հետաքրքրել է, թե կողմերն ինչ մեխանիզմներով են հասել համաձայնության:

qnnarkum

«Հնարավոր է նաեւ, որ որոշ էլեմենտներ մենք հետագայում կիրառենք մեր հակամարտության կարգավորման գործընթացում», -նշեց պարոն Մայիլյանը:
Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ դեր են ունեցել ԶԼՄ-ները հյուսիսիռլանդական հակամարտությունում եւ ինչպե՞ս են լրատվամիջոցները լուսաբանել ամբողջ ընթացքը, պարոն Մայիլյանը ընդգծեց, որ այնտեղ բազմակարծությունն ապահովված էր եւ տեղեկատվական մեկուսացվածության խնդիր չկար, այնինչ 1988թթ.-ին Ղարաբաղյան շարժման ժամանակ Հայաստանում եւ ԼՂՀ-ում տեղեկատվությունը կոծկվում էր:

«Այս երկու հակամարտությունների լուսաբանման հարցում ամենակարեւոր տարբերությունը քաղաքակրթական է, մենք տարբեր քաղաքակրթական դաշտերում ենք…: 1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ամենուր միատեսակ լուսաբանում էր, առաջին ամիսներին շատ քիչ էր լուսաբանվում, իսկ Ղարաբաղում ընդհանրապես չէր լուսաբանվում: 1988 թվականին աշխատում էի «Սովետական Ղարաբաղ» թերթում, առաջին հանրահավաքները եղան փետրվարին, մեր թերթն այդ ամենի մասին առաջին ինֆորմացիան տվեց միայն մարտի վերջին: Երկիրն ալեկոծված էր, տասնյակ հազարավոր մարդիկ փողոցում էին, բայց «Սովետական Ղարաբաղ»-ը գրում էր գյուղատնտեսական ցուցանիշների, ժողովուրդների բարեկամության մասին եւ այլն, բայց շարժման մասին ոչ մի տող չկար արցախյան լրատվամիջոցներում», – տեղեկացրեց Գեղամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` մյուս քաղաքակրթական դաշտում, որտեղ Հյուսիսային Իռլանդիան է գտնվում, նման ծավալի իրադարձությունների կոծկում պարզապես հնարավոր չէր, ինչը հնարավոր եղավ Խորհրդային Միությունում` կենտրոնական մամուլի վերահսկման պայմաններում: Անգլիական, Իռլանդական, Հյուսիսային Իռլանդիայի լրատվամիջոցներում թեեւ լիովին անաչառ չէին, բայց բազմակարծությունն ապահովվում էին եւ հակամարտող կողմերից ոչ մեկը տեղեկատվական մեկուսացվածության որեւէ վտանգ չուներ: Բազմակարծություն ապահովող Բի ԲԻ Սի-ի օրինակը բերելով` բանախոսը լուսաբանման գործընթացում մյուս տարբերությունը տեսնում է «իրական» հանրային հեռուստաընկերության բացակայության մեջ, նշելով, որ Հայաստանում, Արցախում կամ Ադրբեջանում գործող հանրային հեռուստաընկերությունները պետական, իշխանական հեռուստաընկերություններ են:

«Շատ եմ ցավում, որ մենք այսօր չունենք իրական հանրային հեռուստաընկերություն, սա որոշակի ձեռքբերում է, մակարդակ է, որով էլ պայմանավորված է երկրում ժողովրդավարական բարեփոխումները եւ այլն: Արցախում այսօր կա միայն մեկ հեռուստաընկերություն, մի երկրում ընդամենը մեկ հեռուստաընկերություն է գործում, ինչն ինձ համար շատ ցավալի է: Դուք հպարտանալու տեղիք ունեք, միայն Կապանում երկու հեռուստաընկերություն կա: Ես միշտ այն կարծիքին եմ, որ տեղեկատվական բազմազանություն կա այն դեպքում, երբ կա բազմազանություն քաղաքական դաշտում: Արցախում հիմա, ցավոք սրտի, միաբեւեռ քաղաքական դաշտ է, բնականաբար, տեղեկատվական դաշտն էլ է միաբեւեռ: Բացի «Անալիտիկոն» հանդեսից, որի խմբագիրն եմ, նոր ստեղծված մի կուսակցության պաշտոնաթերթից, ուրիշ անկախ մամուլ չկա Արցախում», – նշեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը եւ ընդգծեց, որ քաղաքական բազմազանությունը հնարավոր է տնտեսական բազմազանության գոյության պայմաններում:

Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրեցին նաեւ հյուսիսիռլանդական դիմակայությունում եւ հակամարտության փոխակերպման մեջ իռլանդական սփյուռքի դերակատարության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունը եւ պատասխանեցին ներկաների հարցադրումներին:

Այնուհետեւ քննարկումը ծավալվեց հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում տիրող լարված իրադրության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ հնարավոր հետեւանքների մասին, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Նշենք, որ ներկայացված ուսումնասիրությունը «International Alert» կազմակերպությունն իրականացրել է «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) համագործակցությամբ` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից ընդգրկված 5 փորձագետի մասնակցությամբ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031