Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքը լուրջ բնական ռեսուրսներ ունի, որ կարելի է արտադրական պոտենցիալի վերածել»

Օգոստոս 08,2014 14:45

Համոզված է Տեղական տնտեսական զարգացման մոդելի աշխատանքային խմբի փորձագետ Արամ Հարությունյանը
Կայացավ Սպիտակ քաղաքի և շրջակա համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր՝ հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվում են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Օրերս ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացավ Սպիտակ քաղաքի և շրջակա Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Շենավան, Քարաձոր, Ղուրսալի համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով՝ ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին:

«Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայնքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունն այդ գործընթացին»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայնքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները:

«Բացի այն, որ մենք համայնքներից ձեւավորում էինք մասնակիցների, մենք նաեւ այցելում էինք համայնքներ, հանդիպումներ էինք ունենում համայնքում դերակատարություն ունեցողների հետ` խոշոր հողագործներ, մեղվապահներ, գյուղապետեր, դպրոցի աշխատակազմ, տնօրինություն: Մենք լրացուցիչ խթան ենք փորձում հանդիսանալ, որպեսզի համայնքներում կանայք սկսեն զբաղվել ձեռներեցությամբ, այսինքն` ծրագրի գաղափարախոսությունը հենց այդ է` դրամաշնորհային ծրագրի շնորհիվ օժանդակել համայնքներում բիզնես ունենալ ցանկացողներին: Բոլոր կանանց մոտ էլ սեփական գործը հիմնելու, սեփական ուժերով նաեւ համայնքին օժանդակելու ցանկությունը բավականին մեծ է: Մենք նաեւ խրախուսում ենք կոլեկտիվ աշխատանքները, եւ շատ ուրախալի է մեզ համար, որ համայնքներ եղան, որտեղ մասնակիցները իրենք նախաձեռնեցին երկու-երեք հոգով համախմբվելու եւ կոլեկտիվ բիզնես գաղափար առաջարկելու»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՏՏԶ մոդելի աշխատանքային խմբի փորձագետ Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ ծրագիրն ուղղված է նաեւ այնպիսի բիզնես ծրագրեր ստեղծելուն, որոնց միջոցով համայնքներում հավելյալ արժեք կստեղծվի:

«Համայնքը, մարզը լուրջ բնական ռեսուրսներ ունի, որ կարելի է արտադրական պոտենցիալի վերածել, ասենք` կաթնամթերքի վերամշակում, հատապտուղների հավաքչություն, հատապտուղների մշակում, սառեցում, մուրաբաների պատրաստում, չրերի արտադրություն, չորանոցների արտադրություն եւ այլն, այսինքն` սրանք այնպիսի բաներ են, որ հավելյալ արժեք են ստեղծում համայնքի, պետության համար, տնտեսությունը զարգանում է այդ ուղղությամբ, իսկ ցանկացած արտադություն զարգացման պարագայում, բացի կոնկրետ բիզնես ունեցող կնոջից, ենթադրում է հավելյալ աշխատուժի ներգրավում»,-եզրափակեց Արամ Հարությունյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031