Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ բուհի, «Ոսկե ծիրանի» ու Հայաստանի գույների մասին

Սեպտեմբեր 12,2014 12:00

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան (լուսանկարում) գոհ է նախորդ ուսումնական տարվանից: Նրա ձեւակերպմամբ, ուսումնական տարին երբեք չի ավարտվում բուհի համար. «Այն ավարտվում է ուսանողների համար, իսկ բուհի համար նախագծերը, որոնք ընթացքի մեջ են, երբեք չեն ավարտվում»:

Ռեկտորը մեծ ձեռքբերում է համարում դիմորդների թվի աճը, ասում է՝ դրանում մեծ դեր ունի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հովանավորությամբ նորաբաց Բանկային գործ եւ ապահովագրություն ֆակուլտետը: Կարծում է, որ այդ ֆակուլտետը հնարավորություն կտա պատրաստել կադրեր, որոնք հետագայում կնպաստեն ոլորտի զարգացմանը:
Խոսելով բուհի հաջողությունների մասին, Ժան Ժակ Մոնտուան նշեց, որ Ֆրանսիական համալսարանի ուսանողները չորրորդ կուրսն ավարտելուց հետո ընտրության հնարավորություն ունեն՝ մագիստրատուրան շարունակել իրենց մոտ, կամ՝ Ֆրանսիայում: «Այսպիսով ստացվում է, որ ինքներս հանդիսանում ենք մեր հաջողության զոհը, քանի որ մեր ուսանողները հաջողությամբ կրթությունը շարունակում են Ֆրանսիայում: Այսինքն՝ մենք այնպիսի որակյալ բակալավրիատ ենք ապահովում, որ մեր ուսանողներին Ֆրանսիայում վերցնում են: Մյուս կողմից էլ՝ դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է»,- հավելում է ռեկտորը:

Մագիստրատուրայի ուսանողների թիվն ավելացնելու համար, Ֆրանսիական համալսարանում նախապատրաստական դասընթաց է բացվել. այլ բուհերից եկած ուսանողները կարող են ստանալ այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ կարող են հաղթահարել ֆրանսերենի տիրապետման պարտադիր պայմանը՝ մագիստրատուրա ընդունվելիս: Ընդ որում՝ դասերը կլինեն երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն կտա աշխատող ուսանողներին չկտրվել աշխատանքից:

«Ներկայումս մտածում ենք ընդլայնել մեր կրթական դաշտը եւ դասավանդման շրջանակը: Մեր ուսման հիմնական նպատակն է, որ մեր շրջանավարտները ավարտելուց հետո ունենան աշխատանք: Ստեղծման պահից մինչ օրս մենք տալիս ենք այնպիսի դիպլոմներ եւ գիտելիքներ, որոնք պահանջված են աշխատաշուկայում, ու միշտ փնտրտուքի մեջ ենք՝ նոր ֆակուլտետներ ստեղծելու առումով եւ այնպիսի ֆակուլտետներ, որոնք կհամապատասխանեն շուկայի պահանջներին: Այս պահին փակագծեր չեմ բացի, որոշ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են»,- ասում է Ժան Ժակ Մոնտուան:
Անդրադառնալով Ֆրանսիական համալսարանի նաեւ մշակութային հակվածությանը՝ ռեկտորը նշեց, որ համալսարանի կրթությունը չպետք է սահմանափակվի միայն կրթական ծրագրերով, այն պետք է ուղիղ կապ ունենա մշակույթի հետ. «Մենք ուշադրություն ենք դարձնում, որ մեր ուսանողների մշակութային հակումները լինեն ոչ միայն հայկական, այլեւ ֆրանսիական:

Ցանկանում ենք ունենալ նաեւ զարգացած, լայն մտահորիզոնով ու բարձր ճաշակի տեր մասնագետներ: Չէ՞ որ մշակույթը բացում է մարդու հոգին: Կարծում եմ՝ մեր համալսարանը ինչ-որ չափով ներդրում ունի հայաստանյան էլիտայի պատրաստման հարցում: Այն մարդը, որը չգիտի լավ գրականություն, չի գնահատում լավ գինին կամ նկարչի կտավը, չի կարող լիարժեք մասնագետ լինել»:

Զրույցի ավարտին ռեկտորը հավելեց, որ հրաշալի է Հայաստանում աշխատելը, հայերն էլ բարեհոգի ու ստեղծագործ են: Ասաց, որ ամեն անգամ Ֆրանսիա մեկնելիս չի մոռանում իր հետ տանել հայկական չիր, որ Հայաստանի արեւի ջերմությունն ունի իր մեջ, հարազատների համար՝ հայ վարպետների ստեղծած արծաթե զարդեր ու ձեռագործ աշխատանքներ:

Ժան Ժակ Մոնտուան խոսեց ամեն տարի իր մասնակցությունից՝ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին: Մանավանդ այն այս տարի բացվեց Փարաջանովի վերականգնված «Նռան գույնով» եւ փակվեց Ժան Լյուկ Գոդարի ֆիլմով: «Մինչ Հայաստան գալս չէի ճանաչում Փարաջանովին, այստեղ հայտնագործեցի մեծ արվեստագետին: Ինչ վերաբերում է Գոդարին, նրա ֆիլմերին վաղուց էի ծանոթ, դրանք արվեստի գլուխգործոցներ են»,- կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930