Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Հիշողության կայունություն

Սեպտեմբեր 22,2014 17:30

Ինչո՞ւ էին կոմունիստական ռեժիմներից տուժած
այլախոհները դեմ «կոմունիստական վհուկների» որսին

Այս շաբաթ Ուկրաինայի Ռադան «Մայդանի պահանջով» «Իշխանությունը մաքրելու» մասին օրենք է ընդունել: «Լյուստրացիա» լատինական բառը հենց «մաքրման» իմաստն ունի, բայց տվյալ դեպքում խոսքն, ինչպես երեւում է, ավանդական «լյուստրացիայի» մասին չէ, որը, մասնավորապես, 90-ականների սկզբին կիրառվում էր Արեւելյան Եվրոպայում: Ուկրաինացի պատգամավորները որոշել են ստուգումների ենթարկել պետական պաշտոնների հավակնորդներին ոչ թե կոմունիստական կուսակցության կամ «կագեբեի» հետ կապերը պարզելու համար, այլ այն տեսանկյունից, թե ովքեր ինչ պաշտոններ են զբաղեցրել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ժամանակ: Նման մոտեցումն, իմ կարծիքով, նույնքան վիճահարույց է, որքան «հակակոմունիստական» լյուստրացիան:

Նախ՝ Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն Յանուկովիչի իշխանության ժամանակ աշխատել էր տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի պաշտոնում, նրան «ստուգե՞լ են» նախագահ ընտրելուց առաջ: Երկրորդ՝ ովքե՞ր են այն «դատավորները», որոնք որոշելու են, թե որքան խորն է եղել այս կամ այն մարդու համագործակցությունը Յանուկովիչի ռեժիմի հետ: 1991 թվականին Գերմանիայում, օրինակ, «հետկոմունիստական» լյուստրացիայի ժամանակ գործում էր Գաուկի հանձնաժողովը՝ բողոքական պաստոր եւ իրավապաշտպան Յոահիմ Գաուկն ու իր աշխատակազմն էին որոշում, թե նախկինում Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում ով եւ ինչպես է համագործակցել «Շտազի» կոչվող «կագեբեի» հետ: Այդ մարդն այնքան հեղինակավոր էր, որ 2012-ին դարձել է Գերմանիայի նախագահ՝ գրեթե խորհրդանշական, բայց շատ հարգված պաշտոն:

Ուկրաինայում եւ հետխորհրդային որեւէ այլ երկրում կա՞ այնպիսի հեղինակություն, որի որոշումներն ընդունելի կլինեն հասարակության մեծ մասի համար եւ չեն դիտվի որպես մի թայֆայի կողմից մյուսի հետ հաշվեհարդար: Եվ վերջապես՝ եթե խոսքը «Մայդանի հեղափոխության» ժամանակներից սկսած կատարած հանցագործությունների մասին է, ապա դա զուտ իրավական խնդիր է, եւ դատարանի (ոչ թե «լյուստրացիոն հանձնաժողովի») առաջ պետք է կանգնեն ոչ միայն Յանուկովիչի շրջապատի «ուժային կառույցների» ներկայացուցիչները, այլ նաեւ «Պրավի սեկտորը» եւ ազգայնական այլ խմբավորումները, օրինակ՝ նրանք, ովքեր փողոցում շղթաներով կապել էին Վոլինսկի մարզի ղեկավարին եւ խոշտանգում էին նրան, եւ դա ուկրաինացի ազգայնականների ամենասարսափելի հանցագործությունը չէ: Բայց դա արդարադատութան խնդիր է, ոչ թե քաղաքականության:

Հետաքրքիր փաստ անցյալից. արեւելաեվրոպական առաջնորդները, ովքեր պայքարում էին կոմունիստական ռեժիմների դեմ եւ տուժել էին դրանցից` Լեհ Վալենսան, Վացլավ Հավելը, Ժելյու Ժելեւը, դեմ էին լյուստրացիային եւ ձգտում էին «ապակոմունիստացման» գործընթացը պահել հնարավորինս նեղ շրջանակներում՝ նույն հաշվեհարդարներից եւ մատնագրեր գրելու համընդհանուր ցանկությունից իրենց քաղաքացիներին հետ պահելու նպատակով: Այդ լիդերները կարողացել էին հաղթահարել իրենց այլախոհական «աբիժնիկությունը» եւ մտածել պետական կատեգորիաներով՝ հասկանալով, թե ինչ է նշանակում արթնացնել ամբոխի մթին բնազդները:

Անցյալի հանցագործությունների նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի կայուն-անհանդուրժող. եթե կան դրանք իրականացնողերը, ապա նրանք պետք է կանգնեն դատարանի, ոչ թե «ժողովրդական տրիբունալի», ոչ թե «անցումային արդարադատության», այլ «սովորական»՝ քրեական գործեր քննող դատարանի առաջ: Եթե խնդիրը քաղաքական է՝ որտե՞ղ է մարդն աշխատել, կապ ունեցե՞լ է հատուկ ծառայությունների, կուսակցությունների հետ, ի՞նչ է ասել, ի՞նչ է գրել՝ այս ամենի հանդեպ վերաբերմունքը պետք է լինի առավելագույնս հանդուրժողական:

Մեզ նման տաքարյուն հարավային ազգերի համար, որտեղ առավել հավանական է «քաղաքական վենդետայի» վտանգը, կիրառելի է, հավանաբար, իսպանական փորձը: 70-ական թվականների կեսերին՝ գեներալ Ֆրանկոյի մահվանից հետո, բոլոր կուսակցությունները կոնսենսուսի սկզբունքով որոշում են ընդունել՝ փոխադարձաբար ներել անցյալի մեղքերը: Ճիշտ է, ամբողջությամբ ամոքել անցյալի վերքերը իսպանացիները, միեւնույն է, չկարողացան:

…2005 թվականին Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ առաջարկել էին «լյուստրացիայի» յուրահատուկ տարբերակ. արգելել զբաղվել քաղաքական գործունեւթյամբ բոլոր նրանց, ովքեր երբեւէ մասնակցել են ընտրությունների կեղծմանը: Պատկերացնո՞ւմ եք, եթե Հայաստանում նման օրենք ընդունվեր: Մեզ մոտ գրեթե ոչ մի քաղաքական կուսակցություն կամ գործիչ չէր մնա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930