Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղանդավորը» հայ չէ՞. ազգը պառակտում են «աղանդավորները», թե՞ դրա դեմ պայքարողները

Հոկտեմբեր 06,2014 10:50

Մինչ կաթոլիկ աշխարհում Հռոմի պապը սեր է քարոզում բոլոր քրիստոնյաների միջև՝ անկախ նրանց կրոնական կազմակերպությունների պատկանելությունից, անգամ հայտարարելով, որ պատրաստ է ընդունել ու մկրտել այլմոլորակային մարսեցիների, Հայաստանում դեռ շարունակում են հայերին բաժանել՝ «աղանդավորականների» ու «իսկական հայերի»:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Դեռ անցյալ տարի Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հայտարարությունից հետո, թե աթեիստ (կամ աղանդավոր) հայը լիարժեք հայ չէ, առավել խորացավ կրոնական տարբեր կազմակերպություններում իրենց հավատը գտած հայերի ու Առաքելական եկեղեցու միջև անջրպետը:

Սրան էլ գումարվեց Միացյալ երիտասարդական լիգայի հրապարակած «հայտնի աղանդավորների» ցուցակը, որում ընդգրկված էին շուրջ 30 հայտնի հաղորդավարներ, դերասաններ, երգիչ- երգչուհիներ: Ոմանք բողոքեցին, ներողություն պահանջեցին, սակայն իրավական որևէ գործընթաց չհետևեց զրպարտությանը և «աղանդավորների» հալածման նոր շրջան սկսվեց Հայաստանում:

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ նման բացասական և կեղծ նյութեր տարածելը իրավական պետության համար առիթ պետք է հանդիսանար պատասխանատվության ենթարկելու այդ կազմակերպությանը, որը միջամտել է ուրիշների անձնական կյանքին և վիրավորել նրանց:
Այդ ցուցակում ընդգրկված հայտնիներից մեկն էր նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը, ով պարզապես անակնկալի էր եկել և ապշել իր անունը այդ ցուցակում տեսնելիս:

«Ես քրիստոնյա մարդ եմ, հայ առաքելական եկեղեցու զավակ ու մկրտված իմ եկեղեցում: Իմ անունը ներառելը այդ ցուցակում պարզապես սուտ էր, կեղծիք ու ապատեղեկատվություն: Ոչ մի դույզն ի նշույլ չկար այդտեղ, և ես չէի կարող չարձագանքել դրան, քանի որ դա ինձ խիստ վիրավորել էր: Ես, իհարկե, չէի կարող իմ ողջ գործերը թողնել ու ընկնել դատական գործընթացներ մեջ, և ուղղակի պահանջեցի, որ նրանք ներողություն խնդրեն ինձից: Նրանք մի քանի օրվա ընթացքում բանավոր և գրավոր կերպով ներողություն խնդրեցին, ինչը ես համարեցի բավարար»,-ասում է Տիգրան Ներսիսյանը:

Տիգրան Ներսիսյան եւ Նելլի Խերանյան

Տիգրան Ներսիսյան եւ Նելլի Խերանյան

Դերասանը կարծում է, որ էթիկայի նորմերը ոչ ոք իրավունք չունի անցնելու և վիրավորելու այն մարդկանց, ովքեր հաճախում են կրոնական կազմակերպություններ:

«Այդ ցուցակում մարդիկ կային, ովքեր չէին էլ հերքում, որ իրենք այցելում են ինչ որ կրոնական կազմակերպություններ: Նախ պետք է ասել, որ դա բոլորի իրավունքն է: Դա մարդու իրավունքն է, թե ինքը ինչ հավատքի է, ինչ եկեղեցու է ծառայում և որն է իր հոգու կանչը: Դա մարդու ազատությունն է, և եթե քննարկում են այդ մասին, կամ գրում, պետք է էթիկայի սահմաններում լինի: Բայց կրոնական կազմակերպություններ այցելողները նույնպես պետք է պահպանեն էթիկայի կանոնները և ագրեսիա չցուցաբերեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատկանում են հայ առաքելական եկեղեցուն»,-ասում է Ներսիսյանը:

Այնուհանդերձ, նման հայտարարությունից հետո, հայտնի անձանց մասին որևէ այլ թեմայով հրապարակումները սկսում են կրկին առիթ հանդիսանալ հանրության որոշ զանգվածի համար՝ այդ մարդկանց խարազանելու, քննադատելու ու կրկին վիրավորելու նպատակով՝ սոցիալական ցանցերում գրառումներ և մեկնաբանություններ թողնելով:

Իրավապաշտպան Իշխանյանը կարծում է, որ ընդհանրապես Հայաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունն ու բացասական վերաբերմունքը գալիս է մարդկանց իրազեկվածության պակասից, երբեմն նույնիսկ տգիտությունից:

«Մարդկանց մեջ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ փողոցում փակցված վահանակներով, թե՛ նույնիսկ քաղաքական այրերի շուրթերից քարոզչություն է տարվում, որ հայը պետք է նույնացվի հայ առաքելական եկեղեցու հետ: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, օգտագործելով պետական հովանավորությունն ու լծակները, անընդհատ խոսում են կրոնական փոքրամասնությունների դեմ: Շատերը սուտ լուրեր են տարածում կրոնական կազմակերպությունների մասին ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ դրանք սարսափելի աղանդներ են: Ու այդ ամենը արվում է միակողմանի: Հակառակ կողմին շատ քիչ է տրվում եթեր: Բանավեճեր գրեթե չեն լինում հեռուստատեսությամբ և միակողմանի քարոզչությունը մարդկանց մեջ բացասական տպավորություն է թողնում»,-ասում է Իշխանյանը:

Իրավապաշտպանը մեծ վտանգ է տեսնում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ձևավորված անհանդուրժող մթնոլորտի մեջ ՝ նշելով, որ հասարակությունում այն շոշափելի պառակտում է մտցնում:

Նա կարծում է, որ այս պարագայում պետությունը պետք է չեզոք վերաբերմունք ցուցաբերի բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ և հետևի Սահմանադրությանը, քանի որ Հայաստանը աշխարհիկ պետություն է և կրոնը անջատ է պետությունից:

Ըստ ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածի՝ ՀՀ-ն երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Իսկ Սահմանադրության մեկ այլ՝ 14.1 հոդվածի համաձայն, բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Իշխանյանը կարծում է, որ չնայած Սահմանադրությամբ հաստատված նորմերին, Հայաստանում հավատաքննություն է տեղի ունենում:

«Մարդկանց կարևոր իրավունքներից մեկը դա կարծիք ունենալու իրավունքն է նաև կրոնի միջոցով: Իսկ այսօր մենք մարդուն կարծիք ունենալու իրավունքից զրկում ենք: Օրենսդրության առումով Հայաստանում Սահմանադրության հոդվածները ամրագրում են այդ հավասարության, դավանանքի ազատության սկզբունքը, բայց Հայաստանում չկա խտրականության արգելքի մասին օրենք, որ ավելի մանրամասներ խտրականության հետ կապված հարցերը»,-հավելում է Իշխանյանը:

Այսօր Հայաստանում գործում է պետական գրանցում ունեցող շուրջ 65 կրոնական կազմակերպություն:

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն ասում է, որ սխալ կլինի ասել, թե Հայաստանում կրոնական ազատություն գոյություն չունի, բայց ակնհայտ է, որ կան դեռևս կարգավորում պահանջող խնդիրներ:
«Այս հարցն ունի ոչ միայն իրավական, օրենսդրական, այլ նաև սոցիալ-հոգեբանական, կարծրատիպային հարթություն: Երբեմն հավատացյալ մարդիկ իրենց աշխատավայրերում, կրթական հաստատություններում, պետական համակարգում ոչ բարյացակամ վերաբերմունքի են արժանանում հենց հոգեբանական կարծրատիպերի պատճառով, ինչպես` օրինակ, եթե դու Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չես, ուրեմն աղանդավոր ես, ուրեմն չես սիրում քո երկիրը, քո ազգը և այլն»,-ասում է Լուսյանը:

Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեր Եսայի քահանա Արթենյան

Երևանի՝ Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը հակառակ կարծիքին է:

Նա լուրջ վտանգ է տեսնում կրոնական կազմակերպությունների գոյության մեջ և նշում, որ դրանք չար սերմեր են թողնում հասարակության մեջ:

«Առաջին հերթին պառակտում են մտցնում հասարակության մեջ, երկրորդ հերթին հոգու իրական, ճշմարիտ փրկությունից շեղում են: Թշնամական վերաբերմունքի մեջ հայ առաքելական եկեղեցուն են միշտ մեղադրում, բայց իրականում այդ թշնամանքը և այդ պառակտման սերմերը գալիս են հենց աղանդավորական կազմակերպություններից, որոնք չափազանց ագրեսիվ են տրամադրված բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կազմակերպության անդամ չեն»,-ասում է Տեր Եսայի քահանան:

Նա կարծում է, որ կրոնական կազմակերպությունների նկատմամբ հասարակության մեջ ոչ թե անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այլ դա իրենց սեփական հավատքով պայմանավորված դիրքորոշումն է:

«Այն, որ աղանդավորները փողոցում ամեն անգամ անհանգստացնում են մարդկանց, քարոզչություն անում ու մարդիկ դրա դեմ ոչինչ չեն կարողանում անել, միևնույն է աղանդավորները բողոքում են ու վայնասուն բարձրացնում, որ իրենց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք կա: Բայց այդ անհանդուրժողական վերաբերմունքը ավելի շատ իրենցից է գալիս»,-հավելում է Տեր Եսային:

Իրավապաշտպանները կարծում են, որ քաղաքակիրթ, համերաշխ հասարակության մեջ բացարձակապես ոչ մեկին չպետք է հետաքրքրեր, թե ով է հավատացյալ, ով ոչ, ով աթեիստ և ով՝ այլ եկեղեցու անդամ, քանի որ դա մարդու անձնական կյանքն է:

«Այդ մարդիկ պետք է դատարան դիմեն, եթե նրանց վիրավորում են, կամ խտրական վերաբերմունքի արժանացնում: Սակայն բացի Եհովայի վկաներից, մյուս կրոնական կազմակերպությունները խուսափում են պետության հետ առնչվելուց, և երբ որ նրանց նկատմամբ ոտնձգություններ են լինում, կամ վիրավորանքներ են հնչեցվում, նրանք փորձում են բանակցություններով հարթել հարցը և ոչ թե գնալ իրավական ճանապարհով: Ու շատ ավելի են ներփակվում իրենց համայնքների մեջ»,-ասում է Իշխանյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    աղանդավորները և միայն աղանդավորները !

  2. Hay Mard says:

    Վայ էսինչ խորը և համակարգված վերլուծություն էր, այ դա մալադեց է, մալադեց ասինք ու պրծանքի …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031